Կապանի տարածաշրջանում այս տարի վառելափայտով տներ ջեռուցողների թիվն ավելացել է: Վերջիններս մեկնաբանում են, որ գազով եւ էլեկտրաէներգիայով տուն ջեռուցելն ավելի թանկ է, քան վառելափայտով: «Ամբողջ ձմեռվա համար ես 5 խմ փայտ եմ առել 14 հազար դրամով, բայց եթե գազով ջեռուցեի՝ ամենաքիչը 30 հազար դրամ թանկ պիտի վճարեի, բացի էդ էլ գազը տունը նորմալ չի տաքացնում առաջվա նման, պլիտա միացնելն էլ վերջին թանկացումից հետո հեչ ձեռնտու չի», – ասաց Կապանի բնակիչ Մարտունը: Նախորդ տարվա համեմատ`թանկացել է նաեւ վառելափայտը: Պատրաստի կտրված վիճակում վառելափայտը տարածաշրջանում վաճառվում է 13-14 հազար դրամից սկսած` նախորդ տարվա 11-12 հազար դրամի փոխարեն:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանից տեղեկացանք` որ այս տարի կանգուն ծառի 1 խմ-ն արժե 9 հազար 720 դրամ, իսկ անցած տարի 1 խմ-ն արժեր 6 հազար 480 դրամ:
Գարիկ Միրզոյանի խոսքով` այս տարի ավելացել է ապօրինի հատված ծառերի թիվը: Նախորդ տարի հոկտեմբերի 30-ի դրությամբ 109 ծառ էր ապօրինի հատվել, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում` 200 ծառ: Հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքերը հիմնականում գրանցվել են գյուղերի հարակից անտառներում:
«Այս տարի եւս պետության կողմից 8 խմ անվճար թափուկ կտրամադրվի գյուղերի բնակիչներին», -ասաց զրուցակիցս եւ նշեց, որ շարունակում են խիստ հսկողություն իրականացնել անտառտնտեսության տարածքներում:
Կարդացեք նաև
Ւսկ գյուղերի բնակիչները մշտապես դժգոհել են, որ վաճառվող վառելափայտի գինը բարձր է իրենց գրպանի համար, իսկ տրամադրվող թափուկով մի ամբողջ ձմեռ տան ջեռուցումն ապահովել ուղղակի հնարավոր չէ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ