«Ֆինանսական բուրգի գործով» ամբաստանյալի
մայրը դիմել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին
Հարգելի պարոն նախարար, ես՝ Փառանձեմ Հակոբյանս, հանդիսանում եմ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցի» կալանավոր Արթուր Վասիլի Անդրեասյանի մայրը։
Դիմել եմ Ձեզ մի քանի անգամ՝ նկարագրելով որդուս տարած դժոխային տանջանքները ձերբակալության ժամանակահատվածում։
Նախ՝ նոր ձեռք բերված էպիկրիզի մասին. ձերբակալության օրը՝ 05.08.2013թ., որդիս ընկնում է հիպերտենզիայի մեջ եւ անզգա վիճակում՝ ոստիկանները գրկած տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Շտապօգնություն եւ վերականգնողական բաժանմունք» եւ որոշ չափով (իսկությունը չգիտենք) վիճակը կանոնավորելուց հետո (չնայած նշված բուժհսկողությանը), տեղափոխում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, 12 տեղանոց խուց, որտեղ կար 20 կալանավոր:
Սա ինքնին Սահմանադրության կոպիտ խախտում է եւ խոշտանգում, ծաղր հիվանդ մարդու նկատմամբ՝ ընդունված ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրակոնվենցիայի հիմնարար օրենքներով։
Հայտնում եմ նաեւ, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռ. Ստեփանյանի կողմից գրված գրության՝ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Անդրեասյանի 20.08.2014թ. հետազոտության եզրակացության մեջ արձանագրված է, որ ձախ թալմուսի շրջանում եղած լակունար կիստաները նախորդ հետազոտության համեմատ մեծացել են. չափերը 1.2 X 3.6 X 4.6 մմ, 2008թ.֊ին արձանագրված է եղել 0.8 X 0.25 X 0.6 մմ։
Կլինիկայում նկատվում է բացասական դինամիկա»: Իսկ ավելի ռեալ ուսումնասիրության արդյունքում դարձյալ փոփոխվել է եւ միաժամանակ նշվում է՝ «Վիլլիցյան օղը» փակ է եւ արյունամատակարարումը նվազել է, որը եւ ապացուցում է՝ անազատությունը ոչ միայն բացասական է, այլ նաեւ կյանքի համար վտանգավոր։
Հիմա, հիվանդանոցի բժիշկների կարծիքով, որդուս գլխում լարված «ռումբ» կա, որն ամեն վայրկյան կարող է պայթել։
Գլխուղեղը սնուցող երակի վրա է գտնվում հիվանդությունը (անեւրիզմա), եւ մինչեւ հիմա ոչ մեկը չէր համարձակվում նույնիսկ առաջարկել վիրահատություն։ Որդուս հարկավոր է ամենօրյա, ամենժամյա խնամք, կանոնավոր սնուցում եւ. կանոնավորում դեղամիջոցներով, իսկ նա զրկված է հիմնական օգնությունից։
Միաժամանակ հայտնել եմ Ձեզ, որ նախորդ միջգերատեսչական հանձնաժողովը պատշաճ չի կատարել իր պարտականությունները եւ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ պարոն Տ. Սահակյանի հետ հանդիպման ժամանակ որոշվեց, որ եթե որդուս վիճակը վատացել է, պահանջեմ նոր՝ լրացուցիչ փորձաքննություն։
Պարոն նախարար, որդուս կյանքը հիմա գտնվում է Ձեր ձեռքերում։ Հայտնում եմ Ձեզ, որ պատասխանը պետք է ներկայացնեմ ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանին։
ՓԱՌԱՆՁԵՄ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2014