Նոյեմբերի 8-12-ը Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի՝ «Ռոլան» անունը կրող 10-րդ միջազգային փառատոնը, որը կանցկացվի ՀՀ նախագահի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը ներկայացրին փառատոնի մանրամասները:
Փառատոնի ձևաչափն այս տարի փոփոխվել է. մանկապատանեկան ֆիլմերի ժյուրիի անդամ են դառնալու հենց երեխաներն ու պատանիները, մեծահասակներն այստեղ անելիք չունեն: «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում հաղթողներին ընտրելու են Լոռու մարզի, Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանքը»՝ Գավառի մանկատան սաները: «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգի հաղթողներին կորոշեն «Թումո» ստեղծարար կենտրոնի երեխաները, իսկ «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող ֆիլմերի հաղթողին կընտրեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի , Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:
Արթուր Պողոսյանն անդրադառնալով փառատոնին, այն առանձնահատուկ համարեց՝ բոլոր՝ պատանիների ու երեխաներին առնչվող միջոցառումների նման. «Մանուկներին ու պատանիներին կրթելու, նրանց դաստիարակությունը մշակութային հենքի վրա ապահովելու խնդիրը մեզ համար իսկապես գերակայություն է: Փառատոնն այսօր նշում է իր տասնամյակը: Կարող եք կարծել, թե մեծ տարիք չէ, բայց նմանատիպ ուղղվածություն ունեցող փառատոնի համար այն արդեն ավանդական է դարձել: Սա նշանակում է, որ այն պահանջարկ ունի՝ առավել ևս երեխաների շրջանում: Փառատոնը հիմնադրվել է 2001 թվականին, և տարիների ընթացքում բովանդակային և աշխարհագրական լուրջ աճ է ունեցել: Փառատոնի նպատակը կրթաուսումնական է. այն և՛ դաստիարակում է պատանիներին ու երեխաներին, և՛ հաղորդակից դարձնում ֆիլմերին»:
Նունե Մանուկյանը հույս հայտնեց, որ այս փառատոնը կապրի ևս տասը, քսան տարի: Նրա կարևորությունը գիտակցվում է պետության կողմից և դա շատ ոգևորում է «Ռոլան» փառատոնի կազմակերպիչներին. «Տասը տարին մի եզրագիծ է, որին հասնելուց հետո պետք է հասկանաս ու վերլուծես՝ ինչ ես արել, ուր ես հասել: Այս տասը տարվա ընթացքում փառատոնի մասնակիցների թիվը հասնում է 150.000-ի, ներկայացված ֆիլմերինը՝ ավելի քան 2.000-ի: Մասնակից երկրների թիվը վաթսունից ավելի է, հյուրերինը՝ յոթ հարյուրից: Ես կարևորում եմ նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործությունը, քանի որ նրանց հետ միասին բազում ծրագրեր ենք իրագործել թե՛ փառատոնի շրջանակում, թե՛ դրանից դուրս: Նաև նշեմ, որ փառատոնն իր ձևաչափով միակն է Անդրկովկասում»:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:Երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ փակման արարողության ընթացքում: Մուտքն ազատ է:
Կարդացեք նաև
Սյունե ՍԵՎԱԴԱ