Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Ո՞վ է առաջինը կրակել, Վահե Ղուկասյա՞նը, թե՞ Արտյոմ Կարապետյանը, սա վիճելի հարց է»

Նոյեմբեր 06,2014 14:13

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, սպանության փորձ կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն:

Առաջին ատյանի դատարանը վճռել է Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով:

dat-4 Alumyan_dat-6 Alumyan_dat-5 Alumyan_dat-3 Alumyan_dat-1 dat-5
Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ ամենակարեւոր հարցերից մեկն այն է, թե ո՞վ է առաջինը կրակել. «Սա վիճելի կետ է: Վահե Ղուկասյա՞նն է առաջինը կրակել, թե՞ Արտյոմ Կարապետյանն է կրակ արձակել իր ուղղությամբ, իսկ Վահե Ղուկասյանը պատասխան կրակել է: 7 գնդակ է արձակվել ընդհանուր առմամբ: Վկաների ցուցմունքները նույնպես ապացուցում են, որ առաջինը կրակ արձակել է Արտյոմ Կարապետյանը: Այս վկաների ցուցմունքի հետ կապված դատարանը միայն պիտակավորել է վկաներին, որ Վահե Ղուկասյանին հովանավորության տակ են վերցնում: Սա գնահատական չի, սա պիտակավորում է ուղղակի:

Մեկ այլ կարեւոր վիճելի կետ է այն, որ տուժող Հարություն Խաչատրյանի աղջիկը եղե՞լ է իր հոր կողքին, երբ կրակոցները սկսվել են: Դա ծանրացնում է»:

Ըստ Հայկ Ալումյանի, դեպքից անմիջապես հետո տրված ցուցմունքները պետք է ավելի արժանահավատ լինեն: Իսկ Հարություն Խաչատրյանի աղջիկը դեպքից անմիջապես հետ այլ ցուցմունք է տվել, հետո փոխել իր ցուցմունքը: Հայկ Ալումյանը կոչ արեց, որ դատարանը նկատի ունենա Հարություն Խաչատրյանի դստեր հենց առաջին ցուցմունքը, երբ նա դեռ չէր հասցրել հոր հետ զրուցել ու նրա գնահատականները կրկնել:
Ըստ մեղադրող կողմի՝ Արմեն Շիրինյանի, առաջին կրակոցը եղել է ոչ Արտյոմ Կարապետյանի կողմից. «Դա հիմնավորվում է ոչ միայն տուժողի ցուցմունքով, այլ Հարություն Խաչատրյանի դստեր ցուցմունքով: Քնար Խաչատրյանը դատավարության ընթացքում է հրաժարվել իր առաջին ցուցմունքից»:

Շիրոյանը վստահեցրեց, որ Քնար Խաչատրյանը ոչ թե փոխել է ցուցմունքը, այլ առաջին անգամ ընդհանուր է նկարագրել դեպքը, իսկ հետո ավելի մանրամասներ է ներկայացրել:
Շիրոյանն առաջարկեց առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել նույնը:
Հայկ Ալումյանն ասաց, որ նոր ապացույցներ ներկայացնելու կարիք չկա: Նրա խոսքերով՝ «Մեղադրողը որոշ չափով աղավաղված է ներկայացնում թե՛ գործի փաստարկները, թե՛ նյութերը»:

Ըստ Ալումյանի, Քնար Խաչատրյանի երկրորդ ցուցմունքը ուղղակի հակասում է առաջինին, ոչ թե մանրամասներ է ներկայացնում:

«Չկա որեւէ վկա, որը դեպքը մանրամասնորեն հիշի ու պատմի: Բայց առաջին ատյանի դատարանում վկաներից մեկը ցուցմունք տալիս մի դետալ շփոթել է, լավ չի հիշել ու դատախազը այդ վկայի ցուցմունքն ընդհանրապես համարել է անարժանահավատ: Ըստ մեղադրող կողմի, Վահե Ղուկասյանը դեպքի օրը մեքենայով անկանոն շրջել է քաղաքով, այն տեղերով, որտեղ Հարություն Խաչատրյանն է լինում, որ ինչ-որ մի տեղ տեսնի Հարություն Խաչատրյանին ու սպանի: Բայց եթե մեկն ուզենար մեկին սպաներ, ի՞նչ իմաստ ունի, այդ օրը քաղաքով անկանոն շրջել մեքենայով»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ամսի 21-ին ժամը 14-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930