Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերդավանի երաժշտական դպրոցն անգամ սանհանգույց չունի

Նոյեմբեր 06,2014 13:01

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքը, շատ հնարավոր է՝ տաղանդավոր քանոնահարուհի կորցնի, եթե այդպես էլ պայմաններ չստեղծվեն 13-ամյա Ադելա Ազատյանի (լուսանկարում) երաժշտական զարգացման համար: Այս երեխայի համար Բերդավանի երաժշտական դպրոցի ուսուցիչները «կռիվ» են տալիս. «Ռուզանն ասում ա՝ Ադելաիդաս ուրիշ ա, ասում եմ՝ մենակ քոնը չի, բոլորինս ա, ասում ա՝ ախր չեք պատկերացնում ինչ աշխատանք եմ դրել իր վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը: Տնօրենը ափսոսում է, որ դպրոցը, ունենալով 65 աշակերտ, հագեցածությամբ չի փայլում: «Գյուղապետը օգնեց, գնեցինք 7 դաշնամուր, 4 քանոն, բայց դե հասկանալի է, որ առածն էլ՝ հնամաշ: Էդ քանոններն այնքան ենք ուղարկել Երեւան` նորոգելու, որ մի օր մնալու են կես ճանապարհին: Գյուղապետարանը նոր տեխնիկա գնելու հնարավորություն չունի՝ 26 աշակերտ ունենք ու 4 հնամաշ քանոն»,- ասաց տիկին Նասիբյանը:

Ադելան պատմում էր, որ շատ ուշադիր են, որ գոնե համերգների ժամանակ գործիքը չարգելակվի, բայց հենց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Տավուշ կատարած այցի ժամանակ, երբ փոքրիկ Ադելան քանոնը վերցրեց ձեռքը, հասկացավ, որ լարից ընկած է: «Նվագելու ժամանակ մտածում էի՝ միայն թե այլ խնդիրներ չառաջանան»,- ասում է քանոնահարուհին:

Երաժշտական դպրոցը, բացի երաժշտական գործիքներից` շենքային խնդիրներ էլ ունի: «Ամռանն աշակերտների հետ միասին վերանորոգում էինք դպրոցը. առաջին անգամ ձեռքերս վեր բարձրացրեցի ոչ թե նվագելու, այլ մաքրելու՝ վերանորոգելու համար», – փաստում է դպրոցի տնօրենը:

Երաժշտական դպրոցը տեղակայված է Բերդավանի նախկին զորամասի շենքի երկրորդ հարկում: «Մեր գյուղում երաժշտական դպրոց չկար, երեխաները կողքի գյուղ էին գնում կամ Նոյեմբերյան, ծնողները երեխաներին նույնիսկ մեր տուն էին բերում, մինչեւ գյուղապետին խնդրեցինք՝ 1997 թվականին տարածք տվեց: Սկզբից տարածքը մի սենյակ էր, որը ո՛չ դուռ ուներ, ո՛չ պատուհան, ո՛չ էլ լույս»,- պատմում էր Մարինե Նասիբյանը: Նրա պատմելով՝ մոմի լույսի տակ աշխատել են այնքան ժամանակ, մինչեւ ծնողների հետ համատեղ քիչ-քիչ դուռ-պատուհան են դրել ու սենյակներ ավելացրել: «Համ էլ շատ տհաճ է, երբ երեխաները դասի գան մի տեղ, որտեղ շուջբոլորը կրակոցների հետքեր են: Դժվարություններից չեմ հուսահատվում, անգամ դրանք իմ տարերքն եմ համարում»,- հավելում է Մարինե Նասիբյանը:

1997 թվականից բացված երաժշտական դպրոցը միայն 2005-ին է ստացել համապատասխան հավաստագիր: Սկզբնական շրջանում այստեղ եղել են միայն դաշնամուրի եւ քանոնի բաժիններ, հետո ավելացել է շվի, թառ, շեփոր, սրինգ: Վերջինս Հայաստանում, ըստ տիկին Նասիբյանի, միակն էր. «Հիմա, ճիշտ է, դադարեցվել են սրինգի դասերը, բայց եկող տարվանից կվերսկսենք»:

Դժվարությունները հեշտ հաղթահարելու համար խնդիրները խառնում են օրվա հումորային իրավիճակների հետ ու օրերն այդպես անցկացնում: Մարինե Նասիբյանը, բացի տնօրեն լինելուց, նաեւ դաշնամուր է դասավանդում: Ասում է. «Բոլորը գիտեն, որ ոնց չեմ սիրում, երբ դասը խանգարում են, կամ դուռը բացում-փակում: Մի օր, սոլֆեջիոյի դասի ժամանակ մեր հավաքարարը մինչեւ դասի ավարտը մի 4 անգամ դուռը բացեց-փակեց, զարմացած նայում ու առանց ձայն հանելու գնում էր: Դասից հետո մոտեցա՝ հարցնեի պատճառը, ասում է՝ այ մարդ, ես զարմանում եմ՝ քեզ ինչի՞ համար են փող տալիս. գոնե երեխեն նստի դաշնամուրի մոտ, դու ես նստել, երեխեքին էլ հեռու նստացրել, որ ի՞նչ սովորեն»:
Ինչպես նշեցինք, դպրոցը նախկին զորամասի շենքի երկրորդ հարկում է, առաջին հարկում տնտեսական խանութ է, անասնաբուժական կենտրոն եւ անգամ մսի խանութ, ու այդտեղ աշխատողները մշտապես հաճույքով լսում են երեխաներին: «Մեկ-մեկ, որ կատակում ենք, թե ո՞րն է երաժշտական դպրոցը, ասում ենք այն, որի վրա գրված է՝ միս»,- ժպտալով պատմում է Նասիբյանը:

Ուսուցիչների պատմելով՝ արվեստասեր հասարակություն ունեն, անգամ եթե իրենց երեխաները ելույթ չեն ունենալու, այնուամենայնիվ՝ գալիս են, միայն չեն կարողանում հանդիսատեսին տեղավորել, դահլիճ չունեն՝ ընտրում են ամենամեծ դասասենյակը ու մնացած աթոռներն էլ շարում միջանցքում:

«Էս վերջին կրակոցների ժամանակ երեխաները դրսում միջոցառում էին կազմակերպում, որպեսզի ինչ-որ չափով ցրեն վատ տրամադրությունը: Նույնիսկ սահմանային լարված շրջանում ոչ մի երեխա չէր բացակայում դասերից, ու դրանք կրակոցների ձայների տակ էին անցնում, բայց էլի հումորով էինք մոտենում այդ ամենին, աշակերտիս ասում էի՝ Հրանտ ջան, դու շեփորդ ավելի բարձր նվագի, դրանց կրակոցների ձայնը դու երաժշտությամբ խլացրու»,- հիշում է Մարինե Նասիբյանը:

Մարինե Նասիբյանն արդեն 30 տարի է՝ աշխատում է, որն աննկատ չմնաց նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աչքից եւ Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ տնօրենին շնորհակալագրով պարգեւատրեց:

Բերդավանցիների այգիները կպած են ադրբեջանցիների հողերին եւ շատերը չեն էլ կարողանում մշակել իրենց հողատարածքները: «Մեր տունը այնքան մոտ է, որ երբ թշնամու զինվորները դիրքերում խոսում էին, մեր տանը լսվում էր»,- նշում է տիկին Մարինեն:

Բերդավանը գազիֆիկացված է, բայց երաժշտական դպրոցը ջեռուցում են փայտի վառարաններով: Տիկին Նասիբյանի պատմելով` քամու պատճառով սենյակներում միշտ ծուխ է լինում: Դպրոցի կոլեկտիվի անդամներն ասում են, որ իրենց սաների թիվը գնալով աճում է, բայց տարածքային պայմանները թույլ չեն տալիս, որ ընդլայնեն, 7 սենյակ ունեն, հաշվետու համերգների համար նախատեսված դահլիճ անգամ չունեն ու դա դեռ քիչ է՝ մեկ այլ ցավալի խնդիր կա դպրոցում, որի մասին ուսուցիչները ցավով էին խոսում` դպրոցը սանհանգույց չունի:

Այս խնդրով դպրոցի տնօրենն էլ է մտահոգված, բայց շենքում հարմար տարածք չկա սանհանգույցի ստեղծման համար. «Պետք է շենքի կողքից կցակառույցով ավելացվի, բայց դա գումարների հետ է կապված, որ ո՛չ դպրոցը, ո՛չ էլ գյուղապետարանը դեռեւս չեն կարողանում տրամադրել: Գյուղապետարանը դեռեւս մտահոգված է տանիքը փոխելու հարցով, հիմա, որ անձրեւ, ձյուն գա, կսկսի կաթել ու վերանորոգած սենյակներն էլ կփչանան»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930