Հայաստանում հեղափոխություն չի եղել եւ հնարավոր էլ չէ իրականացնել` կարծում է պատմաբան Արա Պապյանը. «Եթե հեղափոխությունը լենինյան ձեւակերպումով վերցնենք` վերեւները չեն կարող, ներքեւները` չեն ուզում, դա կա ՀՀ-ում: Պարզապես խնդիրն այն է, որ ներքեւները գտել են իրենց համար լուծման այլ տարբերակ»:
Լուծման այդ տարբերակն, ըստ նրա, արտագաղթն է, որի արդյունքում հեղափոխության համար անհրաժեշտ քանակ երկրում չի ապահովվում:
Բացի այդ, պատմաբանի դիտարկմամբ, դարեր ի վեր հայ ժողովուրդը եղել է ճնշված վիճակում, ու առանց պետականության դարձել առավել հարմարվող. «Օրինակ` երիտասարդությունն ակնհայտորեն այդ հարմարվող տեսակը չէ: Երիտասարդությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել եւ պայքարում է: Ուղղակի այստեղ վատը այն է, որ պայքարող ու ազնիվ երիտասարդությունն իր տեղը չի գտնում հասարակությունում եւ արտագաղթի պատճառով այդ քանակը չի կարողանում այնքան կուտակվել, որ փոխվի որակի»:
Պարոն Պապյանը դժվարանում է հիշել հեղափոխության փորձի անգամ մեկ օրինակ: Եթե 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նա համարում է հեղաշրջում, ապա մեկ տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործողությունները` հուսահատ ընդվզում: Այս պայմաններում, ըստ նրա, գոնե իշխանափոխությունն ընտրությունների ճանապարհով, անհրաժեշտություն է. «Ընտրություններին իշխանությունները կարող են վերաբերվել օրինական, եթե նրանց վրա լինի համաշխարհային ուժեղ ճնշումը, այսինքն` նրանք պարտադրված լինեն անցկացնելու օրինական ընտրություններ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ