Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոգեւորվել է «խաղաղության համաձայնագրով»

Նոյեմբեր 06,2014 18:00

Պաշտոնական Բաքուն պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագիրն ընդունել` առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելո՞ւ

Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի Բազել քաղաքում կարող է անցկացվել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որին կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիում օրերս հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Ադրբեջանի իշխանությունները Փարիզի հանդիպումից հետո ակնհայտորեն փորձում են ցույց տալ, թե Բաքուն ոգեւորված է, եւ անգամ փարիզյան հանդիպման որոշակի դետալներ են հրապարակայնացնում: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ ժամանակն է աշխատել խաղաղության պայմանագրի վրա։ Ինչպես հայտնի է, կան Մադրիդյան սկզբունքները, ճիշտ է՝ որոշ պահեր դեռեւս համաձայնեցված չեն։ Այդ հակամարտությունը չի կարող մեկ օրում կարգավորվել։ Մենք պետք է շարունակենք քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնք դեռեւս համաձայնեցված չեն։ Հնարավոր է, որ մոտ ապագայում կրկին անհրաժեշտություն առաջանա նախագահների մակարդակով հանդիպման», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Մամեդյարովը նաեւ նշել է, որ Ադրբեջանը կարեւոր է համարում խաղաղության պայմանագրի աշխատանքների ավարտումը. «Մենք ուզում ենք, որպեսզի կապեր հաստատվեն՝ հարաբերություններ համայնքների միջեւ»։

Բաքուն կրկին հայտարարում է, թե ամեն ինչ կախված կլինի Հայաստանի կառուցողական մոտեցումից: «Նրանք ասում են՝ առաջնագծից հետ քաշեք դիպուկահարներին, մենք էլ խոսում ենք համայնքների միջեւ կապերի հաստատման մասին»,- ասել է Մամեդյարովը` հավելելով նաեւ, որ չի կարելի ասել, թե փարիզյան հանդիպման ժամանակ ձեռք է բերվել կարեւոր որեւէ համաձայնություն:

Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, այս առիթով Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե ներկայումս պայմանավորվածություն է ձեռք բերված նախագահների մակարդակով հանդիպումների մասին, սակայն մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, նույնպես կարող է անցկացվել նախագահների հանդիպում:
Պաշտոնական Բաքուն, փաստորեն, արդեն սահմանել ու հրապարակայնացրել է այն «նպատակը», որին հասնելու կամ չհասնելու դեպքում ունենալու է «զինանոցում» պատճառաբանություններ, թե ինչու տապալվեց Փարիզում արձանագրված «առաջընթացը»:

Իսկ փարիզյան «առաջընթացն» այն է, որ պաշտոնական Բաքուն կառչել է խաղաղության մեծ համաձայնագրից` անտեսելով բանակցությունների սեղանին առկա Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ իրավահավասարություն):

Բայց հետաքրքրականը նաեւ այն է, որ Բաքուն փորձում է ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահն է նաեւ այդ գաղափարին համաձայնություն տվել: Մինչդեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարություններում ներառված են թե՛ Մադրիդյան սկզբունքները, թե՛ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանություններին դուր է գալիս զբաղվել ինքնախաբեությամբ:

Առաջիկայում ականատես ենք դառնալու, թե ինչպիսի մարտավարություն է ցուցաբերում Բաքուն` անընդմեջ հայտարարելու են, թե սպասում են Փարիզում Օլանդի առաջարկով խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ առաջընթացին:

Միջնորդ երկրների ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ եկել է համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ժամանակը, սակայն դրանից ամենեւին էլ չի բխում, որ պետք է խախտվի բանակցային գործընթացում քայլերի հերթականությունը:

Այսինքն` պաշտոնական Բաքուն պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագիրն ընդունել առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելո՞ւ: Սա, իհարկե, քիչ հավանական է: Սակայն այս իրավիճակում ղարաբաղյան բանակցային գործընթացը Բաքվի դիրքորոշման պատճառով կարող է հայտնվել անիմաստ խառնաշփոթի մեջ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930