Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու փողային նվագախմբի`ջարդված գործիքներով ու պատառոտված կոշիկներով  Ֆրանսիայում Գրան Պրի շահելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2014 22:50

Aravot.am-ի  հետ զրույցում  Շիրակի մարզպետի խորհրդական, Գյումրու կուլտուրայի բաժնի նախկին վարիչ  Հասմիկ Կիրակոսյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց  Գյումրու փողային նվագախմբի  հետերկրաշարժյան գործունեությունից:

Ըստ նրա, երկրաշարժից հետո` 1991 թվականի ձմռանը, երբ Գյումրին լրիվ ավերակ էր, շուրջբոլորը  քարուքանդ,  մարդիկ անորոշության մեջ էին, անհույս ապագայի հանդեպ,  հանկարծ հրավերք են ստանում Ֆրանսիայի Վիլ-Ֆրանշ քաղաքից` օգոստոսին «Եվրոշեփոր»  փողային փառատոնին մասնակցելու համար: Հասմիկ Կիրակոսյանին  իր մոտ է հրավիրում  Լենինականի այն ժամանակվա քաղսովետի նախագահ Կարլեն Համբարձումյանը` հանձնելով մի նամակ: «Կարլեն Համբարձումյանն ինձ ասաց` հը՞ Հասմիկ,  սխալ են ուղարկել նամակը, մենք հիմա ի՞նչ կարող ենք  անել…Ես  մտածեցի ու ասացի` մենք երևի կկարողանանք մասնակցել, նա զարմացած հարցրեց` ինչպե՞ս», -պատմում է Հասմիկ Կիրակոսյանը:

Ըստ նրա, Գյումրին սիրող մի խումբ մարդկանցով ընկել են  դռնեդուռ` փողային նավագարանների  երաժիշտներին իրար գլխի հավաքելու համար: «Նրանց հավաքեցինք  «Տեքստիլագործների» մշակույթի պալատում, ցուրտ, սառնամանիք,  հագել ենք բոլորս տաք, ինչքան որ հնարավորություն ունենք, ու մեկս մյուսիս հարցնում ենք` դու ո՞ւմ գիտես: Մեկը հիշում մյուսին, ասում է` գիտեք,  էս մեկը երկրաշարժից հետո գնացել է Սուխումի ընտանիքով, մյուսը` Արզնիում է… Ասում եմ` ինչ հնարավորություն ունեք, հավաքեք տղաներին: Մի 10-15 օր հետո զանգում են, թե եկեք, տիկին Կիրակոսյան, հավաքվել ենք: Մտնում եմ` ի՞նչ տեսնեմ. մի մեծ բանակ է հավաքվել.  մի 40-50 հոգի տղաներ, որոնց կեսը դատարկաձեռն է  եկել, գործիք չունեն, մյուսներն էլ` իրենց ջարդված  գործիքներով: Ասի, տղաներ, գիտեք,  մեզ հրավիրել են ամռանը մասնակցելու «Եվրոշեփոր» փառատոնին, բոլորը միաբերան` մենք կմասնակցենք, տիկին Կիրակոսյան: Մի խոսքով, այդ ձմեռային ճանապարհը անցավ ահավոր տանջանքով, չարչարանքով, բայց այնքան սիրով ու նվիրումով, որ մի 2-3 ամիս հետո դարձավ երաժշտություն: Առաջին  երաժշտությունը «Անուշ» օպերայից էր. «Ամպի տակից ջուր է գալիս» երաժշտությունը նվագեց մեր նվագախումբը»:

Տիկին Կիրակոսյանի պատմելով, այդ հավաքից հետո իրենք նամակ են գրել փառատոնի կազմակերպիչներին` պաշտոնապես հաստատելով իրենց մասնակցությունը: Վերջիններս էլ, իրենց հերթին  խնդրել են նվագախմբի անդամների լուսանկարները: «Մենք  մեր տելեգրեյկեքով, հին զգեստներով,  ջարդված գործիքներով նկարները որ ուղարկեինք,  բնականաբար, մենք մերժում կստանայինք, այդ փայլուն Ֆրանսիայում, սիրո կենտրոնում  էդպիսի նվագախումբ… Ինչքան էլ ուզում էիր սիրուն նվագել, միևնույնն է` արտաքինի համար չէին ընդունի»:

Հասմիկ Կիրակոսյանի պատմելով, հենց  այդ ժամանակ  գուլպանասկեղենի մասնավոր ֆաբրիկայի մասնաճյուղ էր ստեղծվել, իսկ Աղինի ճանապարհի վրա կոշիկի  փոքր ձեռնարկություն էր բացվել, ինքը խնդրել է  նասկիներ  ու  կոշիկներ կարել նվագախմբի տղաներին: Նավգախմբի տղաներին սպիտակ կոստյումներ են կարել տվել, մատիտով նրանց  ոտքերն են նկարել թղթի վրա ու տարել են կոշիկի արտադրամաս: «Իհարկե, կոշիկները մոտավոր էին կարվել, մեկինը մեծ էր եղել, մյուսինը  փոքր էր ստացվել, բայց Մոխրոտիկի նման սեղմեցին ու հագան, որովհետև պատվախնդրության հարց էր: Եվ մեր նվագախումբը պատրաստ էր, ճանապարհածախսի հարցում մեզ  օգնեց Լորիս Ճգնավորյանը»,- հիշում է Հասմիկ Կիրակոսյանը: Նա նաև հիշում է, որ Ֆրանսիայում պիտի նվագեին, որ  մուտք ունենային  փառատոնին, մեր փողայինը կատարել է   «Սասունցիների պարը», որը շատ է դուր եկել մասնակիցներին, մյուս ազգությունները սկսել են դոփել հայերի հետ: Դրանից հետո սկսվել են համերգային այցելություններ ու այսպես ասած քայլք այդ քաղաքի փողոցներում, պիտի պտտվեին ամբողջ փողոցներով:  «Մեկ էլ տեսնենք, քայլքի ժամանակ մեր դուբիստը`Արշակը, հետ է ընկել, չի կարողանում քայլել:Հարցրի` ի՞նչ է եղել, ասեց` կոշիկիս հետևը պոկվել է: Տղաները լար ճարեցին, ծակեցին կոշիկի հետնամասը, անցկացրեցին լարը, ձգեցին, գիտե՞ք դա ոնց է ցավեցնում ոտքը, և Արշակը` էդ ծանր գործիքը ձեռքը, էդ ցավոտ ոտքով ամբողջ փողոցներով քայլեց»:

nvagaxumbՔայլքի ընթացքում մեկ այլ տխուր պատմություն է էլ գրանցվել.  թմբկահարի  ձեռքից արյուն է հոսել, որովհետև հետերկրաշարժյան գործիքը  այնքան հին  է եղել, որ վնասել է: Նա  ձեռքը կապել է թաշկինակով, և դա  նկատել են իրենց դիմացից քայլող շվեդները: Շվեդական նվագախումբը ամբողջ կազմով  երեկոյան թակել է հյուրանոցի սենյակի դռները ու Գյումրու  փողային նվագախմբին   թմբուկ  նվեր բերել: «Մեր տղաները գիտեք ո՞նց էին նվագում, ծռած գործիքներն էին ուղղում, գործիքներ կային, մնացել էին երկրաշարժի  փլատակների տակ: Եկավ մրցանակաբաշխությունը, փառատոնի ժամանակ այնպիսի փայլուն նվագախմբեր էին մասնակցում, որոնք կարծես  ասեին` արև դուրս մի գա, մեր փայլը բավ է աշխարհին, ինչ դեֆիլեներ, ինչ պարային համույթներ, ինչ աղջիկներ էին նվագախմբերից  առաջ գնում, ինչ շքեղություն, ինչ   շորեր…  ու մեր համեստ նվագախումբը… Այնտեղ  սեղանի վրա դրված էին  դիպլոմներ  և փոքրից մեծ գավաթներ էին շարված, առանձին դրված էր Գրան Պրին`մեծ մրցանակը: Ես մտածում էի, որ մեր քաղսովետի նախագահն էդքան  չարչարվել է, քաղաքը մեզ ճանապարհել է, գոնե դիպլոմներից տան, տանենք, ասենք բոլորին էլ դիպլոմ տվեցին, մեզ էլ են դիպլոմ տվել: Դիպլոմները    բաժանեցին, մեզ բաժին չհասավ, հետո սկսեցին բաժանել մրցանակները` 25 երկրի, ողջ եվրոպական էլիտային  հերթով տվեցին, մեզ էլի չհասավ: Ասում եմ,  այ քեզ խայտառակություն, մեզ ոչ մի բան չհասավ, մենք ո՞նց պիտի վերադառնանք: Ու հանկարծակ խշշոց սկսվեց. լսում եմ ժյուրիի նախագահի հայտարարությունը. մինչ այդ նա չէր խոսում, հաղորդավարն էր խոսում, ձայնը տվեցին ժյուրիի նախագահին, նա ձեռքը վերցրեց Գրան Պրին ու ասաց ` Գրին Պրին տրվում է Հայաստանին` Լենինականին: Չեմ կարող այս մասին անարցունք  խոսել,  չեք պատկերացնի` ինչ հուզմունք  ապրեցինք, որովհետև էդքան դժվարությամբ կոշիկ ճարես, նասկի ճարես, շոր կարել տաս, ծռված գործիքները ուղղես, քիչ ուտես, քայլես էդ փողոցներով` թեկուզ պատռված կոշիկներով ու  հանկարծ տանես Եվրոպայի Գրան  Պրին…» :

gavatՀասմիկ Կիրակոսյանի ասելով, Հայաստանը թեև այդ ժամանակ դեռ անկախ չէր,  սակայն ինքը իր հետ վերցրել էր հայկական դրոշը, ու առաջին անգամ Եվրոպայում  եռագույնը  բարձրացրել է Գյումրու փողային նվագախումբը:  Փողային նվագախմբի ղեկավարը`Գեորգի Ձամուկաշվիլին, հաղթանակից հետո չափ է տվել   ողջ երկրների նվագախմբերին` որպես  հաղթող երկրին ընձեռված պատիվ:

Մանրամասները`  տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Շատ շնորհակալ եմ եմ հեղինակին, համ կարդում էի, համ արտասվում…

  2. Anna says:

    Շատ շնորհակալություն գեղեցիկ հոդվածի և տեսանյութի համար:Իրականում շատ հուզիչ է,իսկ տիկին Հասմիկի անկեղծ խոսքը՝ շատ տպավորիչ: Ափսոս է նման մարդիկ ունեցող մեր երկիրը, որ գնում է դեպի կործանում…

    • Armen says:

      Աննա ջան, մեր երկիրը կործանում չի գնում: Նրանք, ովքեր ուզում են տանեն, իրենք են կործանվելու: Իսկ Հայաստանը նորից ոտքի կկանգնի շնորհիվ Շանթի, Վոլոդյայի եւ նրանց նմանների: Մենք դեռ խոսք ունենք ասելու աշխարհին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930