Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Մշակված չէ այն գործնական համակարգը, թե ինչպես դպրոցի հոգեբան պատրաստել»

Նոյեմբեր 06,2014 15:04

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց «Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի նպատակն է նպաստել դպրոցական հոգեբանական ծառայության համակարգի կայացմանը:

Կոնֆերանսից առաջ, մեզ հետ զրույցում ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը նշեց, որ մեր երկրում դպրոցները հոգեբանների շատ մեծ կարիք ունեն: Անդրադառնալով դպրոցականների հետ կապված հիմնական խնդիրներին` պրն Խուդոյանը նշեց, որ շատ են երեխաների օտարման դեպքերը, սփյուռքի հայկական դպրոցներում նույնպես հոգեբանների անհրաժեշտություն կա՝ մեկուսացումից փրկելու համար. «Այսօրվա դրությամբ մշակված չէ այն գործնական համակարգը, թե ինչպես դպրոցի հոգեբան պատրաստել: Մշակվող համակարգում պետք է կիրառվի այն, թե ինչ առարկաներ պետք է անցնի եւ ինչ պրակտիկ հմտություններ պետք է ունենա դպրոցական հոգեբանը»:

Պրն Խուդոյանը նաեւ առանձնացրեց, որ պետք է մշակել դպրոցի հոգեբանական պրոբլեմների համակարգը. «Մենք չգիտենք, թե ինչ կարգի հոգեբանական պրոբլեմներ կան դպրոցներում երեխաների հետ կապված եւ պետք է միջոցներ մշակենք դրանց դեմ պայքարելու համար»:

Հոգեբանը նաեւ փաստեց այն հանգամանքը, որ տարիքով եւ ավելի փորձառու հոգեբանները չեն գնում դպրոցներում աշխատելու, միայն երիտասարդ սկսնակներն են գնում, որոնք դեռ մասնագիտացած չեն:
Կոնֆերանսի հրավիրյալների թվում էր նաեւ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը, որի տնօրինած դպրոցի 6/բ դասարանի աշակերտների ծնողները մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով։ Բանն այն էր, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի էր ենթարկում դպրոցականներին։https://www.aravot.am/2013/11/27/409217/:

Տիկին Դեմիրյանը չցանկացավ մեկնաբանել այդ դեպքը եւ դրա հետեւանքները, նշելով, որ հենց լրագրողները մեծ հնչեղություն տվեցին այդ դեպքին. «Մենք գործ ունենք երեխաների հետ, պետք է շատ զգույշ լինել»: Նա միայն տեղեկացրեց, որ այդ դասարանի երեխաները հիմա սովորում են ուրիշ դպրոցներում: Հարցին, թե իրենց դպրոցի հոգեբանը այդ աղմկահարույց դեպքի ժամանակ ինչպե՞ս օգնեց երեխաներին, նշեց, որ ծնողները չցանկացան դիմել հոգեբանի օգնությանը:

Այնուհետեւ դպրոցի տնօրենը, անդրադառնալով դպրոցներում հոգեբանական խնդիրների լուծմանը, նշեց, որ դպրոցը շատ բարդ օղակ է եւ որ հոգեբանի առկայությունը դպրոցում շատ կարեւոր է, սակայն հոգեբանը պետք է լինի խելացի եւ փորձառու: Գտնում է, որ ցանկացած դպրոց պետք է ունենա հոգեբան, որը ոչ միայն պետք է հետեւանքային ուղղություն ցույց տա, այլ հենց խնդրի սկզբից էլ զբաղվի երեխայի հետ:

ՀՊՄՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գեւորգյանի խոսքով էլ՝ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ սկսված Սպիտակի երկրաշարժից, Արցախյան պատերազմից, ոչ միայն սոցիալական եւ տնտեսական ճգնաժամերի ժամանակահատված են եղել, այլեւ խորը հոգեբանական հիմնախնդիրներով լի ժամանակաշրջան են եղել, որոնց բազմաթիվ հետեւանքային հոգեբանական խնդիրները նաեւ կրթական համակարգ են մտել. «Դպրոցը, հանդիսանալով կրթության սուբյեկտների փոխներգործման դաշտ, անդրադառնում է կրթության, դաստիարակության, անձի զարգացման եւ ձեւավորման վրա»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930