Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի անօթևաններին դարձյալ դռնեդուռ են գցում

Նոյեմբեր 06,2014 18:09

ՀՀ կառավարությունը` Գյումրիի երկրաշարժից անօթևան մնացած շահառուների հարցը դարձյալ որոշել է լուծել նրանց բնակարանների գնման վկայագրեր հատկացնելով: Այսօր այս թեմայով մամուլի ասուլիս էր հրավիրել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը` մանրամասնելով ԲԳՎ-ի հատկացման պայմանները: Նա տեղեկացրեց, որ կառավարության կողմից այս տարվա համար ԲԳՎ-ներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1,5 միլիարդ դրամ գումար, այն նախատեսված է 215 ընտանիքի համար, որոնք հաշվառված են արտոնությունների 29 կետում: Իսկ այս ծրագրի շրջանակներում շահառուների թիվը մոտավորապես 444 է:

Նա նաև ասաց, որ ծրագրի տևողությունը 8 ամիս է. 2 ամիս ժամանակ է հատկացվում քաղաքացիներին դիմում ներկայացնելու, 6 ամիս էլ` վկայագրով բնակարաններ ձեռք բերելու համար: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ԲԳՎ-ով կեղծ գործարքներ էին իրականացվում, անօթևանները, դրանք վերցնելով, ոչ թե բնակարանի տեր էին դառնում, այլ ձևական առ ու վաճառք էին ձևակերպում` բանկից փողը դուրս բերելու համար, այս անգամ, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, փորձել են խստացնել պայմանները` կեղծիքները բացառելու նպատակով:

Albert_Markaryan-2
«Մենք գումարները փոխանցելու ենք բնակարանը վաճառողին, ընդ որում վաճառողին փոխանցվում է գումարի 60 տոկոսը, իսկ մյուս 40 տոկոսը փոխանցվում է մեկամսյա ժամկետում և այն դեպքում, եթե բնակիչը քանդել է իր ժամանակավոր կացարանը, դա պայմանագրում ֆիքսվում է, նաև կառավարության որոշման մեջ է ֆիքսված: Այնպես որ այս ծրագիրը միանգամից նաև հնարավորություն է ստեղծում ժամանակավոր կացարանները քանդելու և քաղաքի տարածքը մաքրելու առումով: Շահառուն ներկայացնում է իր և վաճառողի անվամբ բանկում բացած հաշիվները, որովհետև եթե նոտարի մոտ կնքված պայմանագրով պարզ երևում է, որ նա ավելի էժան է ձեռք բերել բնակարանը, այդ տարբերությունը մենք փոխանցում ենք շահառուի բանկի հաշվին, մնացածը` վաճառողի: Բացի այդ, 60 տոկոսը վաճառողին փոխանցելուց հետո բնակարանը դառնում է շահառուի անունով: Նա կադաստրի պետական գրանցման վկայականը պետք է բերի, ինչպես նաև քաղաքապետարանից պետք է բերի տեղեկանք, որ ժամանակավոր կացարանը քանդել է, մենք նոր միայն այդ դեպքում մնացած 40 տոկոսը կփոխանցենք:

Եթե հիշում եք, առաջին ծրագրի ժամանակ 80/20 տոկոս հարաբերակցություն էր սա, և որոշ մարդիկ հրաժարվում էին 20 տոկոսից, 80 տոկոսը դուրս էին բերում և համարում էին իրենց գործը ավարտված: Իսկ հիմա այսպիսի պայմաններում վաճառողը կեղծ գործարքի չի կարողանա գնալ»,- պարզաբանեց մարզպետարանի պաշտոնյան:

Այն հարցին, թե ուսումնասիրե՞լ են արդյոք բնակարանային շուկան, կկարողանա՞ն անօթևանները բնակարանների գնման վկայագրերի համար կառավարության կողմից տրամադրվող գումարով բնակարան ձեռք բերել, մարզպետարանի պաշտոնյան մանրամասնեց. «Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված են բնակարանների մակերեսները, 45 քառակուսի մետր`մեկ սենյականոց բնակարանը, 2 սենյականոցը`55, երեք սենյականոցը` 65, 4 սենյականոցը`75 քառ. մետր: Իսկ մեկ քառակուսի մետրի շուկայական արժեքը կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, մենք գրավոր հարցում ենք արել և պատասխանը ստացել ենք, 109 հազար 300 դրամ է: Եվ յուրաքանչյուր սենյակի համար մենք հաշվել ենք գները, մոտավորապես հետևյալն են`մեկ սենյականոցի համար 4 միլիոն 900 հազար դրամ, երկու սենյականոց բնակարանի համար 6 միլիոն դրամ, երեք սենյականոց բնակարանի համար 7 միլիոն 100 հազար դրամ, 4 սենյականոց բնակարանի համար 8 միլիոն 200 հազար դրամ»:
Ի դեպ, բնակարանների ձեռք բերման համար մարզպետարանը պետք է տա համապատասխան եզրակացություն. կան չափանիշներ` բնակարանները պետք է պիտանի լինեն բնակության համար, պետք է լինեն կոմունալ բոլոր հարմարություններով, և պետք է համապատասխանեն սենյակների թվով, բնակմակերեսով:

«Իմիջայլոց ասեմ, որ կառավարության որոշումը թույլ է տալիս, եթե բազմաբնակարան շենքում է բնակարան ձեռք բերում քաղաքացին, մեկ սենյակ պակաս քանակով բնակարան ձեռք բերել, ասենք 3 սենյականոց վկայագրով կարող են նաև 2 սենյականոց բնակարան ձեռք բերել: Իսկ եթե բնակելի տուն, առանձնատուն է ձեռք բերում, սենյակների քանակը սահմանափակված չէ, կարող են մի սենյակ էլ ձեռք բերել, եթե այդ տունը ունի ընդարձակվելու հնարավորություն»,- ասաց Ալբերտ Մարգարյանը:

Ըստ պաշտոնյայի, Գյումրիում բնակարանաշինության կարիք գուցե չկա այն իմաստով, որ Գյումրիում ազատ բնակարանները շատ են, և ԲԳՎ-ներ տրամադրելով` նպատակ ունեն օգտագործելի դարձնել դատարկ վիճակում գտնվող բնակարանները: Եվ առաջիկայում, ըստ նրա, «Գլենդել Հիլզի»-ն պատկանող «Մուշ» թաղամասի 1756 նորակառույց բնակարանների սեփականաշնորհման գործընթացի սկսելուն պես ի հայտ կգան նոր դատարկ բնակարաններ, որոնք կօգտագործվեն հաջորդ փուլի համար:

Հիշեցնենք, որ մոտ 10 տարի առաջ դարձյալ ԲԳՎ-ներ էին բաժանել գյումրեցի անօթևաններին, հատկացվող գումարը այնքան չնչին էր, որ մարդիկ բողոքում էին, թե բնակարանի փոխարեն հազիվ հավաբույն են ճարում: Շատերը, չտեղավորվելով 6 ամսյա ժամկետի մեջ, այդպես էլ անօթևան էին մնում: Շատերն էլ, ձևական առուվաճառք իրականացնելով, ասենք բարեկամի բնակարանը իր անունով դարձնելով ու բանկից գումարը ձեռք բերելով, վերցնում էին փողը ու արտագաղթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930