«Միգրացիայի խնդիրը շատ կարեւոր է ցանկացած ինտեգրման համար»,- «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանակներում անցկացվող թվով վեցերորդ գործնական գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Սոցիալական ժողովրդավարություն եւ տնտեսական սոցիոլոգիայի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռյազանցեւը:
Նա համարում է, որ միգրացիան պետք է կապել զարգացման հետ, հավելելով, որ «Միգրացիա եւ զարգացում» արտահայտությունը անցկացվող գիտաժողովի կարգախոսն է. «Մենք ծրագիրն անվանել ենք «Միգրացիոն կամուրջները Եվրասիայում», որովհետեւ շատ կարեւոր ենք համարում կապ հաստատել այն երկրների միջեւ, որոնք միգրանտներ են ուղարկում եւ որոնք ընդունում են՝ աշխատանքի, ուսման, ընտանեկան նպատակներով»:
Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչպե՞ս կարող է լուծվել այն հայ միգրանտների հարցը, որոնք չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, նա պատասխանեց, որ ոչ միայն հայ միգրանտներն ունեն նման խնդիրներ. «Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության այնքան էլ արդյունավետ չէ: Այս միջոցառման ընթացքում մենք կուզեինք ուսումնասիրել այդ խնդիրները եւ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրները: Այս դեպքում, կարծում եմ, պետք է օգնենք իշխանություններին տարանջատել միգրացիայի հանցագործ հատվածն այն մարդկանցից, որոնք պարզապես տեղեկացված չեն»:
Նա համարում է, որ այս դեպքերում գիտնականները եւ հասարակական կազմակերպությունների անդամները կարող են օգնել նման մարդկանց. «Մեր կարծիքը կարող է օգնել մարդկանց: Մենք պետք է բարձրացնենք այդ հարցը: Միգրացիոն քաղաքականությունը չի կարող արագ փոխվել, բայց այսպիսի գիտաժողովներին մենք պետք է բարձրացնենք այս հարցը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ