Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները Աշոտին տարան ոտաբոբիկ, հետ ուղարկեցին ոստիկանի դամաշնիկներով». Պատմում է բերման ենթարկվածի կինը

Նոյեմբեր 06,2014 21:54

«Ամուսնուս տարան ոտաբոբիկ, քաշեքաշ, հետ բերեցին ոստիկանի դամաշնիկներով»,- Aravot.am-ին պատմում է նախագահական նստավայրի դիմաց չորս անչափահաս երեխաների հետ օրեր շարունակ նստացույց արած Հեղինե Մակարյանը:

Հիշեցնենք, որ տան խնդրով նախորդ տարվա հոկտեմբերի 28-ից Հեղինե Մակարյանն ու ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը, գիշերում էին Բաղրամյան 26-ի բակում՝  բաց երկնքի տակ: ՌԴ նախագահ Պուտինի այցի նախաշեմին էլ ոստիկանները նրանց տուն «քշեցին»: Ոստիկանների գործողություններն էլ նրանք այժմ վիճարկում են Վարչական դատարանում:

Այս գործով դատական նիստից հետո Հեղինե Մակարյանը վրդովվել էր , որ ոստիկանության ներկայացուցիչները դատարանում իրեն սուտ խոսելու մեջ էին մեղադրում, երբ պատմում էր նախագահական նստավայրի դիմացից իրենց ոտաբոբիկ քշելու մասին. «Մենք տանն էինք, երբ ամուսնուս բերեցին՝ ոստիկանի դամաշնիկներ հագած, որը նույնիսկ փոքր էլ էր: Ծիծաղեցի, հարցրի՝ որտեղից ես հագել, ասաց ոստիկանությունում են տվել:

Ոստիկանությունը  միշտ իր կեղտերը   փակելու է, բայց ամոթն էլ է լավ բան, երբ ծնողին մեղադրում են, թե մայրը իր երեխային մոռացել է նստացույցի վայրում: Էդ ինչ է՝ մենք ճագա՞ր էինք, ինչ էինք, որ մեր երեխաների քանակն էլ մոռանայինք: Քնաթաթախ եկել են, բոլորիս ծեծի ենթարկելով տանում են, ոնց կարող էի իմանալ երեխաս այնտեղ է, թե այնտեղ չէ»:

Անդրադառնալով ոստիկանության ներկայացուցչի պնդումներին, թե Խուդոյանին ու նրա ընտանիքին տարհանել են, որովհետեւ բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ նրանք պատրաստվում են անկարգություններ անել, տիկին Մակարյանն ասաց.«Էլի ոստիկանության կողմից է եղել ահազանգը, իրենք են կազմակերպել ու կարող էին սարքել, թե իբր զանգեր են ստացել, իբր թե մեր առողջության, անվտանգության մասին են մտածում: Նոյեմբերի 28-ից մինուս 4 աստիճանում նստած էինք, մեր առողջության մասին ոչ ոք չէր մտածում, հենց Պուտինի գալու ժամանակ մտածեցին ու լուսաբացին, քնած ժամանակ մեր մասին հոգ տարան, Աշոտի ոտքին ու ձեռքին հարված հասցնելով: Շա՜տ հոգատար ոստիկանություն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930