Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբուժական փակ հաստատություններից՝ այլընտրանքային կենտրոններ

Նոյեմբեր 06,2014 15:20

Հոգեբուժական նոր, համայնքային ծառայությունները Հայաստանում հասանելի կլինեն հաջորդ տարվանից

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է և Հայաստանում դա այն հազվադեպ օրերից է, երբ խոսվում է ավելի քան 46000 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին, բարձրաձայնվում են նրանց հասանելիք բուժօգնության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, սակայն հետո նորից նրանք մնում են միայնակ իրենց հիվանդասենյակներում՝ ապաքինվելու նվազագույն հույսերով:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում հաշվառված է 46.000 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ, որոնց շուրջ կեսը` 20 000-ը հաշմանդամություն ունեցող անձ է: 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ:

Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելիս նախևառաջ աչքի առաջ գալիս են փակ հաստատությունները և այն անձինք, որոնք այլևս երբեք չեն լքի դրանք: Սակայն իրականում մեր պետությունն ունի բոլոր հիմքերը և արդեն իսկ անհրաժեշտ կամք է ցուցաբերել, որպեսզի իրավիճակը ոլորտում փորձի բարելավել և հույս ներշնչել ոչ միայն այդ անձանց, այլև նրանց հարազատներին:

Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Կառավարությունը, Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ, երկու կարևոր փաստաթուղթ է հաստատել` «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ-ի Ռազմավարություն» և հարակից այդ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, ինչպես նաև Հոգեկան առողջության հայեցակարգ, որի ստեղծմանն աջակցել է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակը:

Հայեցակարգի հիմնական դրույթներից է համայնքային ծառայությունների հիմնումը, ինչը կարևոր քայլ է այս ոլորտում էական փոփոխություններ ու բարելավում ապահովելու համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյան

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյան

«Ցավոք` հոգեկան առողջության խնամքի ներկայիս գործելակերպը Հայաստանում չի համապատասխանում մարդու իրավունքների, ազատությունների և մարդավայել վարվեցողության չափանիշներին. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ հարկադրական հոգեբուժական միջամտությունների են ենթարկվում հաշմանդամության փաստի հիման վրա՝ զրկված լինելով համայնքահեն ծառայություններից օգտվելու հնարավորությունից»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը՝ հավելելով.

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ հատկապես խոցելի են, որովհետև շատ հաճախ, հայտնվելով փակ հաստատություններում, զրկվում են իրավունքներից, այդ թվում և որոշում կայացնելու իրավունքից` որտե՞ղ ապրել, որտե՞ղ կրթվել, ի՞նչ ծառայություններից օգտվել: Այս խնդիրների լուծման համար պետք է քաղաքական կամք, և ողջունելի է, որ այն հստակ արտահայտվել է Առողջապահության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված փաստաթղթերում»,- շեշտում է Պապիկյանը:

Նրա խոսքով` դրանցում մասնավորապես ներկայացված են այն ուղիները, թե ինչպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են ինտեգրվել հասարակություն և ամենակարևորը, թե ինչպես պետությունը կարող է հիմնել համայնքային ծառայություններ, որպեսզի այն մարդիկ, ովքեր փակ հաստատություններում բուժման կարիք չունեն և ավելի շատ ունեն խնամքի կարիք, սոցիալական խնդիրներ, մնան համայնքում:

Հայաստանում գործում է 10 հոգեբուժական հաստատություն, որից 5-ը` Երևանում: Սրանք համարվում են փակ հաստատություններ: Բացի այդ, մի շարք բուժհաստատություններում գործում են հոգեբուժական ` պսիխոմատիկ կենտրոններ: Վարդենիսում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ինտերնատ: Եվ այս բոլորի հետ կապված պարբերաբար մամուլում ի հայտ են գալիս սկանդալային պատմություններ` հիվանդներին ծեծի ենթարկելու, հիվանդների ինքնասպանության, որպես աշխատուժ օգտագործելու և հաստատությունների մշտապես գերծանրաբեռնված լինելու մասին:

2013թ-ի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում ևս բարձրաձայնվել էր հոգեբուժական կենտրոններում առկա խնդիրների մասին, դրանք են` գերբնակեցում, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայություն, հին կամ ժամկետանց դեղորայք, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմաններ և այլն: ՄԻ պաշտպանը առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրել նաև սննդին ու շեշտել, որ հաստատություններն անգամ կաթնամթերք չեն ստանում, ինչն ուղղակի անընդունելի է:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նարինե Խաչատրյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նարինե Խաչատրյան

Դաշտը բարեփոխելու անհրաժեշտությունը հրատապ է համարում նաև հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Նարինե Խաչատրյանը, մատնանշելով, որ համայնքահեն ծառայությունները, այլընտրանքային մեթոդները բավական արդյունավետ են:

«Անձը միայն հիվանդությունը չէ, նա ունի սոցիալական շփման, ճանաչողական պահանջ և համայնքահեն ծառայությունները հենց դրա հնարավորությունն են տալիս են` սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել մարդուն չկենտրոնանալու միայն հիվանդության վրա, այլ նպաստել, որպեսզի ընդհանուր առմամբ անձը զարգանա` ներգրավվելով առօրյային»,- կարևորեց նա:

Խաչատրյանի մատնանշմամբ` միջազգային պրակտիկայում համայնքահեն ծառայություններն ունեն նաև ուղղություններ, օրինակ` աշխատանքային թերապիա, հիգիենայի պահպանում, հմտությունների ձեռք բերում, որոնք անհրաժեշտ են անձին իր առօրյան կազմակերպելու համար:

«Մինչդեռ երբ անձը միայն հոգեբուժական ծառայություններ է ստանում և փակված է հաստատություններում, ապա այս բոլոր հնարավորություններից զուրկ է լինում, մինչդեռ վիճակագրությունը վկայում է, որ երբ տալիս ես այդ բոլոր հնարավորությունները, ապա անձը ավելի հեշտ է հաղթահարում իր հիվանդությունն ու դժվարությունները, որովհետև փակ հաստատություններում դեգրադացիա է գնում, այդտեղ աշխատում են ոչ թե անձի հետ, այլ բուժումը տարվում է կոնկրետ սիմպտոմի, հիվանդության հետ, բայց չէ՞ որ մարդն է հիվանդություն կրողը»,- ընդգծում է նա:

Հոգեբուժարաններին այլընտրանքներ ստեղծելու գաղափարը նոր չէ աշխարհում, սակայն Հայաստանում այն դժվարությամբ է առաջ գնում և ոլորտի փորձագետները կարծում են, որ այստեղ էլ գերադասվում են ոմանց շահերը.

«Չենք կարող բացառել այն, որ շահերի բախման խնդիրը կարող է խոչընդոտել այլընտրանքային ծառայությունների ներդրմանը, սակայն գրագետ մոտեցման դեպքում կարելի է ցանկացած խնդիր հաղթահարել, ի վերջո, համայնքահեն ծառայությունների ներդրումն ու զարգացումը կօգնի նաև փակ հաստատություններին, որովհետև մասնագետները «մասնագիտական այրման» խնդիր ունեն, իսկ այլընտրանքը կօգնի թեթևացնել այդ լարվածությունը: Եվ, բացի այդ, նույն փակ հաստատությունները, որոնց գործառույթն է օգնել մարդկանց, պետք է ողջունեն այս համակարգի ներդրումը»,- կարծում է Խաչատրյանը:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան

2014 թ-ին պետբյուջեից հոգեբուժական և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններին հատկացվել է 2 մլրդ 349.5 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար):
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշում է, որ մինչև բոլորովին վերջերս հոգեբուժարանները ֆինանսավորվում էին պետության կողմից ըստ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվարկով. որքան շատ հիվանդ՝ այնքան շատ փող:

Սակայն 2014թ-ից սկսած պետությունը որոշում կայացրեց հաստատությունները ֆինանսավորել որոշակի ֆիքսված գումարով, ինչը միտված է նաև կոռուպցիոն ռիսկերի և այլ խնդիրների հաղթահարմանը : Այլ կերպ ասած` հաստատություններն այլևս շահագրգռված չեն լինի մեծ թվով հիվանդ ունենալ: Ներկայումս հաստատությունները անձի հաշվարկով ֆինանսավորվում են միայն դեղորայքի և սննդի համար:

«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի պես երկրում տրամադրվող գումարը բավարար լինի ծառայությունները պատշաճ մատուցելու համար: Իհարկե քիչ է այդ գումարը, բայց ոչ բավարար ֆինանսավորման խնդիրներ կան նաև այլ երկրներում, նույն ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում»,- ընդգծում է Սողոյանը:

Հոգեկան քրոնիկ հիվանդությունների բուժման ընթացքում երկու հիմնական օղակ գոյություն ունի. բժշկական, որը ենթադրում է դեղորայքային բուժում և սրացման վիճակից դեղորայքների միջոցով անձին դուրս բերում և սոցիալական վերականգնում, որն էլ պետք է տեղի ունենա համայնքային ծառայություններում:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյան

Հոգեբան, «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ-ի ռազմավարության» մշակման խմբի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյանի գնահատմամբ` համայնքային ծառայությունների ձևավորման իմաստը հենց նրանում է, որ հոգեբանի, սոցիալական աշխատողի օգնությամբ մարդը կարողանա որքան հնարավոր է երկար իր ռեմիսիայի շրջանը պահել և կարողանա այդ շրջանում հնարավորինս լիարժեք ապրել` ինտեգրվել հասարակությանը, վերականգնել հիվանդության սրացման ընթացքում կորցրած կենցաղային ու այլ հմտությունները.
«Այսինքն այստեղ կարևորվում է ոչ այնքան բժիշկ-հոգեբույժի, սոց.աշխատողի, որքան հասարակության կամ ոչ բժշկական մեթոդների դերը: Երբ չկա վերականգնողական այդ օղակը, մարդիկ շատ արագ կանգնում են հիվանդության սրացման խնդրի առջև, իսկ համայնքային ծառայության ստեղծման դեպքում մենք նույնիսկ կարող ենք նպաստել նրան, որ փակ հաստատություններում մահճակալների քանակը պակասի, որովհետև մարդկանց սրացումները պակասելու են»,- ասում է Բաղդասարյանը:

Հոգեբանը շեշտում է, որ պատասխանատուները տեսնում են նման ծառայություն ներդնելու անհրաժեշտությունը, բայց խոչընդոտներն անշուշտ շատ են և հիմնականը՝ ֆինանսական, սակայն Բաղդասարյանն ասում է, որ խնդիրը կարելի է լուծել ֆինանսների վերաուղղորդման միջոցով, այսինքն` փակ հաստատություններում մահճակալների թվի պակասեցմամբ ավելացող գումարները ուղղորդել այս համակարգի զարգացմանը, վերականգնողական կենտրոնների բացմանը.

Սակայն ոչ պակաս դժվար հաղթահարելի խնդիր է հասարակության մտածելակերպը, որում արմատավորված է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պետք է անպայման լինեն փակ հաստատություններում, սրա ապացույցները բազում են, և անգամ հաշմանդամ և հոգեկան թեթև խնդիրներ ունեցող մանկատան շրջանավարտների խմբային տան՝ «Ջերմիկ անկյունի» նկատմամբ, որտեղ հարևանները բողոքում էին և պնդում, որ նրանք չպետք է ապրեն այլոց կողքին, չպետք է լինեն ազատ:

Բաղդասարյանն ասում է, որ համայնքային ցերեկային կենտրոն Հայաստանում գործել է դեռևս 2001 թ. և այդ մոդելն իսկապես արդյունավետ է` «ունեցել է բազմաթիվ շահառուներ, որոնց մեծամասնությունը տասնամյակի ընթացքում կա՛մ մեկ-երկու անգամ են հոսպիտալացվել, կա՛մ առհասարակ դեպի հոսպիտալիզացիա չեն գնացել»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ դրական տեղաշարժեր ակնկալելն այս ոլորտում իրատեսական է:

«Դիմել ենք Կառավարությանը, որպեսզի մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսի շուրջօրյա խնամքի կենտրոնների ստեղծումը, բայց ցավոք դա չի ընդունվել` բյուջեի միջոցների սղության պատճառով»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրել «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակի հետ, որը պետք է աջակցի այս գործընթացում, իսկ մեկ տարի ֆինանսավորումից հետո կգործի «պետություն-համայնք-հկ» եռակողմ համագործակցության ձևաչափը.

«Մի խոսքով` մենք արդեն մեկնարկել ենք, հիմնադրամի աջակցությամբ հոգեբույժները գնացել են, տեղերում գնահատել են մարդկանց: Եվ լավագույն սցենարի դեպքում ծրագրում ենք, որ առաջին նման կենտրոնը կունենանք արդեն 2015թ-ի կեսերին` առնվազն երեք կենտրոն: Դրանից հետո, հաշվի առնելով արդյունքները, կենտրոններ պետք է բացվեն նաև մնացած բոլոր մարզերում»,- հավաստիացրեց նախարարության ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ սա ոչ միայն կլուծի հոգեկան առողջության կարիք ունեցողների խնդիրները, այլև նրանց ընտանիքների հոգսը զգալիորեն կթեթևացնի և կբեռնաթափի փակ հաստատությունները:

Լ.Խ.

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930