Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։
Երեկ Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, նա անմեղ է: Փաստաբանը նշեց նաեւ, որ Սողոյանը Չեխիայում նույնպես պաշտպան ունի, ով բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը։
Նա նշեց, որ հարցերին պատասխանել չի կարող, քանի որ Զապի կողմից հստակ ցուցում ունի ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալու։
… Ըստ ՀՀ օրենսդրության, արգելվում է ՀՀ քաղաքացիներին հանձնել այլ երկիր։ Այս մասին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով. «ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիության մասին օրենքներով արգելվում է քաղաքացուն հանձնել այլ երկիր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր միջպետական պայմանագրերում հատուկ սահմանել է, որ չի հանձնի ՀՀ քաղաքացիներին, ուստի ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացուն որեւէ երկիր հանձնելու իրավունք չունեն, որովհետեւ ՀՀ-ն վերապահում ունի բոլոր միջպետական պայմանագրերում»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Կարդացեք նաև
«ՀԺ»-ի հարցին՝ եթե չեխական կողմը, այնուամենայնիվ, հիմնավոր միջնորդություն ներկայացնի Սողոյանին արտահանձնելու վերաբերյալ, այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում, փաստաբանը պատասխանեց, որ ոչ մի դեպքում արտահանձնման իրավունք չկա անկախ նրանից, թե որ պետությունն է պահանջում, ինչպիսի գործով եւ ինչ հիմնավոր միջնորդությամբ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Չեխիայում նրա դեմ արդեն առկա է դատավճիռ, ուստի մեր երկրի իրավապահ մարմինները կդիմեն Չեխիային՝ համապատասխան նյութերը ստանալու, այնուհետեւ նրա պատժի կրումը Հայաստանում կազմակերպելու հարցով։ Չի բացառվում, որ Զապը իր պատիժը կկրի այստեղ՝ ՀՀ դատարանի կողմից կայացրած դատավճռով։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում