Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնական ֆիլմերի փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 7-ից 11-ը՝ Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում

Նոյեմբեր 05,2014 16:06

Արդեն 4-րդ տարին է՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ «Հիկարի» կենտրոնը իրականացնում է Ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս տարի փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 11-ը : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Փառատոնին ներկայացվելու է 5 ճապոնական ֆիլմ: Փառատոնը կանցկացվի միանգամից երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում: Նոյեմբերի 7-ից 9-ը ֆիլմերը կցուցադրվեն Երեւանում, նոյեմբերի 10-ին՝ Գյումրիում, իսկ նոյեմբերի 11-ին՝ Էջմիածնում:

Կարինե Փիլիպոսյանը ներկայացրեց, որ այս տարի նորարարություն է լինելու փառատոնի ժամանակ. «Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի հետ եկել ենք համաձայնության այն մասին, որ կինոյի ֆակուլտետի ուսանողները ոչ միայն կդիտեն ֆիլմերը, այլեւ փառատոնի ավարտին նրանք քննարկումների եւ բանավեճերի միջոցով կկարողանան կիսվել միմյանց հետ մտքերով»:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության տեղակալ Արամ Գյուրջյանը ասուլիսին նշեց, որ ճապոնական ֆիլմերի փառատոնը ե՛ւ ապահովում է միջմշակութային երկխոսությունը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ, ե՛ւ նպաստում է մշակութային կյանքի ապակենտրոնացմանը դեպի մարզեր:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Սասամե Կենիչիրոն էլ իր խոսքում հույս հայտնեց, որ հաջորդ տարի՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումից հետո, հայ-ճապոնական հարաբերությունները ավելի կամրապնդվեն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դեկան Անետա Երզնկյանն էլ անդրադառնալով ճապոնական ֆիլմերի բովանդակությանը՝ նշեց, որ դրանք միշտ առանձնանում են իրենց գեղագիտական ուրույն ձեռագրով. «Արագ կերակուրի նման ստեղծված բլոկբաստերները հնարավորություն չեն տալիս մտածելու եւ խորհելու, մինչդեռ այս ֆիլմերն այդ հնարավորությունը ստեղծում են: Ֆիլմերը հիմնականում մարդկային հարաբերությունների մասին են, շատ նուրբ ձեւով պատրաստված»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930