Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապագա մարզպետը նախկին մարզպետի մասին. «Էդգար Ղազարյանին ավելի լավ պաշտոնի են տեղափոխել»

Նոյեմբեր 05,2014 21:21

Վայքի հանրապետական քաղաքապետը վաղը Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի:

 

Վաղը Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է պարոն Սարգսյանին մարզպետ նշանակելու առաջարկը, որն, ըստ կայքէջի փաստաթղթի, հավանություն կստանա:

Հարություն Սարգսյանը մինչ Վայքի քաղաքապետի պաշտոնը ստանձնելը 2008 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսը եղել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը վստահեցրեց, որ մարզպետ դառնալուց հետո որեւէ կադրային ջարդ չի լինի, քանի որ, ըստ Սարգսյանի, մարզպետարանում բոլորը պրոֆեսիոնալ աշխատողներ են. «Ես քաղաքապետ դառնալուց հետո էլ որեւէ աշխատակցի չեմ ազատել աշխատանքից»:

Իսկ թե առաջին քայլը, հրամանը, կամ խնդիրը որը՞ կլինի, որ պատրաստվում է լուծել, այս հարցին էլ պարոն Սարգսյանն ասաց, որ մինչեւ մանրամասն չծանոթանա, չի կարող ասել. «Խնդիրներ շատ կան, բայց պետք է լավ ծանոթանամ, հետո որոշում կայացնեմ»:

Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք մտավախություն չունի՞ նախորդ մարզպետ Էդգար Ղազարյանի ճակատագրին արժանանալու` կարճ ժամանակ աշխատելուց հետո հանեն եւ այլ գործի ուղարկեն, պարոն Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ մեր նախկին մարզպետը վատ գործի է գնացել, նրան չեն ազատել, այլ ավելի բարձր պաշտոն են տվել, ավելի լավ աշխատանքի են տեղափոխել»: Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում Հայաստանի հանրապետության դեսպան:

Մեր մյուս հարցին էլ` արդյոք ճիշտ չէ՞ մարզպետի պաշտոնը դարձնել ընտրովի, այլ ոչ ներկայիս պես` նշանակովի, պարոն Սարգսյանն ասաց, որ թեեւ ինքը ճաշակել է ընտրովի պաշտոնի քաղցրությունը եւ Վայքի քաղաքապետ է ընտրվել, բայց իր խոսքերով ասած` «Իմ դեմ կամ կողմ լինելու խնդիր չէ, դա Սահմանադրությամբ է այդպես, եւ մենք բոլորս միասին ենք ընտրել Սահամանադրությունը»: Պարոն Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ է:

Հարություն Սարգսյանը բավականին երկար ժամանակ աշխատել է հարկային մարմնում. 1996-ին Սյունիքի տարածաշրջանի Վայքի շրջանի հարկային տեսչության գույքային հարկերի խմբի պետական հարկային տեսուչ, Սյունիքի տարածաշրջանի Վայքի շրջանի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա` 2001 թվականից Պետեկամուտների Վայոց Ձորի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ, զբաղեցրել է այլ պաշտոններ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930