Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի հոբելյանին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնում

Նոյեմբեր 05,2014 18:55

Այսօր երեկոյան կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հերթական համերգը՝ Խաչատրյանի անվան եռյակի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ:

VAZGENՀամերգը նվիրվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին և բացվելու է Վազգեն Սարգսյանին նվիրված տեսաֆիլմով։

«Խորհրդանշական է, որ մենք մեր համերգաշրջանը սկսեցինք Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությամբ՝ Բեթհովենի Եռակի համերգի կատարմամբ, և այսօրվա համերգով էլ, որը, ըստ էության կլինի մեր այս տարվա ամենամեծ համերգը, եզրափակում ենք այն», – նշեց Եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը այսօր հետմիջօրեին կայացած մամլո ասուլիսում։

Նա տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար, Ջութակի կոնցերտը և Դաշնամուրի կոնցերտը։

Տիկին Գրիգորյանը հավելեց, որ ճեմասրահում կազմակերպվելու է մեծն Խաչատրյանի անձնական իրերի ցուցադրություն, որոնք հիմնականում առնչվում են կատարվելիք Կոնցերտներին։

Տողերիս հեղինակը, ով պատիվ է ունեցել անձամբ ծանոթ լինելու Սպարապետին եւ տարիներ շարունակ շփվելու նրա հետ, ասուլիսի մասնակիցներին հարցրեց, թե ինչպիսի՞ էմոցիոնալ ազդեցություն կարող է ունենալ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կերպարը երաժիշտների վրա՝ կատարման ընթացքում, մանավանդ՝ ականավոր ռազմական-պետական գործչին նվիրված ֆիլմի դիտումից հետո։

«Կարելի է հետևյալ զուգահեռը տանել հայ ժողովրդի երկու ականավոր զավակների միջև․Արամ Խաչատրյանի հանճարի շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց հայկական երաժշտությունը, և դրա միջոցով՝ հայ ազգին և Հայաստան երկիրը, իսկ Վազգեն Սարգսյանը անգնահատելի ներդրում ունեցավ «հայոց բանակ» հասկացության, այսինքն՝ հայոց անկախ պետականության վերածնման մեջ, և այստեղ զուգահեռն ակնհայտ է», -ասաց Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը։

Արմինե Գրիգորյանի խոսքերով, այս ականավոր հայորդիներին միավորում է այն, որ երկուսն էլ եղել են առաջնորդներ, լիդերներ, ովքեր կարողացել են իրենց ետևից տանել մարդկանց մեծ զանգվածներ։

Ջութակահար Կարեն Շահգալդյանը նշեց հետևյալը․ «Ցավո՛ք, երբ ես Հայաստան տեղափոխվեցի, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այլևս ողջ չէր, և ինձ համար նա բառիս բուն իմաստով լեգենդ է․․․ Նրա կերպարն ինձ հիշեցնում է հայկական առասպելների հերոսներին․․․Գիտե՞ք, Խաչատրյան կատարելը պարզապես անհնարին է առանց ինչ-որ մի հերոսական, լիդերական էներգիա զգալու թե՛ մենակատարի, թ՛ե դիրիժորի, և թե՛ երաժիշտների կողմից։ Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանի՝ ի վերուստ տրված անհատական հատկությունները, առաջին հերթին՝ մարդկանց իր ետևից տանելու առումով, շատ ներդաշնակ են Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հետ»։

Գուրգեն Խաժակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930