Այսօր «Ժողովուրդը» եռյակի սկսած ժողովրդական շարժման հետ կապված հնարավոր սցենար էր հրապարակել, ըստ որի՝ շուտով ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ լինելու են բանակցություններ: Այդ բանակցությունների արդյունքում կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ ՀՀԿ-ն կհրաժարվի սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանի կառավարման կարգը փոխելուց, իսկ ԲՀԿ-ն կհամաձայնի, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, առավել եւս, որ այդ փոփոխություններով խորհրդարանը կդառնա 100 տոկոս համամասնական:
Ընդ որում, խոսք է գնում այդ ամենը իրականացնելու շատ սեղմ ժամկետների մասին: 2015-ի փետրվարի սկզբին կարող են հաստատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այն կդրվի հանրաքվեի, ասենք, 2015-ի ապրիլի կեսերին, իսկ արդեն հունիսի վերջին կարող են տեղի ունենալ ԱԺ ընտրությունները։ Դրանց արդյունքում իշխանական կլանի կեսերը կորոշեն, թե ով է «առաջինը», եւ ով՝ «երկրորդը», ու ըստ այդմ, կբաշխվեն դերերը։
Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է իրատեսական այս սցենարը եւ առաջիկայում բանակցություններ նախատեսվո՞ւմ են ՀՀԿ-ի հետ: Նա պատասխանեց. «Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հայտարարություն: Ես կոչ եմ անում ուշադիր կարդալ այդ հայտարարության տեքստը: Եթե դուք այնտեղ կգտնեք գոնե մեկ բառ այդ սցենարին մոտ, այն ժամանակ կխոսենք: Մեր շարժումը շարժվելու է այսօր ընդունված քաղխորհրդի որոշման հիման վրա, այն որոշումների հիման վրա, որը կիրականացվի եռյակի կողմից: ԲՀԿ-ի այսօրվա քաղխորհրդի որոշումը հենց ճանապարհային քարտեզի բաղկացուցիչ մասն է, թե ինչպիսի քայլեր ենք մենք ձեռնարկելու՝ շտաբերի բացման աշխատանք եւ այլն: Համենայնդեպս նշեմ, որ ՀՀԿ-ի հետ բանակցությունների մասին խոսք այնտեղ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ