Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ս. Սմբատյան. «Խաչատրյանի անունը օգնում է, որպեսզի Հայաստանում ունենանք միջազգային մասշտաբի նախագծեր»

Նոյեմբեր 06,2014 16:57

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին։ Համերգի սկզբում ցուցադրվեց Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմ, որը ներկայացնում էր պետական, քաղաքական, ռազմական գործչի անցած ուղին։

Հետաքրքիր ցուցադրություն էր կազմակերպվել նաև դահլիճի նախասրահում. ներկայացված էին Արամ Խաչատրյանի դիրիժորական հագուստը, փայտիկը, այլ ցուցանմուշներ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ Խաչատրյանի անվան եռյակը։ Ծրագիրն էլ խաչատրյանական էր. հնչեցին կոմպոզիտորի կոնցերտները։ Հանդիսատեսն ունկնդրեց Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Կարեն Քոչարյան), Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Կարեն Շահգալդյան) և Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Արմինե Գրիգորյան)։
Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը բարձր գնահատեց Երիտասարդական նվագախմբի առաքելությունը. «Նրանք իրականացնում են շատ մեծ աշխատանք և՜ համերգների թվի, և՜ որակի, և՜ ծրագրերի ընտրության, և՜ ժամանակակից հայկական երաժշտության քարոզման առումներով»։

Թավջութակահար Կարեն Քոչարյանն էլ, խոսելով երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցության մասին, նկատեց, որ վերջիններս չեն պարտադրում սոլիստին, այլ ընդունում են մենակատարի երաժշտական մեկնաբանումները։ «Նրանք իրենց պրիզմայով անցկացնում են ուրիշի կատարումները։ Եվ որպեսզի կարողանան հասնել լիարժեք ներդաշնակության, պետք է հավատան նրան, ինչ անում է սոլիստը։ Դա նկատելի է երիտասարդական նվագախմբում»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խորհրդանշական համարեց այն, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում հանդես են գալիս Արամ Խաչատրյանի անվան եռյակի հետ։ «Մաեստրոյի անունը մեզ օգնում է, որպեսզի Հայաստանում ունենանք միջազգային մասշտաբի նախագծեր։ Այս տարի խաչատրյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ նվիրելով հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկին՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը կյանքի է կոչվում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930