ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը դժվարացավ միանշանակ գնահատական տալ, թե արդյո՞ք ճիշտ է 18 տարին լրանալուց հետո բոլոր տղաներին բանակ զորակոչելը։ «Դա շատ բարդ հարց է, այդպես միարժեքորեն ճիշտ ու սխալը որոշել դժվար է։ Կան երկրներ, որոնց օրինակը մեր իշխանավորները բերում են, որ իսկապես՝ 18-ը լրանալուց հետո անպայման պետք է գնան ծառայեն։
Նույնիսկ երկիր կա, որտեղ աղջիկներն էլ են ծառայում, օրինակ՝ Իսրայելը։ Կան երկրներ, որտեղ բարձրագույն կրթությունը տարկետում է տալիս։ Մեզ մոտ էլ ավանդաբար այդպես է եղել։ Ես կարծում եմ՝ այդպիսի որոշումները ավելի շատ պետք է կապված լինեն երկրի կոնկրետ քաղաքական իրադրության հետ։ Եթե կան լուրջ ազդակներ՝ անվտանգության ապահովման տեսակետից, միգուցե ծայրահեղ քայլի գնալը ճիշտ է։
Չեմ տիրապետում ամբողջ դաշտին՝ երկրի անվտանգության հետ կապված եւ այլն, դրա համար չեմ կարող վստահաբար ասել՝ ճի՞շտ է այդ քայլը, թե՞ ժամանակավրեպ է, ու միգուցե ինչ-որ առումով վնաս կարող է տալ տաղանդավոր երեխաներին։ Միայն բնագիտության ոլորտի մասին չէ խոսքը, նաեւ՝ մշակույթի, լավ դաշնակահարներ, ջութակահարներ, նկարիչներ կարող ենք ունենալ, գնան ծառայեն, գան, արդյո՞ք դա չի խանգարի նրանց առաջընթացին»,- ասաց Էդուարդ Ղազարյանը, ապա ավելի հստակեցրեց, որ կարետրագույնը երկրի անվտանգությունն է, ու եթե այն սպառնալիքի տակ է, ուրեմն բոլորը պետք է ծառայեն։ Բայց եթե չկա իրական վտանգ, ապա բարձրագույն կրթության հետ կապված կարելի է տարկետում տրամադրել, որովհետեւ, ըստ նրա, երբ օրինակ, էքսպերիմենտալ ասպիրանտին տանում են բանակ եւ նա երկու տարի զրկվում է լաբորատորիա մտնելու եւ փորձ անելու հնարավորությունից, ապա դրա բացասական հետեւանքները շատ ավելի շոշափելի կարող են լինել։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում