Չնայած մաշված, գնացած հին լոզունգ է, սակայն այն այսօր էլ արդիական ու կիրառական է: Չունենալով կադրային քաղաքականություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը տանուլ տվեց: Նրա իշխանության գալով ծնվեց եւ մինչեւ օրս փթթում է՝ «Ով մեզ հետ չի՝ նա մեզ դեմ է» կարգախոսը, ինչն էլ բերում է ինքնաոչնչացման, ցավոք, այս պարագայում տուժում ենք ազգովի: Վերջերս կառավարության նիստի որոշմամբ Սյունիքի մարզպետ կրկին կարգվեց միակ ու անկրկնելի Լիսկան, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որի քրեական անցյալն ու աթոռին բազմելը չի դադարում քննարկման նյութ լինելուց: Չկրկնվելու համար՝ չեմ անդրադառնա Հանրապետական կուսակցության սիրելի ու անփոխարինելի կադրին, միայն կասեմ, որ հեղափոխությունն ու անկախությունը նրան փրկեցին իր «փառահեղ» անցյալի տրամաբանական ավարտից եւ նա հայտնվեց բոլորովին այլ կարգավիճակում: Ինչեւէ… եթե լավ փորփրենք, ապա շատ կառավարիչներ պետք է հայտնվեին այնտեղ, ուր հիմա բացակա է Լիսկան: Քանի որ նման կադրերի ռեյտինգն անսահման բարձր է մեզանում եւ հասկանալի պատճառով առայժմ նրանք պահանջված են իշխողների համար, որոշեցի ուսումնասիրել մեր մյուս մարզպետների անցյալն ու մարզպետի կարգավիճակում ծավալած նրանց գործունեությունն ու դրսեւորած վարքը: Կարծում եմ՝ նպատակս պարզեցի՝ հիմնել «Մեր մարզպետները» շարքը: Բնական է, որպեսզի խտրականություն չդնեմ, պետք է սկսեմ այբբենական կարգով՝ Արագածոտնի մարզպետից (մյուսները թող սպասեն): 2009թ. մայիսի 29-ից ՀՀ Արագածոտնի մարզը ղեկավարում է Սարգիս Սահակյանը:
Ի տարբերություն հանրահայտ Լիսկայի, վերջինս քայլել է ուղիղ ճանապարհով, չունի քրեական անցյալ, ավելին՝ ավարտելուց հետո՝ 17 տարեկանում ընդունվել է բուհ՝ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը եւ ստացել անասնաբույծ-ինժեների որակավորում:
Պրն Սահակյանը թող չնեղվի համեմատությանս համար, քանզի Սյունիքի մարզպետի վերանշանակման առիթով իր կարծիքը լրատվամիջոցներով հայտնելիս, ասում էր, որ նա հրաշալի մարդ է երկրի համար: Ի դեպ, ամենեւին խնդիր չունենալով պաշտպանել Լիսկային (նա դրա կարիքը չունի, քանզի աշխարհի լավագույն պաշտպաններն ունի), սյունեցիք ասում են, որ նա բազում բարեգործություններ է անում, ուսման վարձեր է փոխանցում, իսկ ձեր դեպքում մարզի բնակիչներն ասում են, որ ձեր երեխաների ուսման վարձերի փոխանցումը պարտադրել եք գյուղապետերին: Չար լեզուներն ասում են նաեւ, որ դուք չեք կառավարում ձեր մարզը, այլ քրեական հարուստ անցյալով, կրթություն չունեցող ձեր եղբայրը, ով նոր է որոշել կրթություն ստանալ եւ նա էլ պարտադրել է գյուղապետերին փոխանցել իր, իր ու ձեր երեխաների ուսման վարձերը, ինչի պատճառով էլ գյուղապետերից ոմանք այսօր կրում են իրենց պատիժը՝ պետական միջոցները չարաշահելու համար:
Շուրջ 2 տարի է՝ շրջանառվում է Ս. Սահակյանի պաշտոնանկության հարցը, հասկանալի է, որ նրա աթոռը երերում է, բայց նա վրայից չի ընկնում: Չունենալով որեւէ կանխակալ վերաբերմունք պարոնի հանդեպ, փորձեցի գոնե ինձ համար պարզել ծագած ինչուների (ինչո՞ւ է երերում, եւ ինչո՞ւ չի ընկնում) պատասխանները: Փաստեմ ամենաուշագրավ դիտարկումներիցս: Զարմացա, երբ պրպտումներիս արդյունքում գտա hayeli.am -ի ամիսներ առաջ հրապարակումը (https://hayeli.am/article/196120/): Մարզպետի ամբողջական պատկերը տվել են Աշտարակի բնակիչները՝ բաց նամակով դիմելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ կետ առ կետ ներկայացնելով իրենց դժգոհությունն ընդդեմ Արագածոտնի մարզպետի: Նամակի պատճենները հասցեագրված էին նաեւ ԱԺ նախագահին ու մի խումբ պատգամավորների, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն մինչեւ օրս անարձագանք է, ինչո՞ւ:
Կարդացեք նաև
Չէի ցանկանա կրկնվել, այդուհանդերձ, մեջբերեմ որոշ մեղադրանքներ. «Ս. Սահակյանն իր կողմից նշանակվող պաշտոններում նշանակումներ կատարելու համար համատարած պահանջում է կաշառքներ, որոնք սկսվում են 150 դոլարից եւ հասնում են մինչեւ տասնյակ հազարավոր դոլարների` կախված տվյալ պաշտոնի ընձեռած հնարավորություններից: Հաճախ մարզպետը թափուր պաշտոններում նշանակումները կատարում է ուշացումով, որպեսզի այդ նշանակման դիմաց ավելի մեծ գումար ստանա: Արդյունքում՝ Աշտարակում պաշտոնների են նշանակվում այնպիսի անձինք, որոնք չեն տիրապետում համապատասխան մասնագիտական գիտելիքների: Բանը հասել է նույնիսկ նրան, որ մարզպետը, յուրացնելով դպրոցների տնօրենների լիազորությունները, նման եղանակով նշանակում է նույնիսկ դպրոցի ուսուցիչներին` անտեսելով նրանց գիտելիքները եւ առաջնությունը տալով նրանց վճարունակության մակարդակին: Ավելին, Ս. Սահակյանը թափուր հաստիքներ ստեղծելու եւ նոր գումարներ վաստակելու համար կրճատում է գործող աշխատակիցների հաստիքները, այդ հիմքով ազատում նրանց, եւ որոշ ժամանակ անց, այլ անձանցից գումարներ վերցնելու դիմաց, կրկին վերաբացում է այդ հաստիքը եւ գումար տվող անձին նշանակում այդ պաշտոնում»:
Մի այլ փաստարկ էլ բերեմ՝ հարգարժան նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի 2 տարի առաջ արած բացահայտումներից: Պատգամավորը մեծ դժվարությամբ հասել էր այն բանին, որ մարզի մի շարք գյուղերի գազիֆիկացման համար ֆինանսներ էին տրամադրվել, մինչդեռ միայն մեկ համայնքում էր իրականացվել գազիֆիկացում, մյուսներում այդպես էլ ոչ մի գործ չի արվել, չնայած գումարները փոխանցվել են։ «Միլիոնները տարել են, բայց ոչ մի բան չկա։ Ո՞վ է տարել, 3 տարի է՝ բերանս չորացավ այդ մասին խոսելով, Արագածոտնի մարզպետը տենդեր է հայտարարում եւ հաղթում է իր եղբայրը»,- ասել էր ասուլիսում Անահիտ Բախշյանը:
Արագածոտնի մարզպետի եղբորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կոչվում է «Ես եւ նա»: Երեւի այսուհետ ավելի հարմար կլինի այն վերանվանել՝ «Ես ու դու», քանզի ձերոնց համար «նա» գոյություն չունի: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մշտապես տենդերները նույն կազմակերպության շահելու դեպքում՝ մշտապես աշխատանքով ապահոված են լինում նույն մարդիկ, բնական է, որ մարդկանց մի ստվար զանգված էլ մշտապես գործազուրկ է դառնում եւ ստիպված աշխատանք են փնտրում դրսում, արդյունքում՝ երկրում մնում են ծերերը, հաշմանդամներն ու երեխաները: Իսկ մարզում ո՞վ պետք է առաջին հերթին անհանգստանար մարդկանց զբաղվածության հարցով, եթե ոչ դուք… այդպես է դատարկվում մարզն ու երկիրը: Դուք նպաստում եք, որ այն դառնա մեռնող երկիր: Մեզանում «Քաղծառայողի մասին» օրենքով ամրագրված է՝ արգելվում է մոտ հարազատների միմյանց ենթակայության, համատեղ քաղաքացիական ծառայողների աշխատանքը: Սա քաղծառայողների պարագայում, սակայն ինչո՞ւ չունենք նման մի օրենք ֆինանսական առնչությունների պարագայում, որ պետական փողերով չեն կարող գործընկերներ լինեն հարազատները կամ գործընկերների միջեւ մեկ կամ երկու գործարքից ավելի չի կարող լինել, ինչով մասամբ կկանխվեր պետական բյուջեից ուղիղ գծային հոսքը՝ սեփական գրպանները, եթե ուզում ենք, որ Հայաստանում գոյատեւեն մարդիկ… Կարծում եմ, սա օրենքի միտումնավոր բաց է, որ պետք է լրացվի, եթե, իրոք, ուզում ենք երկրում առաջընթաց ապահովել, չնայած միշտ էլ այն շրջանցելու տարբերակ մեզանում գտնում են, քանզի երկրում անկախությունից ի վեր արդար մրցույթներ ու ընտրություններ չեն կատարվում: Դրանց համար էլ դուք եւ ձեր նմանները պահանջված եք… Այո, չնայած պահանջված եք, բայց այդ գործում էլ ձեզ չեք արդարացրել, ընտրություններում հանրապետականներն Աշտարակում պարտվեցին, իսկ դուք «մեղքը» փորձում եք բարդել քաղաքապետի վրա, ինչի արդյունքում փորձում եք նրանից ազատվել:
Դեռ անցած տարի հունիսին լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է սոցիալական իրավիճակը մարզում եւ, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞, դուք պատասխանում եք՝ «Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»: Մինչդեռ մարզի Հարթավան գյուղի տարեց բնակիչների փաստմամբ՝ ՌԴ Յակուտսկ քաղաքը վաղուց է դարձել Հարթավանի «ֆիլյալը», իսկ գյուղում հիմնականում տարեցներն են, երեխաներն ու կանայք: Ի դեպ, ասեմ, իմացեք՝ Յակուտիայի հասարակական տրանսպորտում աշխատողների մեծ մասը հայեր են, իսկ նրանց մոտ 80 %-ն՝ ապարանցի: Կամ ստում եք, կամ անտեղյակ եք, երկուսն էլ ձեր օգտին չեն խոսում, իսկ անտեղյակությունը դեռ չի զարդարել ոչ մի պաշտոնյայի, պրն Սահակյան:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2014