Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Տարօրինակ կլիներ, եթե եռյակն ավելի համեստ լիներ իր գնահատականներում». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 06,2014 12:25

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ

-Հանրահավաքային այս շարժումն իրո՞ք բացառիկ է իր «աննախադեպ» թափով եւ ընդգրկմամբ, ինչպես պնդում են եռյակի լիդերները։

-Հանրահավաքային այս արշավի միակ առանձնահատկությունն այն է, որ միջոցառումներն իրականացվում են «Բարգավաճ Հայաստանի» հովանու ներքո՝ բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ եւ նրա ռեսուրսների հաշվին։ Որեւէ այլ տարբերություն նախկինում տեղի ունեցած նմանատիպ գործընթացներից հնարավոր չէ տեսնել նույնիսկ հեռադիտակով նայելու դեպքում։

Ինչ վերաբերում է ձեւակերպումներին, տարօրինակ կլիներ, եթե եռյակն ավելի համեստ լիներ իր գնահատականներում։ Ի դեպ, այստեղ մի դրական բան եմ տեսնում՝ իրողություններից անկախ, նրանք միշտ աննկուն են եւ անհողդողդ՝ երբեք չեն երերում, չեն տատանվում, չեն նահանջում իրենց «սկզբունքային դիրքորոշումներից»։

Եվ ամենակարեւորը՝ լավատես են, անգամ ձախողումները փորձում են ներկայացնել որպես հաղթանակներ՝ հավատալով, որ կգա մի ժամանակ, երբ իրենց մարգարեությունները կիրականանան։ Ժամանակն անցնում է, բայց օր առաջ իշխանափոխություն անելու նրանց վճռականությունը չի պակասում։

Ընդ որում՝ չես էլ հասկանում, ի վերջո, ի՞նչ է նրանց ուզածը։ Եթե իշխանափոխություն ասածը իշխանություն կրողների «դեմքով» են պատկերացնում, ապա առանձնապես կարիք էլ չկա այդքան ջանքուեռանդ դնել, պրն Ծառուկյանի գումարները վատնել այդքան մարդ հավաքելու, հավաքագրելու կամ բերման ենթարկելու համար։

Կարելի էր պարզապես սպասել հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, առավել եւս, որ գործող նախագահն այլեւս առաջադրվելու իրավունք չունի, եւ մի քանի տարի հետո, այսպես թե այնպես, «դեմքերի» զգալի փոփոխություններ կլինեն։

-Վերլուծաբանների մեծամասնությունը այն կարծիքին է, որ տեղերում շտաբներ ձեւավորելու, իր հետեւորդներին մոբիլիզացնելու խնդիր դնելով՝ ԲՀԿ-ն իրականում պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է տեւական ժամանակ աշխատել այդ ռեժիմով եւ լավ մարզավիճակում ներկայանալ ընտրողին։
-Դե գիտեք, դա կախված է նրանից, թե ինչքան կբավականացնեն ԲՀԿ առաջնորդի ֆինանսական եւ մնացած ռեսուրսները։ Հենց այդ ռեսուրսներն սպառվեն՝ հանրահավաքային շարժումը կմարի։ Ինչքա՞ն դա կշարունակվի՝ չեմ հաշվել, չեմ կարող ասել՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է՝ այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930