Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է ծառայողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավումը: Այս խնդրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ գործում է ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի հետևողական իրականացման շնորհիվ արդեն բնակարանամուտ են տոնել շուրջ հինգ տասնյակ ոստիկանական ընտանիքներ:
Այսօր կրկին տոնական էր ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճը. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ հատկացնելու մասին Ոստիկանության պետի հրամանով իրենց օջախների վկայագրերն էին ստանում ոստիկանական ևս 24 ընտանիք:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, շնորհավորելով նորամուտ տոնող երիտասարդ գործընկերներին, անդրադարձավ օրվա խորհրդին և բնակարանների հատկացման ծրագրի ընթացքին:
Բնակարանների վկայագրերը հանձնելով նորընծա տանտերերին՝ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս շնորհավորեց նրանց ցանկացած ընտանիքի համար չափազանց կարևոր իրադարձության առթիվ և ընդգծեց, որ բնակարանների հատկացման գործը, որը հանրապետության նախագահի պահանջն ու ոստիկանության ղեկավարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, ողջ ծավալով շարունակվելու է նաև առաջիկայում:
Կարդացեք նաև
Այսպիսով, ամփոփվեց ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրի ևս մեկ կաևոր փուլ, ևս մեկ տոն եղավ երիտասարդ ոստիկանական ընտանիքներում, իսկ երջանիկ տանտերերը դժվարությամբ էին բառեր գտնում իրենց ուրախությունն ու երախտագիտությունն արտահայտելու համար:
ՀՀ ոստիկանություն