Ազատության հրապարակում մեկնարկած Անոնիմուսների երթից ոստիկանության բաժին բերման ենթարկված ակտիվիստ Վահագն Մինասյանը պատմում է, որ ավելի քան մեկ ժամ է, ոստիկանությունում է, բայց ոստիկանները դեռ բերման ենթարկելու իրավական հիմք չեն ներկայացրել:
«Հետիոտնի համար սահմանված վայրերում օվալաձեւ տիրույթում, որը կոչվում է անվտանգության կղզյակ, անոնիմուսի դիմակով ու որպես քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի պաստառով կանգնած էինք, ոստիկանները մոտեցան ու խնդրեցին դուրս գալ ճանապարհից: Իրենց հրամանատարը հրահանգ տվեց՝ եթե չենթարկվենք նրանց պահանջին, բերման ենթարկել մեզ: Շարունակեցին պնդել, որ դուրս գանք, ես չմերժեցի՝ պայմանով, որ հիմնավորեն, որ այդտեղ կանգնել չի կարելի: Դուրս եկանք մայթ, բայց իրենք նման նորմատիվ ակտ, կետ չներկայացրին, որ մեր կանգնած վայրը անվտանգության կղզյակ չէ»,- պատմեց Վահագն Մինասյանը:
Նրա խոսքով, Բաղրամյան մեկ հասցեում ոստիկանները, բռնություն կիրառելով, իրենց բերման են ենթարկել.«Ոստիկանության մեքենան կանգնեցրին ու մեզ բռնի ուժով նստեցնելով, բերեցին ոստիկանության բաժին: Բռնությունների կոմպլեքս էր՝ թե քաշքշեցին, թե հրեցին, թե մեր ձեռքերը ոլորեցին: Մենք պահանջում էինք իրավական հիմք ներկայացնել, բայց ոստիկանները ոչինչ չէին խոսում, լուռ էին: Մենք ավելի քան մեկ ժամ ոստիկանությունում ենք, եւ դեռ իրավական հիմք չեն ներկայացրել: ՊՊԾ-ի ծառայողների զեկուցագիրն էլ չկա, որ բաժնում, տեղում կարողանան արձանագրություն կազմել»:
Ոստիկանության կենտրոնի բաժին բացի Վահագն Մինասյանից բերման են ենթարկվել եւս 7 ակտիվիստի՝ Դվին Իսանյանցին, Մաքս Սարգսյանին, Արա Պետրոսյանին, Սուրեն Սահակյանին, Արտակ և Հերբերտ Գևորգյաններին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ