Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք մաքսանենգի դեմ պայքարել` Վրաստանի դեմ պայքարեք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2014 17:52

Արդեն տեղեկացրել ենք, որ դեղերի դրոշմապիտակավորումը հանգեցնելու է մի շարք խնդիրների: Կառավարությունը պատճառաբանում է,  թե փոփոխությունը դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ է պայմանավորված. կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։

Aravot.am-ն այսօր Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) նախագահ Սամվել Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի կառավարության այս հիմնավորման մասին: Պարոն Զաքարյանն ասաց, որ դրոշմապիտակավորումը գների եւ ստվերի դեմ պայքար է, բայց մաքսանենգությամբ զբաղվողները, ոչ լեգալ դաշտում գործողներն, այնպիսի տաղանդավոր ուղեղներ ունեն, որ ցանկության դեպքում բոլոր հնարավոր եւ անհնար դեպքերում կեղծ դեղերը դրոշմապիտակավորվածի տակ կարող են վաճառել:

Պարոն Զաքարյանը պատմեց, որ օրինակ Վրաստան գնացող-եկող տաքսիստն իրեն պատմել է թե ինչպես է պայուսակներով Վրաստանից դեղեր բերում Հայաստան, մաքսանենգ ճանապարհով, ընդ որում Վրաստանում դեղերը 20% էժան են, քանի որ ավելացված արժեքի հարկ չկա. «Եթե ուզում եք մաքսանենգի դեմ պայքարել` Վրաստանի դեմ պայքարեք»:

Այսօր «Հայացք» ակումբում պարոն Զաքարյանն ասաց, որ 2 տարի առաջ կառավարության հետ հուշագիր են ստորագրել ըստ որի, դեղերի ոլորտում որեւէ փոփոխություն պետք է քննարկվի մասնավոր հատվածի հետ, ինչը դրոշմապիտակավորման պահանջի` «Առեւտրի եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխության դեպքում չի կատարվել:

Մեր դիտարկմանը, որ ԴԱՆ-ը, դեղարտադրող ու ներմուծող ընկերությունները բազմիցս հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել առողջապահության նախարարության հետ դեղերի շուկայի վերաբերյալ, պարոն Զաքարյանն ասաց, որ ֆիննախն առանց որեւէ մեկի կարծիքը լսելու դրոշմապիտակավորման մասին փոփոխությունը «սաղացրել է», ապա Ազգային ժողովը հապշտապ ընդունել է:

Պարոն Զաքարյանի խոսքերով`« Հայաստանում տարեկան շրջանառությունը 100 միլիոնի չափ է, եթե նույնիսկ իրենց պնդմամբ 15-20% ստվեր կա, դա նշանակում է` 10 միլիոնը տեղական արտադրությունն է, որից 5 միլիոնը էքսպերտ է, որը դրոշմապիտակավորելու կարիք չունի, այսինքն` դուրս է գալիս պետությունը 1 միլիոն դոլարի չափ գումար է ծախսելու, որ դրոշմապիտակ տպի, արդյունքում 4-4.5 միլիոն շահույթ ակնկալի»:

Տեղական արտադրության 50% տոկոսն արտահանվում է, ընդ որում դրսում արդեն խնդիր է առաջանալու դրոշմապիտակավորված հայկական դեղի հետ, ըստ պարոն Զաքարյանի, արտահանվող դեղերն այդ երկրներում գրանցվել են իրենց հատուկ ֆոնտով, գույնով, փաթեթավորմամբ եւ այլն, եւ եթե մի հատ դեղ այդ երկիր ներմուծվի ու վրան լինի հայկական դրոշմապիտակ, սա լուրջ խնդիր է:

Սամվել Զաքարյանը նաեւ նշեց, որ այսօր ընկերությունները չեն հասցնում դրոշմապիտակավորած դեղեր առաքել բուժհաստատություններին, քանի որ պիտակները հոկտեմբերի 31-ին են տվել, իսկ ամբողջը հնարավոր չէ կարճ ժամանակում դրոշմապիտակավորել:

Մեր հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե օրենքն, ըստ ներկայացվածի, խոչընդոտ է ոլորտի զարգացման համար, պարոն Զաքարյանն ասաց, որ նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, ու տարբեր գերատեսչության ղեկավարներին. չի բացառվում, որ նույնիսկ ցույցեր կլինեն:

«Վարչապետի մոտ հանդիպել ենք` մասնավոր հատվածը, ֆինանսների ու առողջապահության նախարարություններից, մեր բոլոր արգումենտներին, ֆիննախն ասաց` օրենք է, մտածեք, թե ինչպես կարող եք աշխատել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930