Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Իշխանափոխություն տեղի չի ունենալու, որովհետև նրանց գլխավոր քաղաքական ծրագրերը նույնն են». «168 ժամ»

Նոյեմբեր 06,2014 12:14
Azat Arshakyan

Հարցազրույց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ:

– Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնելու է Եռյակի՞ն։

– Այո, եթե Եռյակին է հանձնում, նշանակում է՝ իշխանափոխությունը
տեղափոխվում է ևս 10 տարով։ Մենք պետք է հստակ իմանանք, որ մենք եվրոպացի ենք, եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք։ Դրա այլընտրանքն Ասիան է, այսինքն՝ Չինգիզ խանը, խանությունը։ Մենք ընտրում ենք խանությո՞ւն, թե՞ ժողովրդավարական, ազատ, անկախ պետություն և զարգացում։ Սա է դարձել մարտահրավերը։ Եթե այսօր մեզ առաջարկվում է ասիական տարբերակի նորացված մոդելը, որը Եռյակը հանձն է առնում ավելի լավ կատարել, քան գործող հոգնած, թուլացած իշխանությունը, ապա ես կտրականապես դրան դեմ եմ։

– Բայց Եռյակի անդամները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», Հանրապետական կուսակցությանը մեղադրում են իշխանությունը միանձնյա բռնազավթելու, քաղաքական մենաշնորհ ստեղծելու համար։ Այդ դեպքում ինչպե՞ս է Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում Եռյակին։

– Ես ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ն իշխանությունը մինչև հիմա կիսում է հենց Եռյակի հետ։ Եթե մենք ընդունում ենք, որ ընտրությունները կեղծված են, և իշխանությունը զավթված է, ապա զավթված է բոլորի կողմից։ Այդ իմաստով ՀՀԿ-ն իշխանությունը կիսել է իր գործընկերների հետ, այսինքն՝ դա այնքան էլ մենաշնորհային իշխանություն չէ։ Բայց նույնիսկ այս չափով իշխանության կիսումն ինձ չի բավարարում, որովհետև պետք է լիներ ակնհայտորեն այլ տարբերակ, զարգացման այլ ծրագիր առաջարկող մի ուժ։ Այդ ուժը բացակայում է, քանի որ «Ժառանգությունը» կանգնեց հարթակի վրա՝
նրանց կողքին։

– Նկատի ունեք, որ իշխող քաղաքական համակարգի նպատակը համակարգից դուրս որևէ այլ ուժի ձևավորումը կանխե՞լն է։

– Եթե Եռյակը հասնի իր նպատակին, կստացվի, որ տեղի է ունենալու
փոխատեղում, առաջին տեղը գալու է երկրորդ տեղ, իսկ երկրորդը՝ առաջին։ Այդ իմաստով իշխանափոխություն տեղի չի ունենալու, որովհետև նրանց գլխավոր քաղաքական ծրագրերը նույնն են։ Եռյակը համախմբվել է եվրասիական գաղափարի շուրջ, և նրանք արդեն իրենք իրենց առաջադրում են՝ որպես դրածո։ Նրանք ոչ թե դիմում են հայ ժողովրդին, այլ իրենց հովանավորին, նրանք ոչ թե ձգտում են ստանալ աջակցություն Հայաստանում, այլ դիմում են նշանակողին, այսինքն՝ նրանք ընտրվել չեն ուզում, նշանակման նպատակ են դրել։ Սա արդեն ժողովրդի հետ կապ չունի։ Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, եթե Եռյակի հանրահավաքները լինեին ոչ թե Ազատության հրապարակում, այլ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Մոսկվային հավատարմության կոչերը, այդ երդման արարողությունը պետք է լիներ Ռուսաստանի դեսպանատան մոտ, և նրանք ուղիղ պետք է հայտարարեին՝ հեռացրե՛ք այս իշխանությանը, մե՛զ նշանակեք, մենք ավելի լավ կծառայենք ձեզ։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930