Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը կարո՞ղ է ազդել ՌԴ Պետդումայի վրա

Նոյեմբեր 06,2014 16:30
byudje

ԵՏՄ-ի հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ հատուկ Սամվել Ալեքսանյանի համար որեւէ արտոնություն չեն սահմանել. «Ես գիտեմ, որ կա 700 խումբ ապրանքատեսակ, որոնց դեպքում մաքսատուրքը չի փոխվելու: Ես չեմ ուզում կանխատեսումներով զբաղվել, բայց կարճ ժամանակ հետո այդ ապրանքացանկը դուք կտեսնեք: Ես այդ մասին չգիտեմ, որ շաքարավազի համար բանակցել են: Այդ պայմանագիրը մենք դեռ քննարկելու ենք, ԱԺ-ում վավերացնելու ենք: Այդ նույն պայմանագիրը վավերացվելու է ՌԴ Պետդումայում, վավերացվելու է Ղազախստանի ԱԺ-ում եւ Բելառուսում: Եթե 3-4 երկրների խորհրդարան մտածում են, որ պետք է շաքարավազի համար հատուկ արտոնություն տալ, ուրեմն պետք է տալ, ոչ թե ինչ-որ մեկն է հետեւը կանգնած: Դուք մտածում եք՝ նա այնքան ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի Պետդումայի վրա, որ կարող է ազդե՞լ»:

Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ այս փոքր երկրում հո շաքարավազը 10 հոգի չե՞ն բերելու, այնպիսի տպավորություն է, որ շաքարավազի մենաշնորհը հավերժ է լինելու՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Եթե այդպիսի պատկերացում ունեք, որ կարող է մեր մոտից մի փոքրիկ բիզնեսմեն ազդել Ռուսաստանի Պետդումայի վրա, որ նրա համար որոշում ընդունվեր, ուրեմն թող միանգամից մի 100 մլրդ փող տային, որ միանգամից օգտվեր, էլի: Իրենց համար այդ 100 մլրդ-ը շատ չի»:

Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ մեր տնտեսվարողները գողեր եւ ավազակներ չեն. «Նրանք այն մարդիկ են, որոնք այս երկիրը պահում են: Նրանց պետք է ավելի շատ հնարավորություն տաս»:

Երեկ ավարտվեցին 2015-ի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ քննարկումների ընթացքում հնչեցին տարբեր գնահատականներ նախագծի վերաբերյալ: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բյուջեն որակեց «քրքաշ յոլա գնալու» բյուջե: Այս առնչությամբ Վարդան Այվազյանն ասաց. «Եթե իմ լավ գործընկերը 3 միլիարդին քրքաշ է ասում, ես չգիտեմ՝ իրեն քանի միլիարդ է պետք: Անցած տարի այնպես չի, որ մի քիչ շատ է եղել: Ու այն նախապայմանները, որ մենք 10-20 տոկոսով աճ տանք, պետք է հասկանանք, թե որտեղ ունենք այդ զարգացումները: Մենք համատարած ունենք քաղաքական որոշում, որը պարոն Քոքոբելյանը կարող է չի կիսում, բայց ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի 90 տոկոսը կիսում է: Դա ԵՏՄ-ն է: ԵՏՄ անդամակցության հետ կապված մենք կարող ենք ունենալ որոշակի աճ՝ մի 100-200 միլիարդի աճեր: Իսկ նավթի հանքեր, բան-ման, իմ վերջին տեղեկատվությամբ, չենք գտել: Ինչ վերաբերում է քրքաշ լինելուն՝ ունենք այն, ինչ ունենք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930