Անհայտ վարպետի կողմից ստեղծված 17-18-րդ դարերի գոբելենը, որը Հայաստանի ազգային պատկերասրահին ոչ բարվոք վիճակում տրվել էր 1930 թվականին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի կողմից, ռեստավրացվել է: Այս մասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հաշվետու ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Գոբելենը վերանորոգման է հանձնվել հայ բարերար Մուշեղ Չալոյանի հովանավորությամբ. «Այն տարիների ընթացքում արդեն քայքայվել էր եւ խիստ վերանորոգման կարիք ուներ: Այն 2013 թվականի հուլիս ամսից մինչեւ 2014 թվականի հոկտեմբերը հանձնվել էր ֆրանսիական Maubeuge Tapis կազմակերպությանը վերանորոգման համար»:
Աշխատանքը արդեն վերանորոգված տարբերակով կցուցադրեն մշտական հավաքածուում:
Ամփոփելով 2014 թվականի արդյունքները, Փարավոն Միրզոյանը նշեց, որ տարին դեռ չի ավարտվել, սակայն պատկերասրահի այցելուների թիվը հասնում է արդեն մոտ 70 հազարի: Տարվա ընթացքում պատկերասրահում կազմակերպվել է 12 ցուցահանդես: Նա նաեւ առանձնացրեց, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու ստեղծագործությունների հավաքածուն ցուցադրվեց Լեհաստանի Սոպոտ քաղաքում. «Մյուս ցուցահանդեսը, որ կցանկանամ առանձնացնել՝ 19-20-րդ դարերի Արեւմտաեվրոպական գծանկարի ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը շատ հաջողված էր: Այս տարվա մեջ նաեւ մեզ են նվիրել Դալիի եւ սյուրռեալիզմի մի շարք ստեղծագործությունները, սա շատ եմ կարեւորում, քանի որ առաջին անգամ է մեր պատկերասրահը համալրվում նման հավաքածույով»:
Պրն Միրզոյանը նաեւ առանձնացրեց ծագումով հայ Լեհաստանում բնակվող նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանն էլ անդրադառնալով պատկերասրահի 2015 թվականի գործունեությանը, տեղեկացրեց, որ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունենալու Գեորգի Յակունովի ցուցահանդեսը: Նաեւ հաջորդ տարի մեծ ցուցահանդես կլինի՝ նվիրված 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ