Օրերս Գյումրիում սպանվածի հարազատները հարբած վիճակում դաժան ծեծի էին ենթարկել շտապօգնության աշխատակիցներին ու վարորդին, վնասել նրանց մեքենան՝ հասցնելով մոտ 300 հազար դրամի վնաս:
Ընդ որում, դա առաջին դեպքը, չէ, երբ Գյումրիում շտապօգնության աշխատակիցների են ծեծում: Մի քանի տարի առաջ էլ Գյումրիում նման աղմկահարույց դեպք եղավ, երբ շտապօգնության բժշկին քաղաքացին բռնի ուժով իջեցրել էր ավտոմեքենայից եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել գլխին, որովայնին, մարմնի տարբեր հատվածներին, հետո բժիշկ Աշոտ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր ու նա մահացել էր հենց հիվանդի տանը:
Այս առնչությամբ Aravot.am-ը գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրեց՝ սա արդեն որերորդ դեպքն է, ինչո՞վ է բացատրվում գյումրեցիների նման պահվածքը շտապօգնության բժիշկների նկատմամբ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը արդեն մտահոգությունէ հայտնում, որ բժիշկները չեն ուզում մարզերում աշխատել, հնարավո՞ր է Գյումրիում շտապօգնության բժշկի պահանջարկ լինի, մարդիկ վախենան այնտեղ աշխատել:
Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Թեկուզ եթե մեկ դեպք լինի, դա անընդունելի է: Ես, որպես գյումրեցի, շատ վատ եմ զգում այդ միջադեպի համար: Գյումրեցու համար սպիտակ խալաթը հագած բժիշկը հրեշտակ է, այդպես են նրան ընդունում: Եվ այսպիսի բացառությո՞ւն: Գիտեք, որ երկրաշարժից հետո ինչ հերոսական աշխատանք կատարեցին բժիշկները: Ես հիշում եմ, որ պատին մեխ էին մեխում եւ կաթիլային միացնում: Գերմանացի բժիշկները, որ այդքան փորձ ունեին, խոնարհվում էին մեր բժիշկների առաջ, որ այդ պայմաններում, երբ որեւէ սանիտարական պայման չկար, նրանք կարողանում էին վիրահատություն կազմակերպել: Նման անընդունելի վերաբերմունքը ես դատապարտում եմ: Օրենքի խստությամբ պետք է պատժվեն՝ Գյումրիում դա կլինի, թե ՀՀ մեկ այլ մարզում: Բայց գյումրեցիները շատ լավ են վերաբերվում բժիշկներին: Այսօր մարդկանց սոցիալական վիճակից ամբողջ մարդկանց ներվային համակարգն է խախտված: Թե ինչքան մենք գործ ունենք առողջ բանական մարդու հետ, թե՞ ուղղակի պահի տակ իր էմոցիաներին ու ներվերին տեղի տված քաղաքացու հետ, ես չգիտեմ: Չեմ ուզում արդարացնել, ինձ համար դա անընդունելի է: Սա նաեւ գալիս է նրանից, որ պետք է լուրջ ուսումնասիրություն անենք եւ պատճառները վեր հանենք, հասկանանք, թե ինչն է պատճառը: Ցանկացած բանական մարդ պետք է ընդունի, որ իրեն եկել է փրկողը, որը եկել է առաջին օգնություն ցույց տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ