Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկներ տնկելով Երեւանի ծանր մետաղներով ու փոշոտ օդը չես մաքրի

Նոյեմբեր 06,2014 13:21

Մեկ մարդու նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 16 քմ կանաչ տարածք, մինչդեռ Երեւանում մեկ մարդուն բաժին է ընկնում 4,9 քմ: Մութ ու ցուրտ տարիների զանգվածային ծառահատումը, այգիների հաշվին ներկայումս էլ ընթացող կառուցապատումը բերել են նրան, որ մայրաքաղաքում փոշու, ծանր մետաղների քանակը գնալով կրկնապատկվում, եռապատկվում է: Նոյեմբերի 8-ին Երեւանում կազմակերպված ծառատունկին ընդառաջ, այսօր «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ում այսպիսի մտահոգություն հայտնեցին բնապահպանները:

Ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հովիկ Սայադյանի խոսքերով,Երեւանի մակերեսը կազմում է 22 հազար հեկտար, որից կանաչ տարածքը կազմում է 4900 հեկտար: Մինչդեռ ըստ սահմանված նորմերի, կանաչ տարածքը պետք է կազմի 50-60 տոկոսը: Ըստ Հովիկ Սայադյանի, այդ է պատճառը, որ տարվա կեսին արդեն Երեւանի կլինման փոխվում է՝ Իրանից եւ արաբական երկրներից մեր հանրապետություն ներթափանցած քամիների հաշվին, որոնք կանաչ զանգվածի բացակայության պատճառով մեծ վնասներ են հասցնում մարդկանց առողջությանը:

«Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն, անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատանքներին, կարծիք հայտնեց, որ դրանք անարդյունավետ են: Բնապահպանն այդ գործում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում. «Այդ ծրագրերի համար այդքան փող են ներդնում, սակայն արդյունավետ չէ: Ծաղիկներով կանաչապատելը նպատակահարմար չէ, մենք ունենք էժան եւ նպատակահարմար ծառատեսակներ, որոնք եւ արդյունավետ են եւ ավելի մեծ օգուտներ կտան քաղաքացիներին»:

«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կազմակերպության ծրագրի համակարգող Լենա Նազարյանին էլ հետաքրքրում է ինչո՞ւ ծաղիկներ, այլ ոչ թե ծառեր:
Հովիկ Սայադյանի տվյալներով, մեկ ծառն իր մակերեսով ավելի շատ տարածք է ապահովում, եւ իր մակերեսը տաս անգամ բազմապատկում է. «Անտառը եւ թուփը դիմադրողունակ են գազի փոշու նկատմամբ: Թամանյանը, երբ քաղաքի կանաչապատման ծրագիրը կազմեց, 173 տեսակի ծառեր եւ թփեր էր նախատեսել: Դա հենց այնպես չէր մտածված, ձմեռն ավարտում էր եւ սկսում էին այդ ծառերը ծաղկել: Հիմա տեսականին եռակի նվազել է»:

Ըստ նրա, սնդիկի պարունակությունն էլ է շատացել, որն անդրադառնում է ծնելիության, մարդու մտավոր ունակությունների վրա. «Փոշի կրող, աղմուկը խլացնող մակերես մենք չունենք: Հենց այդպես չեն գրված ընտրված այդ նորմաները, Երեւանը կիսանապատային կենտրոնում է»:

Բնապահպանների համոզմամբ, առանց ոռոգման ցանց անցկացնելու անհնար է տնկած ծառերը պահպանել. «Տնկելուց հետո անհրաժեշտ է 10-15 անգամ ջրել, որից հետո ծառը հետո կարողանա ինքնուրույն ապրել: Սակայն տնկելուց հետո շատ ծառեր չորանում են, քանի որ չի ոռոգվում»:

Լենա Նազարյանի խոսքերով, Երեւանը կարելի է համարել տոնական օրերի մայրաքաղաք. «Ֆլամինգոները, խաղալիքները, այդ բոլորը ծախսեր են, որոնց փոխարեն կարելի էր ծառեր տնկել»: Ինչ վերաբերում է Երեւանի ծաղկապատման աշխատանքներում կոռուպցիոն ռիսկեր տեսնելուն, ապա Լենա Նազարյանի կարծիքով, ծաղիկներ ներկրելը ինչ-որ մեկի բիզնեսն է. «Պետք է հասկանալ ովքեր են ներգրավված ներմուծման գործընթացում, այն ընկերությունները որոնք պետական պատվերներ են ստանում քաղաքապետարանում աշխատող պաշտոնյաների նրանց բարեկամների բիզնեսն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930