Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում ներկա գտնվեց «Սամսունգ» ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացման արարողությանը: Լսարանում տարբեր ֆակուլտետների ուսանողներ հնարավորություն կունենան ուսումնասիրել պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացները:
Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց «Սամսունգի» հայաստանյան ներկայացուցչության գործարար հարաբերությունների զարգացման մասնագետ Ստեփան Ենոքյանը՝ մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինվել է էլեկտրոնային գրատախտակներով, պլանշետներով, նոթբուքերով, 75,4 անկյունագծով էկրանով. «Կրթական ողջ գործընթացը տեղի է ունենալու ինտերակտիվ տարբերակով՝ այն, ինչ երեւում է մեծ էկրանին, երեւում է նաեւ պլանշետների վրա: Դասախոսը կարող է յուրաքանչյուր ուսանողի աշխատանքին հետեւել, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը»:
Լսարանին ծանոթանալուց հետո, պրն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այսօր ՏՏ ոլորտը ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու անսպառ հնարավորություններ է տալիս. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ոչ այնքան մասնագիտություն է մեր ուսումնական հաստատություններում, որքան հնարավորություն եւ գործիք՝ այլ առարկաներ սովորելու համար: Ժամանակակից տեխնոլոգիները թույլ են տալիս երեխաների կրթությունը դարձնել ավելի ինտերակտիվ, հետաքրքիր: Ուսուցողական նյութերի բազմազանությունը, ձգողականությունը մեծանում են: Այս իմաստով մենք շատ ենք կարեւորում միջազգային ընկերությունների հետ աշխատանքը»:
Լսարանի բացման արարողությունից հետո՝ Արմեն Աշոտյանը եւ «Սամսունգի» ԱՊՀ երկրների նախագահ Սանչունգ Լին ստորագրեցին կրթական բնագավառում ծրագրավորման եւ ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև