Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողն անվերահսկելի է, այդ պատճառով էլ ապրանքը թանկանում է

Նոյեմբեր 06,2014 15:41

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադառնալով ձվի եւ հացի թանկացումներին նշեց. «Հիմա առաջինը տուժում է մեր գրպանը, ոչ թե առողջությունը. մեզ խաբում են եւ այդ խաբելը մենք ուսումնասիրել ենք, որը հասնում է մինչ 30% ՝ փաստաթղթի եւ իրական քաշի համեմատությամբ»:

Նա ասաց, որ երբ հացի քաշը պակասում է եւ բոլորը դրա մասին գիտեն, սպառողը չի կարող եւ պարտավոր էլ չէ հացը գնելուց կշռել եւ տեսնել գրամի տարբերությունը:

«Սպառողի կյանքը կվերածվի դժոխքի, դրանով մենք պետք է զբաղվենք, սննդի պետական ծառայությունը, մրցակցության հանձնաժողովը, որը ասել է, որ այդտեղ գերիշխող դիրք չկա եւ դա մեր ֆունկցիան չէ, հաց վաճառելուն գերիշխող դիրք չի կարող լինել»,-ասաց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ այդ ամենը գալիս է նրանից, որ ցորենի 60%-ը ներկրվում է արտերկրից. «Այն էլ բոլորս գիտենք՝ մենաշնորհային ձեւով: Հացը բաշխվում է փռերին ու խանութներին, բայց գումարը հավաքելուց պետք է գա ծածկի այդ եկած գումարը, այսինքն, սա մի շղթա է, որտեղ վերջին փուլում գերիշխող չկա»:

Պարոն Պողոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին նամակ են գրել, որն ունի հետեւյալ բովանդակությունը` պետք է համատեղ ուսումնասիրվի հացի քաշի եւ գնի համապատասխանությունը:

«Ամեն տնտեսվարող, եթե մնա անվերահսկելի ու անպատիժ` ամեն ինչ կանի, որպեսզի իր արտադրանքը ավելի թանկացնի եւ մեզ հալածի: Եթե չկա այն ձեռքը որ բռնի, եթե չկան մրցակցության պայմանները՝ բնականաբար այս վիճակը դեռ կշարունակվի»,-նկատեց Արմեն Պողոսյանը:

Նա առաջարկում է ներկրումը քվոտավորել. «Եթե ես ներկրում եմ ցորենի 90%-ը, մեկ ուրիշը շաքարավազի, ապա պետք է սահմանվի քվոտա, ենթադրենք 30% ու այդ գործարանները պետք է մրցակցեն այդ 30%-ի շուրջ: Թե չէ` բռնում տուգանում են զուգարանի թուղթ արտադրող ձեռնարկությանը, որը ճիշտ է` լավ է, բայց որ շաքարավազի գինը, ցորենի գինը չի վերահսկվում եւ չի տուգանվում, ցավալի է»:

Արմեն Պողոսյանն ասաց, որ ինչքան էլ հայտարարում են, որ օրական 900 հազար ձու է արտադրվում եւ սպառվում 700 հազարը, այնուամենայնիվ, այդպես չէ, քանի որ, ըստ նրա, հարցը թիվը չէ, այլ այն, որ այդ թիվը եւ պահանջարկը որքանով են լավ ուսումնասիրել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930