Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր հարկատուները նման են շերեփուկի». Վազգեն Սաֆարյան

Նոյեմբեր 05,2014 16:08

«Ամեն տարի ապահովելով 4-5 % ՀՆԱ-ի աճ, չենք կարող լուծել մեր հասարակության առջեւ կանգնած խնդիրները` կասեցնել արտագաղթը, աշխատատեղեր կտրուկ ավելացնել եւ ապահովել ռեալ երկկայուն արժանապատիվ կենսամակարդակը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այսպես ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա, խոսելով տնտեսության զարգացման հեռանկարների մասին, առաջարկեց արմատական բարեփոխումներ անել ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ. «Պետություն-մասնավոր գործընկերությունը պիտի դառնա առավելագույն գործառույթ, արդյունաբերության նկատմամբ տարվող քաղաքականությունը պետք է ակտիվացվի, քանի որ կա արդյունաբերության աջակցության հիմնադրամ, որը բավականին լուրջ դերակատարություն ունի եւ 3%-ով սուբսիդավորում է վարկերը»:

Ըստ նրա, ապրանքների սետիֆիկացումը, մեր ապրանքների միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը դրական քայլեր են, սակայն պարոն Սաֆարյանը գտնում է, որ ոլորտը զարգացնելու համար պետք է միջոցներ հատկացնել:

Ինչ վերաբերում է աճող արտաքին պարտքին, ապա Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այն կրկին մեծանալու է եւ կազմելու է 5 մլրդ դոլար, ինչը լուրջ ճնշում է առաջացնելու մեր տնտեսության վրա: Ըստ նրա՝ արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի համամասնությունը կկազմի մոտ 49%, ինչը վտանգավոր սահմանագիծ է:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեծացնենք ՀՆԱ-ն, իսկ դա արվում է մեզանում նոր արդյունաբերական օբյեկտների գործարկումով` «Նաիրիտի», Զանգեզուրում պղնձամոլիբդենային կոմբինատի, պղնձաձուլարանի կառուցմամբ եւ քիմիամետալուրգիական կոմբինատի ստեղծմամբ, որոնք շեշտակիորեն կմեծացնեն մեր ՀՆԱ-ի մեծությունը եւ կփոքրացվի այս համամասնությունը»,-ասաց պարոն Սաֆարյանը:

Նրա խոսքերով, աշխատանքներ են տարվում նաեւ Զանգեզուրում պոչամբարների 60 տարվա արտադրական թափոնների վերամշակման ուղղությամբ, որը ՀՆԱ-ին կբերի լուրջ ներդրում` ապահովելով 15-20% ՀՆԱ-ի աճ, եթե կառուցվի քիմիամետալուրգիական գործարանը:

Անդրադառնալով ՀՀ դրամավարկային քաղաքականությանը` նա նշեց, որ Կենտրոնական բանկը, սղաճը զսպելու նպատակով, շարունակ զսպում է նաեւ դրամի եւ դոլարի հարաբերությունը, ինչն էլ չի նպաստում տնտեսության զարգացմանը:

Փոքր ու միջին բիզնեսին անդրադառնալով՝ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ եթե մի երկրում ծառայություն մատուցողները խոշոր հարկատուներ են համարվում, ապա դա նշանակում է, որ այդ տնտեսությունը կարող է վատ զարգանալ, ուստի շեշտը պետք է լինի արդյունաբերության վրա: Ըստ նրա, այսօր Հայաստանում 10 խոշոր հարկատուները հիմնականում ծառայություն մատուցողներն են. «Խոշոր հարկատուները նման են մի երեւույթի, որը շերեփուկի տպավորություն է թողնում` խոշոր գլուխ, փոքր մարմին. «Իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերը, բողոքի ակցիաներ անցկացնելուց բացի, կենտրոնանան իրենց բիզնեսի զարգացման վրա»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930