Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի նամակը` Գալուստ Սահակյանին 

Նոյեմբեր 05,2014 20:06

«Պատգամավորների առաջարկած նախագծով հնարավոր է կախվածություն առաջանա տվյալ օգնությունից եւ նվազեցնի աշխատելու ցանկությունը»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանին, Հովհաննես Մարգարյանին, Լեւոն Դոխոլյանին եւ եւս 2 պատգամավորների առաջարկում է ձեռնպահ մնալ  «Բազմազավակ  ընտանիքների  աջակցության  եւ  բազմազավակ մայրերի  պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումից եւ  համագործակցել կառավարության հետ :

Բանն այն է, որ ՕԵԿ պատգամավորները օրենքի նախագիծ են  ներկայացրել կառավարությանը, սակայն ինչպես գրված է կառավարության վաղվա նիստի օրակարգի 2 հարցում , նախագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին: 
Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակ-հիմնավորման մեջ գրված է, որ պատգամավորների նախագծով առաջարկվող աջակցությունը մարդկանց մոտ կախվածություն կառաջացնի օգնությունից. «Նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում դրամական օգնություն` ընդ որում այն չափով, որ բազմազավակ ընտանիքների չափահաս անդամների մոտ հնարավոր է առաջացնի կախվածություն տվյալ օգնությունից եւ նվազեցնի աշխատելու ցանկությունը: Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին», «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: Նախագծի ընդունումը կբերի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման: Միայն առողջապահության ոլորտի լրացուցիչ ծախսերը կկազմեն շուրջ 415,0 մլն դրամ: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը, գնահատելով բարձրացված խնդրի կարեւորությունը, հարկ է համարում նշել, որ բազմազավակ ընտանիքներին տրվելիք արտոնությունների առաջնահերթությունն ունի լուրջ ուսումնասիրության կարիք եւ արդեն իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բազմազավակ  ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» հետազոտությունը, որի արդյունքում կներկայացվեն բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների առաջնահերթ լուծմանն ուղղված առարկայական առաջարկություններ` համապատասխան ֆինանսական գնահատականներով: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումները, նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ համագործակցել կառավարության հետ»: Վարչապետի նամակին կից ներկայացվում է այն որոշումների  եւ իրավական ակտերի ցանկը, որոնցում փոփոխություն անելու համար 6 ամիս ժամանակ կպահանջվի, եթե պատգամավորների նախագիծն ընդունվի: 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930