Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Ազգային ժողովում կիրակի՝ նոյեմբերի 2-ին, տեղի է ունեցել Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Զարուհի Փոստանջյանը այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի օրակարգը դեռ չհաստատած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմում է ներկայացրել, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ. «Հանձնաժողովը, խախտելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, կոպիտ խախտումներով՝ առանց նիստի օրակարգը հաստատելու՝ միանգամից անցավ այդ հարցի քննարկմանը եւ որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնփակ: Մինչդեռ, դռնփակ նիստ անցկացնելու համար կա օրենքով սահմանված կարգ, բացառություններն էլ մի քանիսն են, որոնց թվում պարոն Արզումանյանի հիմնավորումը՝ սուր հարց է, պետք է քննարկենք, օրենքով նախատեսված չէ»:
Նա նշեց, որ նիստին հրավիրված արցախցի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, որը նիստին մասնակցելու եւ իր կարծիքն արտահայտելու ցանկություն ուներ եւ ներկա գտնվող լրագրողը հնարավորություն չունեցան նիստին մասնակցելու. «Այդ էր խնդիրը, որպեսզի նիստը չլուսաբանվի, եւ Արցախի ԱԺ պատգամավորը հնարավորություն չունենա նիստին մասնակցելու եւ կարծիք հայտնելու: Եթե պետք է տեղի ունենար արտագնա նիստ, եւ նիստին իմ ներկայացած հարցը պետք է քննարկման առարկան լիներ, եւ հրավիրված անձինք մասնակցելու հնարավորություն չէին ունենա, ապա այդ արտագնա նիստը ուներ հատուկ նպատակ, որը չի համապատասխանում ժողովրդավար պետության գործելաոճին: Բնական է, մենք գիտենք, թե ինչպիսին է Հանրապետական կուսակցությունը, բայց պետք է ցավով նշեմ, որ այս խախտմանը աջակցում էին նաեւ այլ ներկայացուցիչներ եւս, որոնք որպես ընդդիմություն են ներկայանում»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նիստի ընթացքում խոսել են Ալեքսանդր Արզումանյանը եւ Նաիրա Կարապետյանը: Նախագիծը ստացել է ոչ դրական եզրակացություն:
Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի կետերն են՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, բացառել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի, սահմանապահ, մաքսային եւ այլն: Բացառել ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորում որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ