Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ միասին, նոյեմբերի 15-ին ինքնատիպ համերգ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Իբրեւ մենակատարներ հանդես կգան երկու հայ, երկու ֆրանսիացի դաշնակահարներ՝ Վահան Մարտիրոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, Տրիստան Պֆաֆֆը եւ Օլիվյե Պեյրբրյունը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ նման համերգ ունենալու գաղափարը ծագել է այս տարի Ժնեւի «Վիկտորիա Հոլլում» կայացած հյուրախաղային մի համերգից հետո, որտեղ Բախի դաշնամուրային կոնցերտով հանդես եկան 4 դաշնամուր, ընդ որում՝ դաշնակահարներից երեքը շվեյցարացի էին, մեկն էլ ինքն էր: «Մտածեցի, որ եթե նման համերգ անում ենք Շվեյցարիայում, ուրեմն ինչու չանել նաեւ Հայաստանում: Միակ խնդիրն այն էր, որ պետք էր գտնել դահլիճ, որտեղ չորս դաշնամուր լինի, բարդություններով, բայց կարողացանք գտնել չորս գործիք Ֆիլհարմոնիայում, հիմա պետք է աշխատենք ծրագրի վրա: Չորս դաշնամուրի համար գրված շատ ստեղծագործություններ չկան, այնպես որ ստիպված ենք Բախի նույն կոնցերտները նվագել»,-ասում է Վահան Մարտիրոսյանը:
Համերգը կսկսի մեկ դաշնակահար, այնուհետեւ նրան կմիանան երկրորդը, երրորդը, չորրորդը: Համերգի վերջում կհնչի Ռավելի «Բոլերոն», որի փոխադրումը մի քանի տարի առաջ է կատարվել, ու այն, ըստ մեր զրուցակցի, աշխարհում այդ ձեւաչափով քիչ է հնչել:
Կարդացեք նաև
Նաեւ Կաննի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ լինելով Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ միշտ հայ-ֆրանսիական կամուրջ ստեղծելու ցանկություն է ունեցել: Եվ ֆրանսիացի դաշնակահարների մասնակցությամբ նոյեմբերի 15-ին կայանալիք համերգը, դրա ապացույցն է: Ինչ վերաբերում է ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանին, նրան մաեստրոն հատուկ է խնդրել, համարում է իր սիրելի դաշնակահարներից մեկը, որի խորհուրդներին հետեւում է մինչ օրս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ