Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ապրանքները ՌԴ-ում բելառուսական խոչընդոտների են հանդիպում (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2014 16:21

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունում է սահմանամերձ համայնքների բիզնեսին հարկերից ազատելու վերաբերյալ օրենքն ու ընտանեկան բիզնեսի մասին օրենքը:

Այսօր «Հայացք» ակումբում պարոն Մակարյանն ասաց, որ այս օրենքներն, ըստ էության սոցիալական խնդիրներ են լուծելու. ընտանեկան բիզնեսին 45 հազար դոլար շրջանառությունից ազատելն ու սահմանամերձ գյուղերի բիզնեսին չհարկելով` աշխատատեղերի ստեղծման, միգրացիոն հոսքերի կանխարգելման խնդիրներ են լուծելու:

Կառավարության` ստվերի դեմ պայքարը Գագիկ Մակարյանը համարեց անարդյունավետ. «Կյանքը ցույց տվեց, որ մենք չենք կարողանում էականորեն պայքարել ստվերի դեմ: Համեստ, օպտիմալ հաշվարկներով, ամեն տարի 1 միլիարդ դոլարի ստվեր կա, իսկ եթե ստվերից հավաքում էլ են, գտնում եմ, որ չնչին բան են հավաքում, 10-20 միլիոնը քիչ է: Ստվերում եղած գումարը, իսկ կան կանխատեսումներ, որ նույնիսկ 2 միլիարդ է, սա այն պոտենցիալն է, որը կարող էր ուղղվել այլ ոլորտների զարգացմանը»:

2015 թվականի բյուջեին անդրադառնալով, պարոն Մակարյանը նկատեց, որ բյուջեի նախագծում ներառված չեն վերջին միջազգային զարգացումները` Ուկրաինա-Ռուսաստան խնդիրները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը. «Այսինքն` մենք ռիսկերը կարծես թե բաց ենք թողել, ռիսկերը կարծես թե չեն տեսնում, բյուջեում ռիսկերի կառավարումը չեն դրել ընդհանուր կոնցեպցիայի մեջ: Ես երեկ զրուցել եմ պահածո արտադրողների հետ, նրանց համար Ռուսաստանի շուկան աստիճանաբար դառնում է անկանխատեսելի, որոշ ընկերություններ առաքումները կատարել են, բայց չեն կարողանում գումարը ստանալ, կամ ստանում են այն կուրսով, որով տուժում են, ռուբլի-դոլար 40 % ինֆլյացիա կա»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նկատեց, որ Ռուսաստանում, կապված պատժամիջոցների եւ այլ պատերազմական իրավիճակի հետ, տնտեսությունում էլ խնդիրներ կան, նավթի գներն են նվազել եւ այլն, այս ամենը հանգեցնում է աշխատատեղերի կրճատմանը, Հայաստան տրանսֆերտների նվազմանը:

Գագիկ Մակարյանի ներկայացմամբ` վերամշակող ընկերությունները դժգոհում են գյուղմթերքների գներից, կոնյակ արտադրողները` խաղողի գներից, կաթնամթերք արտադրողները` կաթի գներից, այսինքն գյուղացին, տրանսֆերտներին պակասելուն զուգընթաց փորձել է եկամուտը գտնել կամ բերքատվության ավելացմամբ, կամ` բերքի թանկացմամբ. «Հիմա ո՞ր խնդիրն ենք արագ լուծելու, եկող տարվա բյուջեն թո՞ւյլ է տալու գյուղատնտեսական աջակցման ծրագրերի, գյուղատնտեսական տեխնոլոգիաների մոդերնիզացիայի շնորհիվ բերքատվություն բարձրացնել, եթե ոչ, գյուղացին կգնա գների բարձրացմանը»:

Պարոն Մակարյանը վստահեցրեց, որ հայկական արտադրողներն, այսպես ասած` բելառուսական խոչընդոտների են հանդիպում ռուսական շուկայում. այսինքն՝ ռուսական շուկան գրավել են բելառուսական մրցունակ ապրանքները:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930