Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երգերիս մեջ հույս կա, էդքան էլ մռայլ չեն»

Նոյեմբեր 06,2014 13:30

Ռուբեն Հախվերդյանն ասում է, որ ստեղծագործում է շուրջ 30 տարի, 17 տարեկանից: 1968թ. նրա առաջին հեղինակային երգերով հեռուստաբեմադրությունը՝ Շտոկի «Սատանայի ջրաղացը», մինչ օրս էլ տարբեր առիթներով դրական հուշեր է արթնացնում: Ի դեպ, այդ ներկայացման ժապավենը կասկածելի հանգամանքներում կորավ ու կորավ:

Այդ աշխատանքին հետեւեցին նաեւ Մետերլինգի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յան Չոշեկի «Պաշտոնի բարձրացումը» եւ այլն: Հախվերդյանը բեմադրություններ իրականացրեց Գ. Սունդուկյանի անվան ազգային եւ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում՝ Դրուցե՝ «Սրբություն սրբոց», Հ. Մաթեւոսյան՝ «Կայարան»: Շուրջ 10 CD-ի հեղինակ է, առաջինը՝ «Սիրո եւ հույսերի երգեր», թողարկվել է 1985թ., Փարիզում: Հիմա էլ արվեստագետը զուգահեռ աշխատում է երկու CD-ների վրա: Մեկը հայկական ռոմանսներ են՝ նաեւ իր քնարական երգերով, մյուսը՝ ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ է պատրաստում: Հախվերդյանը իբրեւ հեղինակ-կատարող վաղուց ցանկալի հյուր է հայկական գաղթօջախներում: Այս փաստը ինքն էլ չի հերքում: Օրերս երգիչ-երգահանը վերադարձել է մոսկովյան շրջագայությունից: Ասում է, որ ընդհանրապես դրսում իր համերգները կազմակերպում են անհատներն ու հայկական մշակութային միությունները:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Մոսկվայում իրեն մոտեցել են ուսանողներ, որոնք թարգմանել են իր երգերը, չնայած հեղինակը դրանք այնքան էլ չի ողջունում: Նրա խոսքերով՝ թարգմանված երգի պարագայում հնչյունաբանություն չկա, երգը մի տեսակ իր գույնը գցում է, խամրում: «Բայց Լիոնում 20-րդ դարի մեծանուն արվեստագետներ ուսուցիչներիս՝ Ժակ Բրելի, Ժորժ Բրասսանսի հայրենիքում, որտեղ երգերիս տեքստերը ժամանակին միաժամանակ ֆրանսերենով թարգմանվում էին էկրանին, ինձ գոհացնում էր, որովհետեւ ֆրանսերենում էլ շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա… Ասենք, Սերբիայում արտիստը կարդում էր երգերիս տեքստերը, Չեխիայում ինձ ընդունում էին իբրեւ մեծագույն արվեստագետ… Իսկ ռուսերեն թարգմանությամբ տողերս ինձ չգոհացրին: Բայց, ամեն դեպքում, շնորհակալ եմ նաեւ նրանցից»,- ասում է Հախվերդյանը: Անվանի գրականագետ, թարգմանիչ Լեւոն Հախվերդյանի որդին հավաստիացնում է, որ ռուսաստաններում ու ամերիկաներում, երբ խոսում են հայերեն շարահյուսության շուրջ, օրինակներ են բերում նաեւ իր տողերից: Այս առիթով իրեն լավ է զգում, իր խոսքերով՝ «նշանակում է ուժերիս ներածի չափով պահպանել եմ մայրենիս»:

Ռեպլիկին՝ հավանաբար իրեն ավելի շատ ընդունում են նախկին խորհրդային երկրներում, մեր զրուցակիցն ասաց. «Այո, իմ երգերը հոգեհարազատ են հատկապես սովետական ճամբարի ժողովրդին: Որովհետեւ սերբերի, չեխերի, ռուսների, ուկրաինացիների եւ լագերի մյուս ժողովուրդների հետ մեր բողոքը հայտնի է: Իհարկե, ունեմ բողոքի երգեր պատերազմի ու նման բաների դեմ, բայց գիտեք, չէ՞, ամենից շատ ինչն եմ սիրում: Ամենից շատ սիրում եմ մանկական երգերս՝ «Զատիկը», «Թզուկը», «Իմ փոքրիկ նավակը»…»:
Ճանաչված արվեստագետը, համակարծիք լինելով մեզ հետ, թե վաղուց նոր բան չի ստեղծագործում կամ քիչ է գրում, ասաց. «Իհարկե, նոր բան չեմ գրում: Թունավոր մթնոլորտ է տիրում մեզանում, զայրացած են մարդիկ, որ մեզ ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալները, անգետ ու նեղմիտ իշխանությունը: Մարդկանց դարձրել են հուսահատության գերին ու թունելի վերջում էլ լույս չի երեւում… Դե, ես հասարակության մի մասն եմ ու ախր ո՞նց չասենք, որ երկիրը դատարկվում է երկրաչափական պրոգրեսիայով, ինչը վաղուց գաղտնիք չէ: Ժողովուրդն էլ տեսնում է, որ ոչ թե իշխանությունն է ծառայում իրենց, այլ իրենք են ծառայում իշխանությանը: Կարճ ասած՝ ժողովուրդն իրեն կողոպտված է զգում իր իսկ իշխանությունների կողմից»:

Ռուբեն Հախվերդյանը համամիտ եղավ դիտարկմանը, թե արվեստագետի լավագույն արժանիքներից մեկն էլ այն է, որ անհույս ժամանակներում հույս ներշնչի մարդկանց: «Երգերիս մեջ, իհարկե, հույս կա, էդքան էլ մռայլ չեն: Հենց, օրինակ, «Նախագահական ընտրություններ» երգը: Նույն մտքերն եմ արտահայտում իմ բանաստեղծություններում, ինչ որ բոլորն են մտածում…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե մշտապես միտինգների մասնակից Ռուբեն Հախվերդյանը ի՞նչ է ակնկալում նման միջոցառումներից, արվեստագետն ասաց. «Իհարկե, եթե Երեւանում եմ, ուրեմն մասնակցում եմ միտինգների: Պետք է ոչ միայն համակարգը փոխվի, այլ նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր կողոպտել են պետությանը, ասել է թե մեզ՝ ժողովրդիս»:
Ռեպլիկին, թե CD-ները թողարկում է մեծահարուստների տրամադրած միջոցներով, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Աջակցում են «Տաշիր գրուպը», «Բարգավաճ Հայաստանը»… Նշանակում է՝ նրանք տեսնում են, չէ՞, որ իրենց երեխաներն, օրինակ, սիրում են այդ երգերը: Մտածում են, որ դրանք պիտանի «ապրանք» են, ավելին՝ հոգեւոր արժեք իրենց ու զավակների համար: Մյուս կողմից՝ շարունակում եմ ու դեռ կգրեմ, որովհետեւ տեսնում եմ, թե Հայաստանում, եթե նույնիսկ մայրենիով են երգերը, ապա դրանց գերակշիռ մասը, միեւնույն է, հայերեն չեն, ուրիշ լեզվով են»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930