Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-ը Աղավնավանքին  օգո՞ւտ է

Նոյեմբեր 05,2014 23:23

Ամռանը գյուղի հողերը լիարժեք չեն ոռոգվում:

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը գտնվում է Դիլիջանի տարածաշրջանից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի հարեւանությամբ: Նախկինում ադրբեջանաբնակ գյուղն այժմ  ունի շուրջ 300 բնակիչ, որոնք  Ադրբեջանի Վարդաշենի, Շամխորի եւ այլ շրջաններից բռնագաղթածներ են:

Մի քանի տարի առաջ երեւանցիները  գեղեցիկ բնություն ունեցող  Աղավնավանքում  իրենց համար որպես ամառանոցներ տներ են գնել, դրանք վերանորոգել: Աղավնավանք համայնքի ղեկավար  Վարդան Գրիգորյանը հայտնեց , որ  երեւանցիներն այլեւս իրենց  գյուղում տներ չեն գնում:

Նախկինում Աղավնավանքի դպրոցում օտար լեզու եւ հասարակագիտություն դասավանդած  Վ. Գրիգորյանը այս տարվա մարտի 9-ին ընտրվել  է համայնքի ղեկավար, ապրիլի 26-ին՝ անցել իր պարտականությունների կատարմանը:

Նրան հարցրի Աղավնավանքում, Գետիկ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի մասին: Գյուղապետն  ասաց, որ երբ ինքը սկսել է  պաշտոնավարել, փոքր հիդրոէլեկտրակայանն արդեն կառուցված էր: Այն կառուցել է  «Էյ-Էն-ԴԻ-Ջի սթայլ» ընկերությունը:  ՀԷԿ-ի աշխատակիցների մեջ միայն մեկ աղավնավանքցի կա:  ՀԷԿ-ը կառուցած, այն շահագործող ընկերությունը Աղավնավանքի  ՀԷԿ-ի աշխատանքն ապահովելու համար համայնքապետարանի հետ  համայնքային նշանակության հողերի վարձակալության պայմանագիր ունի,որի համաձայն  տարեկան 132 հազար դրամ վարձակալության գումար է  մուծում համայնքի բյուջե:  Աղավնավանքի տարեկան բյուջեն փոքր է՝ 4 միլիոն 900 հազար դրամ, որից 3,5 միլիոնը կազմում է պետական լրավճարը:

Գյուղապետը չգիտի, թե որքա՞ն է կազմում փոքր ՀԷԿ-ի հզորությունը, այն որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրում:  Վարդան Գրիգորյանն ասաց,  որ նախկինում փոքր ՀԷԿ-ը ղեկավարում էր դրա բաժնետերերից Նիկոլայ Գրիգորյանը:  Համայնքի ղեկավարը չգիտի , թե ո՞վ է այդ ձեռնարկության ներկայիս տնօրենը: Վ.  Գրիգորյանը հայտնեց, որ ՀԷԿ-ի խողովակաշարն անցկացնելիս քանդել էին համայնքի կենտրոնական ճանապարհը, ինքը այդ կապակցությամբ խնդրել է Նիկոլայ Գրիգորյանին, եւ  ճանապարհը հարթեցվել է:

Գյուղապետն ասաց, որ ՀԷԿ-ը Գետիկից ջուր վերցնելու հետեւանքով  այս տարվա ամռանը գետում ջուրը խիստ պակասել էր:  Դա  խնդիր առաջացրեց գյուղի  հողերը գետի ջրով ոռոգելու  համար:  Աղավնավանքի նախկին գյուղապետ  Վարդուշ Ներսիսյանը անցյալ տարի մեզ ասել էր, որ  դիմելու է  փոքր ՀԷԿ-ի սեփականատերերին, որպեսզի  ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից ձրի կամ կես գնով մատակարարվի 100 տուն ունեցող Աղավնավանքին:  Վարդան Գրիգորյանն ասաց, որ  փոքր ՀԷԿ-ից գյուղին ձրի կամ  զեղչով հոսանք չի մատակարարվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930