Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞վ պիտի պատասխան տա 17-ամյա աղջկա գլխին եկած փորձանքի համար

Նոյեմբեր 06,2014 16:00

Մոտ 10 օր առաջ Գյումրու կենտրոնական զբոսայգում կամ որ առավել հայտնի է՝ «Գորկա սադում» գտնվող թատրոնի հին շենքի տանիքը փուլ էր եկել Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանի վրա: Ընկնելով մոտ 8 մետր բարձրությունից` աղջիկը կտուրից հայտնվել էր կառույցի ներսում` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան Գյումրու բժշկական կենտրոնից «Կատատրավմա, զուգակցած փակ ողնաշարային վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք, թոքերի սալջարդ, կողերի բազմակի կոտրվածքներ, աջից` անրակի եւ թիակի կոտրվածքներ» ախտորոշմամբ ռեամոբիլով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Թե ինչո՞ւ էր Դիանան բարձրացել վթարային այդ շենք, մոր` Սուսաննա Ավետիսյանի պարզաբանմամբ՝ նա, համակուրսեցիների հետ հյուրընկալվելով Գյումրիում, դեպքի նախորդ օրը տեսել էր, որ այնտեղ նկարահանումներ են կատարում, ինքն էլ որոշել էր լուսանկարել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը: Նշենք, որ Դիանան Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է: Նրան հետաքրքրել է այն կառույցը, որտեղ մեծություններ են խաղացել, առաջին անգամ այստեղ է բեմադրվել «Անուշ» օպերան: Աղջկա մայրը վրոդվված է, որ թեեւ իր դուստրը առողջական ծանր վիճակում է, բազմաթիվ վնասվածքներ ունի. վերակենդանացման բաժանմունքից երեկ են տեղափոխել պալատ, ուսն է կոտրվել, վիրահատության կարիք կա, թոքերն են վատ վիճակում, կողերն են վնասվել, գլխի հետնամասը, սակայն ոչ մեկը չի արձագանքել: Տեղի իշխանությունները չեն հետաքրքրվել, ավելին՝ շենքի վթարային լինելու մասին պատճաշ նախազգուշացում չեն փակցրել:

Դիանայի համակուրսեցին` Մերին, «Առավոտ»-ին պատմեց, որ բարձրանալով կառույցի տանիք` աղջիկը այնտեղի պատուհաններից փորձել է լուսանկարել քաղաքը, ու հենց լուսանկարելու պահին է այդ դեպքը տեղի ունեցել` բոլորի համար անսպասելի: Լուսանկարչական ապարատի խցիկը չի վնասվել, ու լուսանկարները փոխանցել են Շիրակի մարզի քննչական կոմիտեին: Մերիի ասելով՝ իրենք եկել էին Գյումրի` այս քաղաքի տոնակատարությանը մասնակցելու: Ու մի օր առաջ` Գյումրու տոնակատարության օրը, տեսել են, որ մարդիկ աստիճաններով ներսուդուրս են անում այդ կառույցում, լուսանկարվում են: Ըստ Մերիի՝ շենքի վթարային լինելու մասին իրենք գաղափար անգամ չեն ունեցել: Իրենք էլ որոշել են հաջորդ օրը գեղեցիկ լուսանկարներ անել, ու հայտնվել են այս տխուր պատմության մեջ:

«Առավոտ»-ը փորձեց պարզել, թե ի վերջո՝ ո՞վ է պատասխան տալու 17-ամյա աղջկա հետ կատարվածի համար: Նշենք, որ Դիանայի բուժման համար մեծ ծախսեր են պահանջվում: Մոր փոխանցմամբ՝ նրա ուսը դեռ պիտի վիրահատեն, կան դեղեր, որոնք առնվազն 60 հազար դրամ արժեն: Մի շարք փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ճարտարապետական կառույցը այս պահին գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հսկողության տակ: Այս շենքում երկար տարիներ տեղակայված է եղել «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը, եղել է վերջինիս սեփականությունը, որի ղեկավարությունը, սակայն, քաղաքային նախկին իշխանությունների պահանջով ու նրանց հետ համաձայնության գալով՝ 2014 թվականի փետրվարի 17-ին այն հանձնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ Գյումրու քաղաքապետարանը ինչ-ինչ խնդիրների պահանջով այն դեռեւս իր հաշվեկշռում չի ընդունել:

«Շիրակ» հեռուստառադիոընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանը մեզ հետ զրույցում բնութագրելով պատմական կառույցը՝ ասաց. «Մենք ունենք գրություններ սեյսմիկ ծառայությունից, որ շենքը վթարային է, եւ մեր լքելուց հետո այն, բնականաբար, ավելի վթարային դարձավ: Մենք 2006թ.-ից էնտեղ չենք աշխատում, բայց միշտ այնտեղ եղել է պահակային ծառայություն: Պահակները հսկել են, նայել են, որպեսզի չթալանեն, չգողանան մեր` այնտեղ գտնվող գույքը, մինչեւ կհանձնեինք: Մեր հանձնելուց հետո էլ որեւէ աշխատանք, հսկողություն, նայել, խնամել չի եղել: Ամեն դեպքում բոլոր դռները, թվով 10-15 մուտք ունի տարբեր կողմերից, փակած են կողպեքով: Նույնիսկ մի ժամանակ կնիքներ կային դռների վրա, բացելու դեպքում անմիջապես երեւում էր, կնիքը ցույց էր տալիս, որ բացել են դուռը: Նախազգուշացնող նշաններ չեն եղել, բայց բոլոր մուտքերը փակ են եղել, շենքը, եթե նկուղն էլ հաշվենք, չորս հարկանի է, մուտքերից ներս թափանցել բավականին դժվար է: Պահակները միայն ներսն են հսկել, որպեսզի մեր գույքը չքանդեն, չտեղափոխեն, որովհետեւ ժողովուրդը սովոր է գնալ, արմատուրա հանել, պոկել: Պահակի խնդիրը այն չի եղել, որ դրսից ինչ-որ մեկը աստիճաններ դնի՝ կտուր բարձրանա, նա էլ կանխի: 3000 քառակուսի մետր է, եւ մեկ-երկու հոգին ֆիզիկապես ի վիճակի չէին այդքան տարածքը հսկել: Ես կասեմ, որ աստիճանները, որոնք տանում են դեպի կտուր, անցնում էին հենց պահակատան մոտով, եւ այդտեղ փակցված են եղել լարեր: Ես մտածում եմ, որ այս կառույցը իմացող մարդ է եղել այդ աղջկա հետ, որ էդ արանքներով նրան ուղեկցել է կտուր»: Արթուր Ղանդիլյանը շատ է ցավում կատարվածի համար, սակայն նշում է` տեսե՞լ եք «կարմիր լենտ» կապեն գնացքի գծերի վրա: «Ուրիշի սեփականություն է, ո՞վ է թույլ տալիս էդ երիտասարդներին բարձրանալ կտուր: Ցավալի է կատարվածը, պիտի փորձենք գտնել տարբերակներ՝ աղջկան օգտակար լինելու, բայց համեմատության մեջ ասեմ՝ Գյումրու Տեքստիլագործների թաղամասում կամ Բուլվարայինում լիքը քանդված շենքեր կան, ինչքա՞ն դեպքեր տեղի ունեցան էնտեղ: Վերցնենք «Շիրակ» հյուրանոցի շենքը, որ ելել, ձողերն էին քանդել. հիմա եթե այդ շենքերի վրա «կարմիր լենտ» կապենք, մարդը զգույշ կլինի՞: Ես չեմ կարծում»,- ասում է Արթուր Ղանդիլյանը:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ փաստեց, որ կառույցը դեռեւս իրենց հաշվեկշռում չի գտնվում: Նա նաեւ հավաստիացրեց, որ Գյումրու քաղաքապետը այդ դեպքից հետո անմիջապես զանգահարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենին` իր օգնությունը առաջարկելով: Վերջինս փոխանցել է, որ անհրաժեշտություն չկա, Սամվել Բալասանյանն էլ խնդրել է, որ խնդիրներ լինելու դեպքում իրեն անպայման տեղյակ պահեն: «Ցավում եմ, որ էդպիսի բան է եղել, բայց մեր քաղաքում հարյուրավոր նման դեպքեր են եղել, հո առաջինը չէ՞, քաղաքապետարանի մեղքը ո՞րն է էստեղ: Եթե օգնության հարց կա, մենք կօգնենք, բայց մեզ մեղադրելը ճիշտ չէ: Ես ինչքան գիտեմ՝ տանիք է բարձրացել էդ երեխան, էդտեղ ցուցանակ կա գրված, որ չմոտենաք, էնտեղ դուռ-լուսամուտ փակված է, ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս են բարձրացել: Մի քանի անգամ մարդիկ են եկել, ուզել ենք շենքը ցույց տալ, հնարավոր չի եղել, փակ է եղել, հատուկ մարդ ենք ուղարկել, որ գնան, բացեն, հյուրը կարողանա տեսնել: Երեւի մութ է եղել, էդ երեխան չի կարողացել տեսնել, չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց փոխքաղաքապետը:

Շիրակի մարզի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում այս դեպքի առթիվ: Մեկ օրից հայտնի կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ: Չնայած որ տվյալ դեպքում ճիշտ կլիներ քրեական պատասխանատվության ենթարկել կառավարության բոլոր այն գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ անտեսել են վթարային կառույցներում բնակվող, դրանց կողքով անցնող գյումրեցիներին, այս դեպքում նաեւ՝ հյուրերին: Գյումրիում 88 բնակելի վթարային շենքեր կան, որոնց սպասվում է Դիանայի ճակատագիրը: Զարմանալի է, որ դեռ այսքանից հետո խոսում են Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնելու մասին ու այն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակում` թույլ տալով, որ մշակութային, պատմական արժեքները փուլ գան մարդկանց գլխին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930