Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «Եթե ՄՄ-ն աշխատի, ապա հայ միգրանտները նույն իրավունքներից կօգտվեն, ինչ ՌԴ քաղաքացիները»

Նոյեմբեր 06,2014 12:01

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը եւ Ժամանակակից սոցիալական բարձրագույն դպրոցը նոյեմբերի 5-ին Մոսկվայում եւ նոյեմբերի 6-7-ը Երեւանում՝ «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանակներում կազմակերպել են գործնական գիտաժողով: Թվով վեցերորդ գիտաժողովի խորագիրն է «Միգրացիայի դերը Եվրասիայի ուղարկող եւ ընդունող երկրների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացման գործընթացում. Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ»:

Գիտաժողովի շրջանակներում անցկացվելու են ինը կլոր սեղաններ «Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի դաշնությունում», «Հարկադրված եւ էկոլոգիական միգրացիան Եվրասիայում», «Միգրանտների շահագործումը եւ թրաֆիքինգը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում», «Սփյուռքի դերը Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում» եւ այլ թեմաներով:

Երեւանում գիտաժողովին մասնակցում են մասնագետներ ինը երկրներից՝ Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովիա, Տաջիկիստան, Պորտուգալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Անգլիա եւ Հայաստան:

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիալական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում կարեւորեց նման գիտաժողովի անցկացումը: Նա նշեց, որ հայ միգրանտների մեծ մասը Ռուսաստանում աշխատում է անօրինական եղանակով եւ պաշտպանված չէ. Ցանկացած պահին կարող են նրանց ճնշել. «Եթե մենք միջպետական պայմանագրերը խորացնենք, եւ եթե իրոք Մաքսային միությունը աշխատի, ապա այստեղից գնացած միգրանտները նույն իրավունքներից կօգտվեն ինչ ՌԴ քաղաքացիները: Այսինքն՝ իրենց հետապնդելը, գրանցում պահանջելը, երեք ամիսը լրացավ, հետ ուղարկել, կվերանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930