Տաթեւիկ Դավթյանի խոսքերով` փոփոխությունների նոր տարբերակում իրենց պահանջների մի մասը բավարարվել է:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին, հայտարարել էր, որ կառավարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխության նոր տարբերակ է ներկայացրել: Ըստ այդ փոփոխության` աշխատող հղիների համար նպաստը մնացել է նույնը` 100 տոկոս, իսկ չաշխատող հղիները կստանան նպաստ նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափով:
«Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախագծի վերջնական տարբերակը հրապարակված չէ: Նա հավելեց, որ երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակցից ճշտել է, թե ե՞րբ հասանելի կլինի նախագծի վերջնական տարբերակը, պատասխանել են, որ հիմա աշխատանքներ են տարվում, եւ հաջորդ շաբաթվա ընթացքում հասանելի կլինի. «Ըստ շրջանառվող լուրերի` մեր պահանջի մի մասը բավարարվել է. մարդկանց մեծ մասը կստանա 100 տոկոս փոխհատուցում, բայց քանի որ վերին շեմ է սահմանվել, մենք պահանջում ենք, որ վերին շեմ չլինի, որովհետեւ մենք կարծում ենք, որ կինը, եթե աշխատում է եւ բարձր աշխատավարձ է ստանում, ինքը մուծում է նաեւ բարձր հարկեր, պետական բյուջեի մեջ տարիներ շարունակ մեծ ներդրում է ունենում: Բոլորովին անհիմն է եւ անարդար»:
Նա նշեց, որ նման մոտեցումը նշանակում է խտրական մոտեցում ցուցաբերել բարձր վարձատրվող կանանց նկատմամբ, որովհետեւ նրանք կդառնան գործատուի համար անցանկալի աշխատողներ. «Գործատուն շահագրգռված չի լինի բարձր վարձատրվող կնոջ իր մոտ պահել, քանի որ այդ բեռի մի մասը ինքն էլ պետք է կրի, առանց այդ էլ բավականին մեծ աշխատավարձ է վճարում կնոջը, ֆիզարձակուրդում գտնվող կնոջը պետք է փոխարինող գտնի, նրան տա աշխատավարձ: Այսինքն` ե’ւ գործատուն է ընկնում բարդ դրության մեջ, ե’ւ կնոջ համար ստեղծում են շատ խտրական միջավայր»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ