Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհի արձանի տեղը անվիճելի է ցանկացած պարագայում

Նոյեմբեր 06,2014 17:30

Երկրում, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանում մոլեգնող «քաղաքական» մեծամասնությունը՝ Հանրապետականը, հերթական ջրմուրն է ընկել: Դեռ նոր էին նահանջել ու ուշքի էին գալիս Միկոյանի արձանի հետ կապված սկանդալից, սկսվեց նորը: Ի սկզբանե Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրելու համար նախատեսված Նժդեհի արձանը ուզում են տեղադրել իրենց կենտկոմի, կներեք, Մելիք-Ադամյանի վրա գտնվող իրենց կենտգրասենյակի մոտ:

Կուռ, շարմազանովական կամ, եթե կգերադասեք, գալուստսահակյանական տրամաբանություն է: Շատ լավ կլինի, եթե երկրի հոգսերը իրենց վտիտ ուսերին առած, Հանրապետականի խորհրդի ընդլայնված նիստից դուրս եկած, անձնուրաց նժդեհականները անցնեն արձանի կողքով ու իրենց ջիփերի փափուկ նստարաններին նստած՝ ոգեշնչվեն սյունյաց արծվի կերպարով:

Մյուս կողմից լավ է, որ իրենց իմաստուն առաջնորդի՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ համատեղությամբ վերջին բոլշեւիկի խիղճը հանգիստ կլինի՝ չի խաթարվի առաջին բոլշեւիկներից մեկի արձանի երրորդմասյան անդորրը:
Իսկ այ, ես եւ ընկերներս՝ արդեն հեռավոր հուշ դարձած Ղարաբաղյան շարժման Լենինյան շրջանի «Ղարաբաղ» կոմիտեի շտաբի հիմնադիրներս, ստորաբար ուզում էինք խաթարել: Սկզբում, դառնալով տեղական իշխանություն, դաժանորեն հրաժարվելով հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Իլյիչի անունից՝ շրջանին Շենգավիթ ապագաղափարական անունը տվեցինք: Հետո, ոգեւորվելով սեփական անպատժելիությունից, քար գցեցինք նույնպես հայ ժողովրդի մեծ բարեկամ, «վսեսոյուզնի ստոռոստա» Միխայիլ Իվանովիչ Կալինինի վրա՝ Կալինինի փողոցը դարձավ Նժդեհի:

Թեմայից մի քիչ շեղվելով՝ հիշեցնեմ, որ այն ժամանակներում հայ ազգի իրական հերոսի՝ Նժդեհի անունը դեռ պղծված չէր հանրապետականների հետ ասոցիացիաներով, ավելին՝ Հանրապետականն էլ չէր ասոցացվում ներկա թալանչիների ու թափթփուկների հետ, այլ ուներ մաքրամաքուր մի առաջնորդ, խորհրդային տարիների քաղբանտարկյալ՝ Աշոտ Նավասարդյան անունով, որի հետ պատիվ եմ ունեցել գործընկեր լինելու հայոց խորհրդարանում, եւ որին, ի դեպ, նույն Շենգավիթից՝ Նժդեհի փողոցի շրջակայքից՝ ՀՀՇ-ի մեր տղաների ու աղջիկների աջակցությամբ ընտրեցինք ԱԺ պատգամավոր:
Այո՛, փողոցը վերանվանելով չբավարարվեցինք՝ վերանվանեցինք նաեւ հրապարակը, որտեղից սկիզբ էր առնում փողոցը, ինքնաբերաբար վերանվանվեց նաեւ հրապարակում գտնվող մետրոյի կայարանը: Հիմա կարդացի, որ Երեւանի ավագանու անդամներից մեկը՝ ոմն Իգիթյան, սխալ է համարում ժամանակին Սպանդարյանի հրապարակի վերանվանումը: Դե գայիք, պարոն Իգիթյան, այն օրերին, երբ պատերազմ էր, երբ ջոկատներ էինք ձեւավորում ու ուղարկում Ղարաբաղ, երբ մարդիկ սառչում էին իրենց տներում, իսկ մենք վառելիք էինք ուղարկում ճակատ, գայիք ու ասեիք, որ ոչ թե Նժդեհի կերպարով է պետք ոգեւորել ժողովրդին, այլ Սպանդարյանով: Կովկասյան բոլշեւիկ, Ստալինի ընկեր Սպանդարյանով, որի մասին Հայաստանի հետ առնչվող միակ հիշատակումն այն է, որ Շահումյանի հետ միասին ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների ինչ-որ գործադուլ:

Հարց է ծագում. ինչո՞ւ այն ժամանակ չապամոնտաժեցինք Սպանդարյանի արձանը եւ չտեղադրեցինք Նժդեհինը: Պատասխանը շատ պարզ է՝ փող չկար: Փող չկար ոչ նոր արձան պատվիրելու, ոչ էլ եղածը ապամոնտաժելու ու տեղափոխելու համար: Ուրիշ շատ ավելի կարեւոր բաների համար փող չկար՝ պատերազմ էր:

Քանի որ ընկել եմ հիշողությունների գիրկը, պատմեմ նաեւ Սպանդարյանի արձանի հեղինակի հետ իմ հանդիպման մասին: Որպես գործկոմի նախագահ՝ հարցազրույցներիցս մեկում ասել էի, որ, բնականաբար, վաղ թե ուշ այդ տեղում կտեղադրենք Նժդեհի արձանը: Շատ չանցած՝ գործկոմում ինձ այցելեց հեղինակը՝ քանդակագործ Թադեւոս Գեւորգյանը (Թոմը): Կռահում էի՝ ինչու է եկել: Կարծեմ սուրճ խմեցինք, մի քիչ խոսեցինք դեսից-դենից: Գալով բուն՝ արձանը հանելու թեմային, առարկելու բան չուներ, բայց գիտե՞ք ինչ ասաց: Ասաց՝ գիտեմ, որ չեք հավատա, բայց ես Սպանդարյանի արձանը ստեղծելիս աչքիս առջեւ միշտ Նժդեհին եմ ունեցել: Պարզ է, որ չհավատացի, պարզ էր, որ հեղինակը պարզապես փորձում էր փրկել իր ստեղծածը: Բայց հիմա մտածում եմ՝ գուցե այն, որ սկսած Սերժ Սարգսյանից՝ շատերը կարծում են, որ արձանը Նժդեհինն է, թյուրիմացությունից բացի՝ նաեւ միստիկ հիմքեր ունի:

Թոմը, ցավոք, մահացել է եւ զրկված է իր, ըստ մասնագետների, լավ գործը պաշտպանելու հնարավորությունից: Բայց արձանը պաշտպանելու կարիք չկա էլ՝ տեղն է պետք փոխել եւ վերջ: Ափսոս է, օրինակ, որ ժամանակին ոչ հեռու գտնվող Բանվորի արձանը հանեցին առանց նոր տեղ որոշելու ու տեղադրելու:

Իսկ Նժդեհի արձանի տեղը անվիճելի է ցանկացած պարագայում, յուրաքանչյուր տրամաբանող մարդու համար: Չեմ ճանաչում մրցույթում հաղթած քանդակագործին՝ Գագիկ Ստեփանյանին: Չգիտեմ նաեւ, թե ինչ որակի գործ է ստեղծել: Գիտեմ, որ Ջերմուկում կանգնեցված Իսրայել Օրու արձանի հեղինակն է: Եթե Հանրապետական ջոջերը իրենց՝ արձանի ձեռքից թուրը հանել-դնելու խորհուրդներով վերջնականապես չեն ապակողմնորոշել մարդուն, ապա ինքն էլ, որպես հեղինակ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի: Չէ՞ որ արձանը ստեղծել է հենց Նժդեհի հրապարակի միջավայրի համար:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930