«2007 թվականի օգոստոսի 22-ին «Արմենտելը» մեզ կանչում է կենտրոնական վարչության շենք եւ տեղեկացնում է, որ ազատված ենք աշխատանքից՝ առողջական վիճակից ելնելով»,- այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Արմենտել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Գեղամ Ներսիսյանը:
Նա նշեց, որ մինչ այդ ընկերության 683 աշխատակիցները «Մեդէպ» կենտրոնում բուժզննում են անցել: Բուժզննման արդյունքում պարզել են, որ Գեղամ Ներսիսյանը տեսողության հետ խնդիրներ ունի: Նա հավելեց, որ այդ բուժզննման պատճառով՝ աշխատանքից ազատվել է ընկերության 101 աշխատակից. «Բժշկական եզրակացությունը, փաստորեն, կազմված է լինում օգոստոսի 22-ին, հրամանը տրված է լինում օգոստոսի 22-ին, իսկ մեզ օգոստոսի 20-ին ասել են՝ եկեք օգոստոսի 22-ին ձեզ աշխատանքից ազատում ենք: Տեղի է ունեցել աշխատանքային օրենսգրքի խախտում. Գործատուն պարտավոր էր երկու շաբաթ առաջ իր աշխատակիցներին տեղեկացնել, որը չի կատարվել»:
Աշխատանքից ազատված աշխատակիցները դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն նրանց հայցը մերժվել է. «Մեզ ոչ մի փաստաթուղթ, անգամ եզրակացության ակտը չէին տրամադրում, պատճառաբանում էին, որ դա ընկերության գաղտնիքն է: Այդ պատճառով մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գաղտնիք է, դիմեցինք այդ բժշկական կենտրոնին, նա էլ մեզ բացասական պատասխան տվեց»:
Սպառելով Հայաստանում բոլոր ատյանները, աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն պատասխան են ստացել, որ իրենք բոլոր ներպետական միջոցները չեն սպառել: Աշխատակիցները երկրորդ անգամ են դիմել առաջին ատյանի դատարան՝ բժշկական եզրակացություն վիճարկելու համար: Այս անգամ էլ դատարանը մերժել է աշխատակիցների հայցը. «Այդ ընթացքում ես դիմել էի առողջապահության նախարարություն՝ համոզվելու համար՝ իրավասու է «Մեդէպ» ՍՊԸ-ն զանգվածային բժշկական հետազոտություն անցկացնել եւ դրա արդյունքում մարդկանց ազատեն աշխատանքից: Ստացա պատասխան, որ ՍՊԸ-ին տրված են եղել մի քանի վարույթներ անցկացնելու իրավունք: Ինքը կոնկրետ ակնաբուժական հետազոտություն անելու իրավասություն չի ունեցել: Բազմաթիվ մարդկանց աշխատանքից հեռացրել են աչքի հետազոտության արդյունքում»:
Կրկին անգամ աշխատակիցների հայցը մերժվել է Հայաստանի բոլոր ատյաններում, եւ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, որն էլ նույն պատասխանն է տվել: Գեղամ Ներսիսյանը դիմել է նախագահին, վերջինս էլ գործն ուղարկել է ոստիկանության գլխավոր վարչություն: Վարչությունն էլ իր հերթին գործն ուղարկել է դատախազություն: Իր տեսողությունը ստուգելու համար Գեղամ Ներսիսյանը դիմել է նաեւ Մալայան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ ինքը տեսողության հետ խնդիրներ չունի. «Երեք ամիսը մեկ նման ստուգումներ են անցկացվել: Փաստորեն, «Արմենտելը» արհեստական ձեւով ՍՊԸ է ստեղծել իր սեւ գործն արել է եւ լուծարել է այն: Մոտ երկու հազար աշխատակից ստուգումների արդյունքում ազատվել է աշխատակից»:
Aravot.am-ը կփորձի զրուցել նաեւ «Արմենտել» ՓԲԸ-ի ներկայացուցչի հետ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ