Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը՝ եւ սուր, եւ վահան

Նոյեմբեր 06,2014 12:30

«Մոլորություններու վրա ծիծաղիլն
առաքինության
ճամբուն գտնվիլ կենթադրե»
Հ. Պարոնյան

Մասնագիտությամբ իրավաբան, գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը ստեղծագործական քառորդդարյա ճանապարհին արեւերես է արել իրավական, խոհական, երգիծական թեմաներով երկու տասնյակից ավելի չափածո եւ արձակ ժողովածուներ, որոնք հայտանշում են գրողի նախասիրությունների, ժանրային բազմազանությունների ոլորտները, գրական վաստակի արգասաբերությունը:

Վերջերս լույս տեսած հերթական՝ «Խեղկատակները» չափածո եւ արձակ գործերի հավաքածուն նախորդ գրքերի օրգանական, տրամաբանական շարունակությունն է՝ կյանքի հրատապ խնդիրներին արձագանքելու, ժամանակի եւ առկա մթնոլորտի իրական պատկերը ներկայացնելու իմաստով՝ պայմանավորված հասարակական նոր պահանջներով ու մտահոգություններով: Կեցության, բանականության, բարոյականության եւ հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագրի մասին խորհելիս, գրողը երգիծելու միջոցով ի ցույց է դնում կյանքի արատավոր երեւույթները, աղճատված արժեքներն ու հարաբերությունները՝ ելակետ ունենալով իրավաբարոյական սկզբունքները, մարդկային մտքի իմաստությունը եւ մեր ժողովրդի պատմական փորձը՝ տոգորված իր ընկալումների, պատկերացումների զուգորդումներով, պատկերամտածողական ինքնատիպ դիտողականությամբ: «Խեղկատակները» կենցաղային օգտակար ժողովածու չէ, այլ գաղափարների, իդեալների, իրական կյանքի ստվերոտ կողմերը երգիծանքի միջոցներով ճշմարիտ պատկերելը, մարդկային իրավունքները, արժանապատվությունը բարձր պահելու հավերժական կոչ է:

Այսինքն՝ հասարակական բովանդակությամբ շաղախված գաղափարները, դատողությունները, մտորումները եւ գրողական անխոտոր հայացքը մշտապես ներհյուսված են անհատի եւ հանրության կյանքին, մարդու իրավունքներին ու ազատություններին, ապրելու եւ գործելու արդարամիտ կեցվածքին եւ սոցիալ-քաղաքական երանգավորում ունեն: Կենդանի միջավայրից, հասարակական կյանքի փաստերից, իրողություններից վերցված եւ պատմական հոլովույթի պատկերներում գրողը պարսավում ու խարազանում է հասարակության առաջընթացը խոչընդոտող հոռի բարքերը, ամենաթողությունը, պաշտոնյա եւ օլիգարխ այրերի, երեսփոխանների խոսքի ու գործի հակասությունները, շահասիրությունը, իշխանության համար համատարած մրցավազքը, կոռուպցիան, արտագաղթը եւ բարոյականին անհարիր նեգատիվ եւ այլ երեւույթներ:

Մելիք-Սարգսյանն այդ ամենը բացահայտում, չափաբերում է արդարության ու ճշմարտության լույսի ներքո՝ հումորի ու զավեշտի, սուր ծաղրի, սարկաստիկ խոսքի շեշտերով՝ համակված ցավի ու մտահոգության, համոզմունքի ու չարի դեմ հաղթանակի իմացական զգացողություններով:

Ժողովածուի երկու՝ «Չափածո գործեր» եւ «Կատակների եւ հուշերի պատառիկներ» բաժինների գործերում բաց տեքստով, ժողովրդական բառ ու բանով, երբեմն նաեւ այլաբանորեն առանձնաշեշտվում է այն միտքը, որ կյանքում ու արվեստում ծիծաղը, հումորը, ծաղրը, սրամիտ խոսքը հզոր զենքեր են եւ հանդես են գալիս թե՛ որպես սուր, թե՛ որպես վահան: «Չափածո գործեր» շարքից առանձնաշեշտելի են «Խեղկատակները», «Բաղձանքս», «Հոգուս խռովքը», «Դատարկ փուչիկներ», «Երեսփոխանները», «Հաչող շներ», «Ի՞նչ է կատարվում», «Փառատոները» բանաստեղծությունները: Ահավասիկ մի քառատող «Հոգուս խռովքը» չափաբերականից. «Չեմ կարող զսպել հոգուս խռովքը, // Ախր մենք շատ ենք տառապել, հյուծվել,// Պետք է սասանել խավար դժոխքը, // Եվ արդարության դրոշ ծածանել»:

Բանաստեղծական խոսքի ծաղրալից, խստաշունչ երանգը, հատու շեշտերը, մեկեն տեղի են տալիս կամ ուժեղանում են, երբ կարդում ենք «Կատակների եւ հուշերի պատառիկներ» բաժնի արձակ էջերի մանրապատում-հումորեսկները, մտերմիկ ժպիտ ու բարեհոգի վերաբերմունք հարուցող վերհուշային պատումները: Դրանցում Մելիք-Սարգսյանն իր հիշողությունների հիման վրա հումորի անխառը զգացումով պատմում է անցյալի իրադարձությունների, հանդիպումների, զրույցների, մտերիմների ու գրչակից ընկերների մասին: Կենդանի, տպավորիչ եւ սրամիտ պատմություններով են տոգորված ու վերստեղծված Արամայիս Սահակյանի, Հովհաննես Մելքոնյանի, Ալբերտ Փարսադանյանի, Հորիզոնի, Գագիկ Կարապետյանի, գաղթական պապի, Գուրգեն Բալայանի մարդկային նկարագրին բնորոշ նրբագծերը, քաղաքացիական կեցվածքի էական կողմերը: Վկայակոչենք «Զուգադիպություն», «Մազափունջ», «Ճանճերը», «Որտեղ փնտրել պաշտոնյային», «Աքլորի ձվերը» եւ այլ թեմաներով գրված «Ճշմարտամոտ բառախաղեր», «Դատական երկխոսություններ», «Կատակներն ու խեղկատակները» արձակ էջերը՝ սրամիտ խոսքի եւ հումորի վայելքը, ըմբոշխնումը թողնելով ընթերցողին:
Երգիծանքի լիարժեք գործեր են նաեւ «Գռմռոցներ գազանանոցում», «Փսփսոցներ գժանոցում», «Բաց պատուհաններ» եւ մյուս արձակ գործերը, որոնք շատ իմաստալից են եւ ընթերցվում են մեծ հափշտակությամբ:

Այստեղ, իրավամբ, կարող էի վերջակետել շարադրանքը: Բայց աններելի վրիպում կլիներ «Խեղկատակները» հավաքածուից ուշադրության չարժանացնել արդիական բովանդակություն ունեցող «Հայաստանը եւ մայդանը», «Ղրիմը ու Ղարաբաղը», «Աթայի խրատը խաթա լամուկին», «Մի լքիր հողդ» եւ «Ցեղասպան իժը եւ իր պատիժը» բանաստեղծական հայրենազգաց հղումներն ու մտորումները: Դրանց վերնագրերն արդեն իսկ յուրահատուկ կոչնակ ու մարտահրավերներ են՝ տոգորված պատմաքաղաքական, ազգային, պետականաշեն գաղափարներով ու թեմատիկ արծարծումներով: Հիշատակված բանաստեղծություններում Մելիք-Սարգսյանը երգիծանքի ողջ զինանոցի զինամթերքով անարգանքի սյունին է գամում բազմաերես ու խառնակիչ աշխարհի հզորներին, թուրք ազերիների եղերնագործ, ծավալապաշտական գործողություններն ու նկրտումները, հայատյաց լկտիությունն ու ցինիկահոխորտ հիստերիաները: Գրողը, սակայն, չի տրտնտջում, չի ընկրկում, նահանջի ու խեղճության ելեւէջ անգամ չի հնչեցնում, այլ ինչպես մեր պատմության բոլոր հանգրվաններում, ոգեկոչումի, զորընդեղ հավատի հավաքական կամքի, սեփական ներուժի հանդեպ վստահության, դիմակայելու նվագներ է սերմանում՝ հայրենի սրբազան հողն ու հիշատակները, ազգային պետականության հիմքերն ամուր պահելու անսասան հավատով՝ Արցախյան հերոսամարտի, հայոց բանակի հաղթական ուժի հավատով: Խորը եւ անպարագիծ լավատեսությամբ, ոգու, կենդանի բարոյականության, ազգային բարձր արժանապատվության կենսալից թրթիռներով է լեցուն «Ցեղասպան իժը եւ իր պատիժը» բանաստեղծությունը: Ներքոհիշյալ քառատողը, ահավասիկ, այդ ամենի առհավատչյան է. «Ազատել ենք մեր չքնաղ Շուշին,// Հերթը գալու է Վանին ու Մուշին,// Որ շուրջպար բռնենք Մասիսի փեշին,//Փառք տանք հաղթական հայոց դրոշին»:

Գիրքը նկարազարդել է Գուրգեն Բալայանը:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Հ.Գ. «Խեղկատակներ» գրքի քննարկումը կազմակերպվել է Մշակույթի հայկական ֆոնդում: Ելույթ ունեցան Ա. Ավագյանը, Ժ.Հակոբյանը, Հորիզոնը, Գ. Բալայանը, Լ. Թոփուզյանը եւ ուրիշներ: Գրքից հատվածներ կարդաց դերասան Ամիրան Գալստյանը:

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930