Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Ճեպազրույց, որ ցնցել է լեզվաբաններին եւ ոչ միայն

Նոյեմբեր 07,2014 17:30

Գալուստսահակյանական նոր «գոհարներ»

Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ աշխատող Գալուստ Սահակյանի, ներողություն արտահայտությանս համար՝ մտքերին էլ չեմ անդրադառնալու: Բայց ամեն անգամ էդ մարդը, անկախ իմ կամքից, ներս է խուժում հեռուստացույցից, կայքերից, թերթերից. ներս է խուժում ու մի անկապ բառակույտ արտաբերում: Եվ ամեն անգամ կրկին ու նորից արդարացնում է այն հայտնի միտքը, որ այս կամ այն մասնագիտության դիպլոմ ստանալն ու այդ մասնագիտության մասին գաղափար ունենալը միեւնույն բանը չեն: Էն հայտնի անեկդոտի նման, երբ Պոլիտեխնիկի մեքենաշինականը ավարտած ու դիպլոմայինը գերազանց պաշտպանած շրջանավարտը պաշտպանությունից հետո դիմում է իր պրոֆեսորին, թե. «Պրոֆեսոր, այ, հինգ տարի էս մասնագիտությունը սովորեցի, դիպլոմայինն էլ գերազանց պաշտպանեցի, բայց մի հարց մութ մնաց. ասացեք, խնդրում եմ, եզները շոգեքարշի ա՞ջ կողմից են լծում, թե՞ ձախ…»:

Հիմա մեր հերոսն է՝ Գալուստ Սահակյանը, որ ըստ ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական կենսագրության՝ կրթությամբ բանասեր է, ընդ որում՝ դասավանդել է դպրոցներում, ենթադրաբար՝ հայոց լեզու եւ գրականություն… Ստացվում է, որ դիպլոմ է ստացել, դասավանդել է, բայց էդպես էլ չի հասկացել, թե հայերենում բառերն ինչպես պետք է կապել իրար, որ միտք ստացվի, ու մտքերն էլ իրար հետեւից տրամաբանված շարվեն: Չգիտի, հո զոռով չի, մարդուն համալսարանում էդպես էլ չեն բացատրել, թե «եզները շոգեքարշի որ կողմից են լծում…»:

Ահավասիկ սույն պարոնի վերջին ճեպազրույցի «գոհարները», որ առատորեն ներխուժել են լրատվամիջոցներ:

«Գոհար» առաջին. «Այսինքն՝ նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաներով են ապրում, փորձում են, որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի, իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ուր է տանելու… Մենք կարծում ենք՝ նույնիսկ սահմանադրական փոփոխության առկայությամբ՝ մեր երկիրը սոցիալական երկիր է լինելու եւ այդ ճանապարհով է գնալու»:

Տրամաբանության դասախոսները թող զուր չչարչարվեն՝ տեսնելու «իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ուր է տանելու…»-ի տրամաբանական կապը նախորդ բառակույտերի, առավել եւս՝ բազմակետից հետո ընկած բառերի միջեւ… Ավելի ճիշտ կլինի, եթե դասախոսները (բանասերներն ու տրամաբանության մասնագետները) դասերի ժամանակ սույն պարոնի այս եւ հետագա «խոսքերը» մեջբերեն իբրեւ դասական օրինակ, թե ինչպես չի կարելի հայերեն նախադասություններ կազմել..

«Գոհար» երկրորդ. «Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի եւ դա ընդունում ենք, թե չենք ընդունում, համենայնդեպս կառավարման այն մոդելը, որը Հայաստանում իրագործվել է անկախությունից սկսած, նման ենթադրությունների գնալը, կարծում եմ, անտեղի աշխատանք է»:

Հա˜, ես հասկացա բանն ինչ է… Գալուստ Սահակյանը ոչ թե անտրամաբանական է խոսում, այլ նրա սուր միտքը (հազար ներողություն) պարզապես լեզվից առաջ է ընկնում, այսինքն՝ լեզուն չի հասնում, էլի, մտքի հետեւից, դրա համար էլ այ սենց է ստացվում, իսկ էդ չարամիտ ու նենգադավ լրագրողները բռնում ու հենց էդպես էլ ներկայացնում են, որպեսզի զավեշտալի իրավիճակի մեջ դնեն ծերուկին: Հիմա պա՞րզ է, թե ինչու է Ազգային ժողովում որս սկսվել լրագրողների դեմ. փորձեր են արվում սահմանափակելու ոմանց մուտքը, որպեսզի ԱԺ նախագահին ահա այսպես չվարկաբեկեն…

«Գոհար» երրորդ. «Ցանկացած կուսակցության նպատակն է գալ իշխանության: Հստակ ծրագիր է պետք, որն ընդունելի կլինի հասարակությանը, եթե լավ ծրագրեր ունի ընդդիմությունը կամ քաղաքական տարբեր ուժեր, նախ եւ առաջ պետք է աշխատեն հասարակության հետ: Դա է պատճառը, որ մեկնարկը սկսեց նրանից, որ շտաբներ բացեն եւ փորձեն իրենց տեսակետերը հասարակությանը ներկայացնել: Այսինքն՝ իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար» (նույն տեղում):

Հասկացա՞ք, քանի որ ցանկացած կուսակցություն ուզում է իշխանության գալ, պիտի շտաբներ բացի, այսինքն՝ իշխանության երազներն ու իրականությունը չեն համատեղվում: Դե, մոտավորապես քաջարի զինվոր Շվեյկի նման, երբ մի գեղեցիկ շենք նկարագրելուց հետո առաջարկում է որոշել, թե երբ է մահացել դռնապանի տատը:

Ասում են՝ լեզվաբանները, ցնցված սույն պարոնի (Շվեյկի չէ, Գալուստ Սահակյանի) լեզվաշինության (բառի եւ ուղղակի, եւ ամենագռեհիկ իմաստներով) գլուխգործոցներից, որոշել են նոր ուղղություն ստեղծել. «գալուստաբանության», որպեսզի ուսումնասիրեն, թե հոգեդարձով քաղաքական ասպարեզ ելնողները ինչ եւ ինչպես են խոսում: Ու այդ ուսումնասիրության հիման վրա կգրեն մի ուղեցույց վաղվա այն ծերուկների համար, որոնց, ըստ սահմանադրական հիերարխիայի, երկրորդ պաշտոն կհանձնվի՝ միայն ապահով ծերություն վայելելու համար:

Ուղեցույցում, ասում են, ընդամենը մի պատվիրան է լինելու. «Մի՛ փորձիր խոսել…»:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Բռավ, Մեսրոպ ջան, հոգուս խորքից խոսեցիր…
    Այդ ,,հոգեդարձված,, Գալուստը և մյուս հոգեգալստականները խայտառակել են երկրրը և այլասերել` գիտությունն ու կրթությունը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930