Իշխող կլանը սպասելու ժամանակ չունի, նրա կեսերն իրենց հարաբերությունները որքան հնարավոր է՝ շուտ պետք է պարզեն՝ Հայաստանում հնարավոր զարգացումներն առնվազն եւս հինգ տարի վերահսկելու նպատակով։
ԲՀԿ-ի նախաձեռնած «ժողովրդական շարժումն» այս խնդիրը լուծելու՝ իշխանական կլանի համար ամենալավ տարբերակն է։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխող կլանի երկու կեսերը կհայտարարեն իրար հետ քաղաքական «բանակցություններ» սկսելու մասին։ Այնուհետեւ կհայտարարվի, որ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ ՀՀԿ-ն կհրաժարվի սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանի կառավարման կարգը փոխելուց, մասնավորապես՝ նախագահի պաշտոնը չի վերացվի։ Փոխարենը ԲՀԿ-ն կհամաձայնի, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, առավել եւս, որ այդ փոփոխություններով խորհրդարանը կդառնա 100 տոկոս համամասնական, այսինքն՝ ԲՀԿ-ի հռչակած պահանջը եւս այդպիսով կկատարվի։ Սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներում կսահմանվի, որ դրանց ուժի մեջ մտնելուց հետո, ասենք՝ ոչ ուշ, քան 80 օր, պետք է տեղի ունենան ԱԺ ընտրություններ՝ նոր 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Արդյունքում՝ իշխանության կլանի երկու կեսերն իրենց համար լիարժեք վերահսկելի իրավիճակ կունենան։
Քաղաքական համաձայնության մասին հայտարարելուց երկու ամիս անց՝ 2015-ի փետրվարի սկզբին, կարող են հաստատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Դրանից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով այն կդրվի հանրաքվեի, ասենք, 2015-ի ապրիլի կեսերին, իսկ արդեն հունիսի վերջին կարող են տեղի ունենալ ԱԺ ընտրությունները։ Դրանց արդյունքում իշխանական կլանի կեսերը կորոշեն, թե ով է «առաջինը», եւ ով՝ «երկրորդը», ու ըստ այդմ, կբաշխվեն դերերը։ Իհարկե, ԲՀԿ-ի թեւի տակ ծվարած նախկին ընդդիմադիրները հետագայում կհասկանան, թե իրենք հերթական անգամ ինչ վատություն են արել Հայաստանի ժողովրդին, բայց արդեն ուշ կլինի։ Զավեշտն այն , որ 1998-ին իշխանությունից հեռացվածները կկանգնեն նույն մարդկանց կողմից երրորդ անգամ «քցվելու» վտանգի առջեւ։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև