Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական փոփոխությունների ժամանակը

Նոյեմբեր 06,2014 17:00

Այս գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստում մեր հարգարժան գործընկեր Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ պնդելով. «Վարագույրները հետ քաշելու, իրականությանը բաց աչքերով նայելու եւ ինքնախաբեությունը մերժելու ժամանակն է»: Պարոն Հովհաննիսյանը թեեւ այսօր խորհրդարանական մեր շարքերում չէ, սակայն նրա այդ միտքը եղել եւ մնում է արդիական ինչպես մեզ՝ քաղաքական գործիչներիս, այնպես էլ ավելի լայն՝ մեր ուժահատ քաղաքական համակարգի, նույնքան ուժահատ քաղաքական ընտրանու եւ որ ավելի կարեւոր է՝ նույնիսկ նման իրավիճակում մեր քաղաքական համակարգի ու նրա ընտրանու հետ դեռ հույսեր կապող մեր ժողովրդի համար:

Հայաստանի հուսալի ու անվտանգ ապագայի շուրջ որեւէ լուրջ ծրագիր կամ նույնիսկ մտորման ազնիվ մղում չի կարող շրջանցել հայաստանյան քաղաքական համակարգի բարեփոխման հրամայականը: Ոմանք այն կարող են տեսնել որպես սահմանադրական փոփոխությունների, ոմանք՝ քաղաքական հաստատուն կամքի դրսեւորման, ոմանք էլ այլ հարթություններում լուծելի խնդիր: Կգտնվեն, անշուշտ, նաեւ մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չտեսնելու կտան այս հրամայականը կամ անկեղծորեն չեն նկատի դա, կամ էլ քաղաքական համակարգը կմտազուգորդեն այդպահային քաղաքական իշխանությունների կամ ընդդիմության արատների թվարկման հետ:

Ինչպիսին էլ լինեն իրավիճակի գնահատականները կամ քաղաքական համակարգի բարեփոխումների վերաբերյալ պատկերացումները, դրանք հաջողության կարող են հավակնել բացառապես մեկ պարագայում. երբ վեր կանգնելով սեփական անցյալի ու ապագայի ծրագրերի վերաբերյալ նեղթիմային կամ հատվածական շահերից ու մեկնաբանություններից՝ անկողմնակալ գնահատական տրվի հարցադրմանը, թե ինչպիսին է մեր քաղաքական համակարգն այսօր, էվոլյուցիոն ինչ ճանապարհ է անցել այն անկախության ու ազգային զարթոնքի 20-25 տարիների ընթացքում, եւ որ ամենակարեւորն է՝ արդյոք այն իր մեջ շարունակո՞ւմ է զարգացման բավարար ռեսուրսներ պահպանել:

Գոյություն ունեցող տասնյակ գիտական, կիսագիտական, լրագրողական կամ հրապարակախոսական ձեւակերպումների կողքին մեր քաղաքական համակարգը ես կբնորոշեի որպես «1988թ. քաղաքական համակարգ»: Նման բնորոշման հիմքում ոչ միայն ու ոչ այնքան անկախ Հայաստանի քաղաքական համակարգի սկզբնավորման ժամանակային բնորոշումն է, որքան այդ համակարգի հետագա էվոլյուցիայի եւ բյուրեղացման գործում հենց ազգային զարթոնքով ու անկախության ձեռքբերմամբ, Արցախի ազատագրմամբ պայմանավորված տասնյակ հանգամանքների, գործոնների ու գործիչների մնայուն ու զարմանալիորեն հարաճուն ներգործությունը: Անաչառ ցանկացած աչքից վրիպել չի կարող իրողությունը, որ մեր քաղաքական համակարգն այսօր գտնվում է էվոլյուցիայի մի այնպիսի փուլում, որտեղ, խոշոր հաշվով, որոշիչը ոչ այնքան քաղաքական հարաբերությունների, քաղաքական կուսակցությունների ու քաղաքական ընտրանու որակներն են ու մտադրությունները, ապագայի մասին պատկերացումները, ոչ անգամ հանրության հավաքական սպասելիքները կամ Հայաստանի Հանրապետության արմատական շահերը, որքան անցյալի ճնշող ու թելադրող իներցիան:

Մի՞թե հնարավոր է փաստել, որ իշխանության ձեւավորման, քաղաքական միջավայրի, ի վերջո՝ քաղաքական համակարգի բյուրեղացման գործում ավելի մեծ նշանակություն չունի անցյալը՝ 1988թ.-ից այս կողմ ընկած իրադարձություններն ու զարգացումները, միջանձնային հարաբերությունները, քան ապագայի շուրջ պատկերացումներն ու տեսակետները: Քաղաքական համակարգը, որտեղ տիրապետում է ոչ թե ապագան, այլ անցյալը, այլ կերպ, քան ճգնաժամային, բնութագրել հնարավոր չէ: Ուստի կարելի է արձանագրել, որ որքան ժամանակն առաջ է գնում, այնքան մեր իրողություններում մեծանում է անցյալի ճնշող պարտադրանքը: Այդ առումով «1988թ. քաղաքական համակարգն» այսօր գտնվում է ճգնաժամային մի այնպիսի վճռորոշ հանգրվանում, որի անխուսափելի ելքը կա՛մ այդ համակարգի հետայսու բյուրեղացումն է, առավելագույն արատավորումը եւ ի վերջո՝ ինքնաոչնչացումը, պատմության դառը փորձից ելնելով՝ երբեմն զուգակցված ժողովուրդների համար անդառնալի ու աղետաբեր կորուստներով, կա՛մ, որքան էլ բարդ՝ դրա արմատական վերափոխումը՝ հիմնված գերճշգրիտ ախտորոշման, հասարակական քաղաքական լայն կոնսոլիդացիայի եւ քաղաքական ընտրանու կողմից անհրաժեշտ համաժամանակյա կամքի դրսեւորման վրա:

Այստեղ է, որ պետք է արժանին մատուցել քաղաքական ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերին իրենց նախաձեռնած հանրահավաքային նոր շարժման համար: Հարթակից հնչող իրարամերժ ելույթների, հարթակը զբաղեցրած ուժերի ծպտված կամ իրական, խորքում իրարամերժ նպատակադրումների վերաբերյալ առաջացող հարցերը, որքան էլ կարեւոր, ըստ իս, երկրորդական են: Կարեւորն այն է, որ ոչ իշխանական ուժերի ներկա, համաձայնեք, անբնական կոմպոզիցիան ինքնաբերաբար ստիպում է բոլորիս մտորել առաջնայինի՝ մեր քաղաքական համակարգի խորացող արատների ու համակարգային ճգնաժամի մասին: Առաջնային հարցադրումն այն է, թե ինչքանով ոչ իշխանական ուժերի առաջ քաշած օրակարգը, եթե նման բյուրեղացած օրակարգ արդեն կա, իրական այլընտրանք է առաջարկում քաղաքական՝ գոյություն ունեցող համակարգին, եւ արդյոք քաղաքական ուժերի ու առաջնորդների նման կոմպոզիցիան իրական փոփոխությունների որեւէ հեռանկար խոստանո՞ւմ է: Ահա այստեղ է, որ քաղաքական կոնյունկտուրայի վարագույրները մի կողմ քաշելով՝ դժվար է հուսադրող եւ որեւէ պատասխան գտնել: Ու ոչ թե այն պատճառով, որ այդ պատասխանները ոչ իշխանական առաջնորդները թաքուն են պահում հասարակությունից, ինչպես երբեմն բազմանշանակ ակնարկվում է, այլ որովհետեւ առաջնային այս եւ բազմաթիվ այլ հարցերին հուսադրող որեւէ պատասխաններ իրականում չկան:

Բայց չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի համադրելու ու վերլուծելու փաստերը, անելու սեփական հետեւություններ: Ու արդյոք անխնա քննադատությունը բավարա՞ր է՝ համոզելու հասարակությանը գնալ «փոփոխությունների»՝ փոխարենը իրականության մեջ արգելակելով իրական փոփոխությունների հնարավորությունն ու վերջնարդյունքում՝ հասարակությանը երաշխավորելով հիասթափության մի նոր չափաբաժին: Պետք է երկար մտորել. արդյոք սահմանադրական բարեփոխումները չե՞ն կարող դառնալ հենց այն իրական ցատկահարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հրաժեշտ տալ «1988թ. քաղաքական համակարգին» եւ նոր քաղաքական համակարգի հիմնաքարեր դնել:
Անգամ եթե «1988թ. քաղաքական համակարգում» հանրային-քաղաքական բանավեճը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության ու դրանից բխող արտոնությունների շուրջ ստվերային պայմանավորվածությունների իրացմանը միտված իր էությամբ անառողջ մի միջավայր, քաղաքականությունն, այդուհանդերձ, գործունեության հրապարակային ոլորտ է, եւ գոյություն ունեցող բոլոր հարցերը, այդ թվում եւ քաղաքական ընդդիմության համար ամենապարզ ու ցավոտ հարցերն առաջիկայում պետք է հնչեն հենց հրապարակայնորեն եւ ստանան իրենց հրապարակային պատասխանները: Որքան համոզիչ՝ թող դատեն ընտրողները:

Հայաստանին անհրաժեշտ են իրական փոփոխություններ: Վարագույրները հետ քաշելու ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է ոչ թե ցատկ դեպի անցյալ, այլ թռիչք դեպի ապագա:

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Նախ, 88-ից հետո շատ-շատ ջրեր են հոսել մինչև էսօրվա քրեական պլուտոկրատիայի ձևավորումը. ոչ մեկի գլուխը հարթուկել պետք չի, պարոն: Երկրորդն էլ` եթե վերնագիրը ապոկալիպսիս էլ դնենք, սա միայն կուսակցական բանավեճի դարակում տեղ կգտնի: Հովհաննիսյանն էլ Երկիր թերթում էր քաղաքական հոդվածներ գրում. դրական է, բայց բովանդակության առումով «հեռահար» նշանակություն չունի. որովետև էս համակարգի հեռանալու հետ հհկ-ի ու մնացած պոպուլյար կուսակցությունների առնչությունն էնքանով կլինի, որ ընդամենը տարրալուծվողի դերում կլինեն: Ֆարմանյաններն էլ, ինչքան էլ որ գրագետ լինեն, կգնան համակարգի հետ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930