Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով զրկելու փորձ կատարելու մեջ:
Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն:
Առաջին ատյանի դատարանը վճռել է Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Վահե Ղուկասյանը մինչ դատական նիստը սկսելը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Լա՞վ հարցեր եք տալու»,- ճշտեց նա: Վահե Ղուկասյանը միայն ասաց, որ ինքը լավ է, կալանավայրում էլ լավ պայմաններ են:
Դահլիճում ներկա գյումրեցիները սկսեցին սովորության համաձայն հումորներ անել, թե Վահեին մի խոսացրու, մեզ խոսացրու, մենք Վահեի «պրոդյուսերն ենք»:
Ուշագրավ է, որ Վահե Ղուկասյանը կալանավայրից դատարանի դահլիճ երբ եկավ, հանեց մուգ սեւ ակնոցը եւ դրեց աչքերին ու բարեւեց ընկերներին: Ավելի ուշ մենք Հայկ Ալումյանից ճշտեցինք՝ Վահեն տեսողական խնդիրնե՞ր ունի, որ սեւ ակնոց էր կրում, թե՞ դա «գողական» ինչ-որ իմիջ է՝ սեւ հագուստ, սեւ ակնոց: Պարոն Ալումյանն ասաց, որ նա չի սիրում նկարվել եւ աչքերը փակել է՝ մեր տեսախցիկից խուսափելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ալումյանին թողես, կասի Վահեն ու Վարդան Ղուկասյանը ընդհանրապես կապ չունեն: Արտակ Բուդաղյանը ու իրա եղբայրն էլ երևի բարի կամեցողներ էին ու հանկարծ զենքով հարձակվեցին մեկի տան վրա: Նաիրի Հունանյան էլ ընդհանրապես մտել էր սուրճ խմելու: Հերիք է մարդասպաններին արդարացնեք: ԵՎ Վահե Ղուկասյանի, և Արտակ Բուդաղյանի և Նաիրի Հուանյանի տեղը բանտն է….