Վերջերս ակտիվացել են քննարկումները, որոնք վերաբերում են կրթական հաստատություններից տարկետման իրավունքի ամբողջական վերացմանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մագիստրանտ Դավիթ Խաժակյանը: Նրա փոխանցմամբ՝ ստացվում է հետեւյալը. «Աշակերտները զորակոչվելու են բանակ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, իսկ ներկայումս բուհերում անվճար սովորողները` բուհի ընթացիկ կուրսը ավարտելուց հետո: Այս տարի կառավարությունը ասպիրանտուրա ընդունվողների համար նախատեսել էր 140 տեղ՝ անվճար եւ տարկետման իրավունքով ուսուցման համար: Փաստացի ստացվում է, որ հարցի շրջանակներում միայն նշված 140 գիտնականներն են, որոնք չեն ծառայելու զինված ուժերում եւ իրենց գործունեությունը իրականացնելու են գիտական ասպարեզում»:
Դավիթ Խաժակյանը նաեւ նշում է, որ տարկետման իրավունքը վերացնելու անհրաժեշտության մասին խոսելիս մեր պաշտոնյաները պնդում են, թե ուսանողները օգտագործում են այդ տարկետման հնարավորությունը, որպեսզի խուսափեն բանակից եւ դիմում են կոռուպցիոն ռիսկերի կամ առնվազն չեն ծառայեցնում այդ տարկետումը ի շահ գիտության, ինչը, նրա կարծիքով, խնդիր է: Սակայն մագիստրանտը գտնում է, որ եթե համակարգում կան արատավոր երեւույթներ, դա դեռ չի նշանակում, որ պետք է պատժել իրապես գիտությանը նվիրված անձանց` զրկելով նրանց բուհական կրթության իրավունքից. «Նման պարագայում պետք է գնալ մեխանիզմների ճշգրտման ճանապարհով, այլ ոչ՝ իրավունքի սահմանափակման»:
Խաժակյանը մատնանշելով ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ կետը, որով հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք, ասում է՝ «Սա նշանակում է, որ մրցութային տեղերի քանակը, բաշխումը եւ մեխանիզմները ենթակա են կառավարության կողմից հաստատման, սակայն ամբողջական վերացումը կդիտվի որպես Սահմանադրության այս հոդվածին հակասող քայլ: Փաստացի կստացվի, որ բուհական կրթություն ստանալ ցանկացող ավարտած ուսանողը կզրկվի մրցութային հիմունքներով ուսուցումից»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.11.2014
եըհ
Բարև ձեզ ես չեմ հասկանում,դուք ձեր օրենքներով մեր ճակատագրի հետ եք խաղում?Ինչ է նշանակում տարկետումը վերանալու է?Ես որոշել եմ բժշկական համալսարան ընդունվել անվճար,և ուզում եմ,որ շատ լավ բժիշկ դառնամ,ու իմ նման շատ տղաներ:Այսինքն ես պետք է գնամ բանակ իզուր 2 տարի կորցնեմ հետո գամ ու այդ ժամանակ արդեն հարցական է ես դեռ կուզենամ շարունակեմ ուսումս թե ոչ:Շատ սխալ բաներ եք անում;
Եթե ես բանակից գամ ես 100 տոկոսով էլ չեմ ուզենա բժիշկ դառնամ:Բացի դրանից ես 2 տարվա ընթացքում ահագին բաներ մոռացած կլինեմ,և ինչի ես պետք է նստեմ նորից այդ ամբողջը սովորեմ,թե ինչ է բանակ եմ գնացել,2 տարի իզուր կորցրել եմ;